Քաղաքաշինության նախարարը՝ ամեն ինչի եւ ոչնչի մասին

09/02/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց 2012թ. ոլորտի գերակա խնդիրները:

Դրանք հետաքրքիր են, առաջին հերթին, նրանով, որ շարքային քաղաքացու տեսածն ու նախարարի շուրթերից լսածը, մեղմ ասած` խիստ կոնտրաստային են: Քաղաքաշինության նախարարի խոսքով` իրենք բավականաչափ աշխատանք են կատարել, շինարարական ոլորտում անկում չի գրանցվել, ավելին` 2012թ. առանձնացրել են գերակա խնդիրներ, որոնք են` 1. Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային դասակարգման սանդղակում առնվազն 5 քայլով Հայաստանի դիրքի բարձրացում, 2. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած անձանց բնակարանային ապահովում, 3. Շենքերի եւ շինությունների անվտանգությանը, սեյսմակայունությանը եւ էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացում: Նախարարը, սակայն, նախընտրեց կատարած աշխատանքների մասին խոսել լրագրողների հարցերի միջոցով, ինչպես նաեւ նախապես զգուշացվեց` ընտրություններին վերաբերող հարցեր չտալ: Ինչեւէ, յուրաքանչյուր հարցին նախարարը գրեթե նույն պատասխաններն էր տալիս` համապատասխան քայլեր են ձեռնարկվում, հայեցակարգ են մշակում, եւ այլն, եւ այլն: Օրինակ, նախարարն ինքն էլ հաստատեց, որ Հայաստանում սեյսմիկ ռիսկերը առավելագույնին են հասել, ավելին` տեղեկացրեց, որ այդ մասին քննարկել են Կառավարությունում, որի արդյունքում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել: Իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակվել քաղաքաշինության նախարարը: «Առաջարկություն կա, որ բազմաբնակարան շենքերի վերնահարկերում կառուցենք նոր կառույցներ, որոնք բավականին մեղմելու են սեյսմակայունության վտանգը: Կարծում եմ` մոտակա 1-2 ամսում կունենանք հստակ հայեցակարգ, ժամանակակարգ, եւ 2013թ. կնախատեսենք համապատասխան միջոցներ` աշխատանքները սկսելու համար»,- նշեց քաղաքաշինության նախարարը, ում խոսքերը, սակայն, այդպես էլ անհասկանալի մնացին լրագրողներից շատերի համար: Ի վերջո, գոնե մինչ օրս Կառավարության ստեղծած որեւէ հանձնաժողով որեւէ խնդրի լուծում չի տվել, բացի պետբյուջեով փող «ուտելու հայեցակարգային քայլերից»: Նույնը վերաբերում է աղետի գոտու շինարարությանը: Քաղաքաշինության նախարարության տվյալներով` 2008-2010թթ. իրենք լուծել են Շիրակի, Լոռու եւ Տավուշի` երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 1711 ընտանիքների բնակարանային խնդիրները, իսկ 2011թ., ինչպես նախարարությունն է փաստում, ՌԴ-ի վարկային միջոցների հաշվին` մոտ 26 մլրդ դրամով նախատեսված 3223 բնակարանների շինարարությունն ընթացք է ստացել, իսկ 2012թ.. էլ նախատեսված է բարելավել 1500 ընտանիքի բնակարանային պայմանները: Մեր այն հարցին, թե նախարարությունն ունի՞ վիճակագրական տվյալներ, թե այս պահին աղետի գոտում կառուցված բնակարանների քանի՞ տոկոսն են, մեղմ ասած` թերացումներով կառուցվել, Վ. Վարդանյանը պատասխանեց. «Նախորդ տարիների դառը փորձից ելնելով` հիմա նմանատիպ աշխատանքների վրա ավելի մեծ վերահսկողություն են իրականացնում, որպեսզի նմանատիպ դեպքեր չլինեն: Վիճակագրության համար կարող եք գրավոր հարցում ներկայացնել «Գլենդել Հիլզին», եւ այն հստակ պատասխան կտա, թե քանի՞ բնակարաններում եւ ի՞նչ թերություններ է վերացրել: Եթե հիշում եք, մենք, դրանից ելնելով, հստակ հանձնարարական եւ պարտավորություն դրեցինք շինարարական կազմակերպության վրա, որ 1 տարվա կտրվածքով նմանատիպ թերություններ, եթե լինում են, իրենց միջոցների հաշվին վերացնեն: Եվ ես գիտեմ, դեպքեր կան, ինքս էլ եմ ականատես եղել, որ թերություններն իրենց իսկ միջոցներով վերացվել են: Դուք դա եք ասում, բայց հակառակն էլ կա: Բնակիչն էլ է իր միջոցներով, անփութությամբ բնակարանին մեծ վնասներ տվել: Ու բնական է` այդ աշխատանքները մենք չենք իրականացնում»: Ստացվում է այնպես, որ աղետի գոտու բնակչի անփութության հետեւանքով է, որ շենքի հենքը սկսում է փտել, տանիքը փուլ է գալիս, եւ մի շարք այլ դեպքեր, որոնք բոլորս էլ լա՜վ հիշում ենք: Ինչեւէ, մեր հաջորդ հարցը վերաբերում էր «կանաչ քաղաքաշինության» սկզբունքին, բնական լանդշաֆտների պահպանմանը: Փորձեցինք նախարարից հետաքրքրվել, թե քանի՞ այգի է փրկվել բետոնապատումից: Քաղաքաշինության նախարարը նախ կրկին մեջբերեց կառավարության մի քանի որոշումները` նշելով, որ բավական փոփոխություններ են կատարվել նաեւ այդ ուղղությամբ, եւ, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում կանաչ տարածքների ընդլայնմանը, ապա ասաց. «Հիմա թվերը չեմ հիշում, բայց կարող եմ ասել, որ միայն 2011թ. նախարարությունը հատուկ կարգավորման օբյեկտներում, երբ նախագծերը պետք է համաձայնեցնեն մեզ հետ, նաեւ մարզերից եկած գրություններ, որոնք մերժվել են, եւ հատկապես մեխը դնելով, որ շինարարությունը գտնվում է կանաչ գոտում, եւ բնականաբար, այդ գոտում ոչ մի քաղաքաշինական գործունեություն իրականացնել արգելվում է»: Նախարարի փոխանցմամբ` իրենք համագործակցում են նաեւ Երեւանի քաղաքապետի հետ` նոր զբոսայգի կառուցելու համար: Մեր այն հարցին, թե նախարարությունը հետեւո՞ւմ է Երեւանի Աբովյան փողոցի բուտիկների տեղահանման, դրանց կանաչապատ տարածք տեղափոխելու գործընթացին, եւ այն, որ մի քանի բուտիկներ տեղադրվել են բնակելի շենքերի բակերում, որտեղ ակտիվ կառուցապատում է սկսվել, նախարարը պատասխանեց. «Մեր իրավասությունը միայն այն կլինի, երբ մենք տեսնենք, որ տվյալ տեղում անօրինական ինքնակամ շինություն է իրականացվում, մեր պետական տեսչության կողմից գնանք դադարեցնենք»: Ի դեպ, նախարարից մենք հետաքրքրվեցինք նաեւ վերջերս բավական ակտիվ խոսակցությունների տեղիք տված «Նոյան տապան» նախագծի, մասնավորապես, դրա սեյսմակայունության վտանգի մասին: «Հիմա ես չեմ կարող ասել, թե սեյսմիկ ռիսկայնությունը ո՞նց է, ո՞ր աստիճանի, որովհետեւ չունենք նախագիծ, չգիտենք, թե ի՞նչ է կառուցվելու, ի՞նչ ծավալով եւ արդյոք կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ: Մինչ օրս հստակ որոշում դեռ չկա»,- նշեց նախարարը: