«Չենք ասում, ինչքան գիտենք»

25/11/2005

«Սլավիկ Չիլոյանն իր կարճ կյանքը՝ ընդամենը 35 տարի (մինչեւ 1975թ. նոյեմբերի 22-ի սառը, անձրեւոտ առավոտը) ապրեց որպես Պոեզիա, որն ավելի հետաքրքիր էր, քան իր գրած պոեզիան, ինչը սեփական կյանքի դալուկ արտացոլումն էր միայն: Մի տեսակ՝ «բանավոր հանճար», որոնցից մի քանիսը դեգերում էին այն տարիների Երեւանում: Ստեղծագործելով շուրջ 13 տարի, նա ինքզինքը մինչեւ վերջ էլ լուրջ չընդունեց որպես բանաստեղծի, ավելի շատ համարելով իրեն թարգմանիչ, եւ ապրելով իր կյանքն առանց որեւէ հավակնության: Հիմա հեշտ է այդպես ասելը, որովհետեւ դա «կյանք էր հերթական», բայց դեռեւս իր կենդանության օրոք գաղտնատես քչերին գոնե հայտնի էր, որ հանրության աչքի առջեւ իրագործվում էր մի կենսական դրամա, որն ավելին էր, քան բանաստեղծությունը…»,- սա հատված է վաղամեռիկ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի «Չենք ասում, ինչքան գիտենք»` օրերս հրատարակված բանաստեղծությունների ժողովածուի առաջաբանից, որի հեղինակն է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը՝ Չիլոյի մտերիմ ընկերներից մեկը: Գիրքը հրատարակել է «Արեւիկ» հրատարակչությունը:

Բանաստեղծի մահվան 30-ամյակի առթիվ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ շուտով «Առագաստ» սրճարանում կտեղադրվի հուշատախտակ:

Սլավիկ Չիլոյանին նվիրված հրապարակումը կարող եք կարդալ մեր թերթի հաջորդ համարում:

Ն.Ա.