Ազատ, արդար ընտրությունները՝ որպես երկրի ապագա

09/02/2012

Արդար, ազատ, թափանցիկ ընտրություններն էական են յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակարգի համար: Հայաստանը բավականին մեծ ջանքեր է գործադրել այդ բնագավառում, բայց դեռեւս շատ աշխատանք կա անելու: Ըստ իս` խնդիրը ոչ միայն քաղաքական, այլեւ` տնտեսական է: Հայաստանի ընտրազանգվածը պետք է լիովին ընդգրկված լինի քաղաքական գործընթացների մեջ, նրան հնարավորություն պետք է տրվի մասնակցելու երկրի ապագայի կերտմանը: Եթե երկրի քաղաքացիները զգան, որ իրենց ձայնը հաշվի չի առնվում, եւ որ իրենք հնարավորություն չունեն մասնակցելու երկրի փոփոխությունների գործընթացին, բնականաբար, քվեարկությանը չեն ներկայանա: Եվ նրանք, ովքեր կկորցնեն իրենց հավատը, ովքեր կզգան, որ ոտնահարվում է իրենց ընտրական իրավունքը, անտեսվում` իրենց ձայնը, բնականաբար, կձգտեն հեռանալ Հայաստանից` այլ երկրներում ավելի լայն հնարավորություններ գտնելու համար:

Ահա թե ինչու է մեծապես կարեւոր (եւ այդ եզրահանգմանը մեզանից շատերը սեփական փորձով են եկել) ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, ինչը կարող է դառնալ ամուր հիմք` քաղաքական հետագա գործունեության, ժողովրդավարության կայացումն ապահովելու համար:

Ընտրությունները միջոց են ժողովրդի կողմից սահմանադրական իր իրավունքն իրականացնելու եւ ընտրությունների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու համար: Ընտրությունների գործընթացը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` ժողովրդավարության մակարդակը երկրում, ժողովրդավարական սկզբունքներով անցկացվող ընտրությունների փորձի, ավանդույթների առկայությունը եւ ժողովրդի իրավական ինքնագիտակցությունը: Եթե այս երեք խնդիրը միասնաբար, համակարգված լուծված չլինեն, մենք, մեր ժողովուրդը չի ստանա այն խնդիրների լուծումները, որոնք այսօր դրված են մեր երկրի եւ պետության առջեւ:

Առանց գույները խտացնելու` փաստենք նաեւ, որ ըստ Եվրախորհրդի մասնագետների եւ այլոց գնահատականների, մեր ընտրական օրենսդրությունը լավագույններից մեկն է համարվում Արեւմտյան Եվրոպայում: Սակայն, անգամ ամենալավ օրենսդրությունն, անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ արդար, ազատ ընտրությունների անցկացման համար: Որպեսզի ժողովրդի ձայնը դառնա որոշիչ, օրենքները պիտի կիրառվեն:

Ընտրություններին գիտակցաբար գնացող, իր ձայնը կարեւորող, ընտրական կոռուպցիոն երեւույթները մերժող, դատապարտող ընտրողը միայն կարող է ընտրություններից դրական փոփոխությունների ակնկալիքներ ունենալ:

Ընտրություններից ընտրություն փոփոխվող, անգամ կատարելագործվող կարծիքների մեխանիզմը չի գործի հանրային բարձր իրավագիտակցության առկայության պայմաններում: Իսկ այդ հանրության անդամները մենք ենք, եւ յուրաքանչյուրս դերակատարություն ունենք այս գործընթացում` լինենք ընտրական հանձնաժողովի անդամ թե վստահված անձ, թեկնածու թե դիտորդ, շարքային ընտրող թե քաղաքական գործիչ: Յուրաքանչյուրս` իր տեղում, իր գիտակից մոտեցմամբ, ժողովրդի ճակատագրի հանդեպ իր պատասխանատվությամբ պետք է ներազդի ընտրությունների արդար ընթացքի վրա: Ընտրությունները ներկայացուցչական ժողովրդավարության մի մեխանիզմ է, որի միջոցով ժողովուրդները ստեղծում են իրենց իշխանությունը: Իշխանություն, որ լուծում է ինչպես` ներքաղաքական, այնպես էլ` արտաքին քաղաքական խնդիրներ: Ներկայացուցչական ժողովրդավարության այս մեխանիզմն առայժմ մեզանում լուրջ ճաքեր ունի: Սա լուրջ մտորումների տեղիք է տալիս, թե ով է ժողովրդավարության հարցում շահագրգիռ այն սուբյեկտը, որի դերը պետք է մեծացնել ընտրական գործընթացներում: Հայաստանում ծանրակշիռ դեր ունի իր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը` առավել ժողովրդավարական հենքերով ընտրությունների անցկացումը: Ընտրությունների օրինականության ապահովումը ոչ միայն պետության, ընտրական իշխանությունների, քաղաքական ուժերի խնդիրն է, այլ մեր բոլորիս պարտականությունը: Ժողովրդավարությամբ առավել շահագրգիռ սուբյեկտն այսօր Հայաստանում ժողովուրդն է` հանձինս մեզ` շարքային ընտրողների, ընդգծեմ հատկապես` երիտասարդների, ուսանողների, ապագա մասնագետների, եւ մեր դերը մենք պետք է բարձրացնենք մեր երկրի համար իրոք բախտորոշող առաջիկա համապետական` թե խորհրդարանական եւ թե նախագահական ընտրություններում: Հայաստանում, եթե պատկերավոր արտահայտվելու լինենք, ընտրությունները պետք է դառնան հիրավի ժողովրդական եւ ոչ միայն պետական միջոցառում:

Ընտրությունները լուրջ «քննաշրջան» են ողջ հասարակության, քաղաքական ուժերի, հասարակության ժողովրդավարական ապագայով, առաջընթացով շահագրգիռ քաղաքացիական հասարակության, ընտրողներիս համար: Ընտրություններն այն կարեւորագույն չափորոշիչն է, որոնցով կարելի է առավելագույն ճշգրտությամբ գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների հաջողությունը: Չլինենք, ուրեմն, ընտրական գործընթացներից մեկուսի, պասիվ ու անարձագանք դիտողի դերում, գիտակցենք պատասխանատվության մեր բաժինը մեր երկրի ապագայի կերտման գործում:

Հարություն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Ընտրությունը քոնն է» հ/կ նախագահ