Պե՞տք էր ԲՀԿ-ին իրադրության սրումն այս պահին

09/02/2012

ԲՀԿ-ի փետրվարի «դեմարշը»՝ ԱԺ-ում «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրինագծի անցկացումը վիժեցնելու հաջողված փորձի հետ կապված, ազդարարեց նախընտրական պայքարում նոր փուլի սկիզբը։ Ակնհայտ է, որ իշխող ՀՀԿ-ն, որի ամենազորությանը, գուցե իր իշխանության ողջ ընթացքում առաջին անգամ, խոշոր հարված է հասցվել, սա չի կարող ներել։ Սակայն մեզ մոտ քաղաքականության խորապես անձնավորվածության պատճառով առավել հետաքրքիր են լինելու կուսակցության ղեկավար եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքները։ Նա սովորաբար իր քայլերից առաջ սպասելու սովորություն ունի, բայց որ իրադրությունը ոտնակոխում է դեպի նոր որակի անթաքույց պայքար` դա հաստատ է։ Եթե Սերժ Սարգսյանը կուլ չտա այս միջադեպը, այն վերածվելու է քաղաքական խոշոր շրջադարձի։

Ի՞նչ է նշանակում իր խորքում վաղուց սպասված այս շրջադարձը։

Նախ` իսկապես, կառավարության մշակած օրինագիծն այս պահի համար հրատապ համարել չի կարելի. այստեղ ակնհայտ քաղաքական թուլամտության տարրեր են գծագրվում։ Նախընտրական շրջանում ավելի սոցիալական, պոպուլիստական նախաձեռնություններով է ընդունված հանդես գալ ամենուր։ Մինչդեռ բերված օրինագիծը հարվածելու էր փոքրիշատե զգալի գործարքներ կատարելու պատրաստվող բոլորին, նույնիսկ օգտագործված մեքենա գնողների զգալի մասին դրանով պարտադրվում են լրացուցիչ գործարքներ բանկերում, իսկ հայտնի է, որ բանկերն էլ 10 հազար դոլարից ավելի գումարների համար իրենց հերթին հատուկ հաշվետվություններ եւ բացատրություններ են պահանջում։ Բնական հարց է առաջանում՝ մի՞թե բանկերին լրացուցիչ հարստացնելու այս էգոիստական առաջարկը հնարավոր չէր հետաձգել գոնե մի քանի ամիս։

Սակայն չի կարելի այս միջադեպը բացատրել միայն այս նեղ հարցի շուրջ այն հատուկ «սկզբունքայնությամբ», որ ներկայացրեց ԲՀԿ-ն։ Այստեղ ուրիշ, ավելի բարձր մակարդակի քաղաքականություն է գործում։ Դեռ այս իշխանության կազմավորման սկզբին էր վերլուծաբանների կողմից կարծիք հայտնվել, որ Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական հակառակորդը ԲՀԿ-ն է լինելու, դա փաստված է։ Սակայն իշխանության երկփեղկված, հաճախ՝ ոչ ամենեւին ադեկվատ քաղաքականությունն ինքը նպաստեց այս վարկածի վերջնական իրականություն դառնալուն։ Այն կասկածամտությունը, անվստահությունը, «վհուկների» փնտրտուքը, յուրայինների ու օտարների բաժանումը, բոլորին բոլորի դեմ հանելու ձեռագիրը, որ մտավ պետական քաղաքականության մեջ իշխանության հաստատումից անմիջապես հետո, ոչ միայն պետք է վերջնականապես չորացներ համագործակցության ծիլերը, այլեւ ջլատեր իշխանությունն իր իսկ ներսից։ Ճիշտ է, այսօր, ակնհայտ վտանգի առջեւ, առժամանակ դադարեցվել է «ծերերին խփելու» կարգախոսը իշխանության ներսում, սակայն ո՞վ չգիտի, որ աստված տա՝ հաջող ընտրությունների դեպքում «հեղափոխությունը խժռելու է իր իսկ զավակներին», որոնք սրանից չորս տարի առաջ ջանադրաբար եւ անկեղծ նվիրվածությամբ իշխանության բերեցին իրենց առաջնորդին։ Միանշանակ չէ նույնիսկ «երիտասարդացման» ինովացիոն քաղաքականությունը։ Գործերի «բարեհաջող» դասավորության դեպքում առաջին հերթին օստրակիզմի են ենթարկվելու նաեւ միայն ինքնուրույն աշխատանքի եւ ընդունակությունների շնորհիվ առաջ գնացած, եւ այդպիսով համապատասխան շրջանակներում աններելի խանդի օբյեկտ դարձած «չդոնդողված» երիտասարդները։ Այսօր նույնիսկ անորոշ է, թե «նոր էշելոնի» ներկայացուցիչ վարչապետի՞ն է վստահվելու ընտրապայքարի կազմակերպումը, թե՞ արդեն «հին», «նախկին» պիտակներով օծված ԱԺ նախագահին։ Եթե 4 տարվա տնտեսության փլուզումը վերեւների կողմից միանգամայն ներելի կարող է համարվել այս պարագայում, ապա ընտրությունների ձախողման վտանգին նրանք ակնհայտորեն չեն գնա` ելնելով «սեփական կաշին ավելի մոտ է» հայկական ամենազոր սկզբունքից։

Պարզ է, որ ԲՀԿ-ն առաջինը պետք է օգտվեր այս իրադրությունից` ինչ-որ տեղ նույնիսկ ստիպված լինելով սեփական խաղը տանել` նախաձեռնությունն այլոց չհանձնելու համար։ Եթե դա նրան չներվի` ԲՀԿ-ի միավորումը էլ ավելի դաժանորեն «քցված» ՀԱԿ-ի հետ ի վիճակի է բազմապատկել վտանգներն իշխանության համար։ Այս պայմաններում իրենց վրա պատասխանատվություն չվերցնող, անփորձ եւ հավակնոտ շրջանակները նախագահին անպայման դրդելու են կոշտ մեթոդների գնալ, սակայն դա այս պահին մեծ հավանականություն չունի, կարծում ենք՝ առավելագույնը՝ կարող են հեռացվել ԲՀԿ նախարարները։ Դրանից այն կողմ (այսպես կոչված` «միկրոերեսունյոթ թվականի» ստեղծումը) ավելի մեծ վտանգներ է խոստանում։

Ո՞րն է հավանական ելքը։

Իհարկե, իշխանությունը համոզված է, որ հաղթանակը դարձյալ իր կողմն է լինելու՝ իշխանական ռեսուրսների շնորհիվ։ Այստեղ հասունանում է հերթական մեծ սուտը՝ ամենաարդար ընտրություններ, որ գրվելու է Դիլիջանը բանկիրների կենտրոն, Հայաստանը նանոտեխնոլոգիաների երկիր դարձնելու, համաշխարհային ճգնաժամը հօգուտ Հայաստանի զարգացման օգտագործելու եւ այլ խաբեությունների շարքին։ Հենց միայն այն, որ այսպես է ասվել, ժողովուրդն արդեն սովորել է միշտ ասվածի հակառակը հասկանալ։ Իշխանության վերարտադրությունը շատ ավելի դժվար գործ է լինելու, քան 2008-ին` այսօր վիրուսների ներարկման շնորհիվ իմունիտետը զգալիորեն կորցրած Հանրապետականի պայմաններում։ Մյուս հետեւանքների մասին չենք խոսում։

Երկրորդ ուրվագծվող տարբերակը ներկայանում է այսպես՝ ԲՀԿ-ն հարաբերական մեծամասնություն է ձեռք բերում եւ նշանակում սեփական վարչապետին։ Սա ձեռնտու է ավելի լայն շրջանակների, այդ թվում` լուրջ էքսցեսներից եւ բախումներից զգուշացող հանրությանը եւ վերջին հաշվով՝ նաեւ նախագահական հիմնական դիրքը պաշտպանող Սերժ Սարգսյանին։ Պարզապես պիտի մի շարք կորուստներ տա, այդ թվում՝ նախագահական բացարձակ իրավասությունների սահմանափակումը, որ ուժի մեջ է մտնում Սահմանադրությամբ հաջորդ տարվանից, ինչպես նաեւ՝ զոհի 18-ին սեփական հայեցողությամբ իշխանության ժառանգման հարցը տնօրինելու («արքայական ինֆանտի») գաղափարը։

Երրորդ հիմնական տարբերակը հեղափոխությունն է, որն առանձին խոսակցության նյութ է՝ ավելի պարզ եւ ուղղագիծ, ավելի ուսումնասիրված եւ ավելի վտանգավոր։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ