Ջակոմո Լեոպարդի «Ֆիզիկոսի եւ մետաֆիզիկոսի զրույցը»

09/02/2012 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Մետաֆիզիկոս. Եվ այդ պատճառով այդ ավելի քիչ տարիների վրա բաշխված ժամկետը բավում էր, որպեսզի դրանք լցնես, թողնելով շատ քիչ պարապ տեղեր, այնինչ կրկնակի երկար ժամկետը չէր բավականացնում, իսկ գործերն ու զգացողությունները, շնորհիվ իրենց առավել կենտրոնացման, եւ ուժի ավելի փոքր տարածության մեջ բավական էր լինում նրանց կյանքը զբաղեցնելու եւ կենդանացնելու համար, այնինչ մեր կյանքում, առավել երկար, հաճախ լինում են պարապության եւ կենդանի զգացողությունների բացակայության բավական մեծ շրջաններ: Եվ քանզի ոչ թե պարզապես գոյությունը, այլ լոկ երջանիկ գոյությունն է, որ ցանկալի է մեզ, եւ դա օրերի քանակով չի չափվում, խղճուկ է ինչ-որ մեկի ճակատագիրը, թե ոչ` ես եզրակացնում եմ, որ այդ ժողովուրդների կյանքը, որքան այն կարճ է, այնքան հարուստ է հաճույքներով կամ այն ամենով, որ այդպես է կոչվում, եւ այդ պատճառով արժանի է գերադասության մեր կյանքի համեմատ եւ նույնիսկ Ասորեստանի, Եգիպտոսի, Չինաստանի եւ Հնդկաստանի հինավուրց արքաների կյանքի հանդիման, որոնք, վերադառնանք առակներին, ապրում էին հազարավոր տարիներ: Այդ պատճառով ոչ միայն անտարբեր եմ անմահության հանդեպ եւ հաճույքով դա թողնում եմ ձկներին, որոնց այդ հատկությամբ է օժտում Լեւենգուկը, այն դեպքում, իհարկե, եթե նրանց չուտեն կամ մարդիկ, կամ կետաձկները: Դե, այն բանի փոխարեն, որ դանդաղեցնենք կամ ժամանակավոր ընդհատենք մեր մարմնի աճը, որպեսզի կյանքը երկարացնենք, ինչպես առաջարկում է Մոպերտյուին, ես կգերադասեմ կյանքը կարճացնելու միջոց գտնել եւ դարձնել որոշ միջատների կյանքի չափ, որ միօրեկան են կոչվում, որոնց մասին պատմում են, որ նրանց ամենածերերի կյանքն էլ մի օրից ավելի չի տեւում, եւ ընդ որում, նրանք մահանում են պապեր ու նախապապեր դարձած: Այդ դեպքում, ես կարծում եմ, մեզ ձանձրույթի համար ժամանակ չէր մնա: Դու ի՞նչ ես մտածում այդ դատողության մասին:

Ֆիզիկոս. Ես կարծում եմ, որ այն ինձ համար համոզիչ չէ, եւ եթե դու սիրում ես մետաֆիզիկան, ապա ես կողմնակից եմ իմ ֆիզիկային, այսինքն` ես ուզում եմ ասել, որ դու ամեն ինչ նրբորեն քննում ես, իսկ ես ամեն ինչ չափում եմ կոպիտ եւ բավարարվում եմ դրանով: Սակայն, ձեռքս մանրադիտակ չվերցնելով էլ, ես համարում եմ, որ կյանքը մահից լավ է, եւ խնձորը նրան եմ տալիս, թեպետ երկուսին էլ հանդերձներով եմ տեսնում:

Մետաֆիզիկոս. Ես էլ եմ այդպես համարում: Բայց երբ միտս է գալիս մի սովորույթը բարբարոսների, ովքեր, նշելով իրենց կյանքի յուրաքանչյուր դժբախտ օրը, մախաղի մեջ էին նետում սեւ քար, իսկ երջանիկ օրերը նշում էին սպիտակ քարով, ես ակամա մտածում եմ, թե որքան քիչ էին սպիտակ քարեր հայտնաբերում, եւ տիրոջ մահից հետո ինչ շատ էին լինում սեւ քարերը: Որքան ես կուզենայի տեսնել իմ առջեւ քարերը բոլոր այն օրերի, որ ինձ մնում է ապրել, եւ որպեսզի ինձ իրավունք տրվեր, ընտրելով դրանք, նետել բոլոր սեւերը, իմ կյանքից դուրս հանելով այդ օրերը, եւ թողնելով ինձ միմիայն սպիտակները, ես այդ իրավունքը կվերցնեի, նույնիսկ իմանալով, որ այնքան էլ շատ չի լինի սպիտակ քարերի կույտը, եւ որ դրանց գույնը ձյունաճերմակ չի լինի։

Ֆիզիկոս. Իսկ շատերը, ընդհակառակը, եթե նույնիսկ բոլոր քարերը սեւից էլ սեւ դուրս գային, կուզենային դրանցից ավելի շատ լցնել, թեկուզ եւ նույն գույնի, որովհետեւ, ըստ նրանց դատողության, ոչ մի քար այնքան սեւ չի լինի, որքան վերջինը: Եվ նրանք, ովքեր այդպես են մտածում, եւ ես ինքս էլ` այդ թվում, մենք բոլորս կարողանանք շատ քարեր ավելացնել մեր կյանքում, օգտվելով այն արվեստից, որ շարադրված է այս գրքում:

Մետաֆիզիկոս. Թող յուրաքանչյուրը դատի եւ վարվի այնպես, ինչպես ներհատուկ է իրեն, բայց մահն էլ իր նման կվարվի: Իսկ եթե դու կամենում ես, կյանքը երկարացնելով, մարդկանց իսկական օգուտ բերել, ապա գտիր այն արվեստը, որի շնորհիվ կբազմապատկվեն եւ ավելի ուժեղ կլինեն նրանց զգացմունքներն ու գործերը: Այդպիսի եղանակով դու հիրավի կերկարացնես մարդկային կյանքը, եւ լցնելով ժամանակի անպարագրելի հատվածները, երբ մեր գոյությունն ավելի շուտ բուսական կյանք վարելն է, քան կյանքը, դու գլուխ գովելու իրավունք կստանաս, որ երկարացրել ես այն: Եվ դու դա կանես, չփնտրելով անհնարինը եւ բնությունը բռնաբարության չենթարկելով, նույնիսկ` ի նպաստ նրա: Մի՞թե քեզ չի թվում, որ հները մեզնից շատ էին ապրում, թեպետ ծանրագույն փորձությունների պատճառով, որոնց նրանք անդադար ենթարկվում էին, ավելի շուտ էին մահանում: Դու մարդկանց մեծ բարեգործություն կանես, որոնց կյանքը եղել էր ավելի երջանիկ եւ պակաս դժբախտ, միշտ, երբ նրանում ավելի շատ են եղել ուժեղ հուզմունքները, որ կապված են եղել ցավի եւ նեղության հետ, եւ տոներն ավելի քիչ են եղել: Իսկ երբ այն անբանությամբ եւ զեխությամբ է լեցուն, դառնում է դատարկաբան, եւ ուրեմն կարելի է հավատալ, որ ճշմարիտ է Պիրոնի ասույթը, որ կյանքի եւ մահվան միջեւ տարբերություն չկա: Ի դեպ, եթե ես դրան հավատայի, ապա, երդվում եմ քեզ, մահն ինձ այսպես չէր վախեցնի: Սակայն, ի վերջո, կյանքը պետք է կենդանի լինի, պիտի ճշմարիտ կյանք լինի` այլապես մահը շատ ավելի արժեքավոր է, քան կյանքը:

Բնության զրույցը Իսլանդացու հետ

Մի Իսլանդացի, որ համարյա ողջ աշխարհը ոտնատակ էր տվել եւ հասցրել էր ապրել տարբեր երկրներում, մի անգամ ճամփորդում էր Աֆրիկյան մայրցամաքի խորքում, ուր ոչ մի մարդու ոտք չէր թափանցել, նրա հետ պատահեց համարյա նույնը, ինչ տեղի ունեցավ Բարեհուսո Հրվանդանի կողքով անցնող Վասկո դա Գամայի հետ, ում առջեւ հառնեց հսկայի կերպարանքով ինքը` Հրվանդանը, հարավային ծովերի պահապանը, որպեսզի նրան ետ մղի անհայտ ջրերում խորանալու մտադրությունից: Մեր Իսլանդացին հեռվում մի վիթխարի կերպարանք նշմարեց, որ երեւում էր գոտկատեղից վերեւ, եւ սկզբում որոշեց, որ այն, երեւի թե, քարից է, նման այն վիթխարի բաներին, որ շատ տարիներ առաջ նա տեսել էր Պսախա կղզում: Սակայն մոտենալով, նա հայտնաբերեց, որ իր առջեւ աներեւակայելի բարձրահասակ մի կին է, եւ որ նա նստած է գետնի վրա, ձգված եւ մեջքով ու արմունկով հենված լեռնաշղթային: Եվ այդ կինը քանդակած չէր, այլ կենդանի, նրա դեմքը հիասքանչ էր եւ, դրա հետ մեկտեղ` ահեղ, աչքերն ու մազերը սեւ էին` հանց ձյութ, նա սեւեռուն նայում էր Իսլանդացուն, ոչինչ չասելով, եւ լոկ երկար ժամանակ անց վերջապես արտաբերեց.

Բնություն. Ո՞վ ես դու: Ի՞նչ ես դու փնտրում այս վայրերում, ուր չեն էլ տեսել քո տեսակի էակների:

Իսլանդացի. Ես խեղճ Իսլանդացի եմ, որ փախչում է Բնությունից: Համարյա ողջ կյանքս ես փախչել եմ նրանից, երկրի երեսին հազարավոր երկրներով եմ անցել, եւ ահա այժմ իմ ուղին ինձ բերել է այստեղ:

Բնություն. Այդպես սկյուռն է փախչում թունավոր օձից, մինչեւ որ ընկնի նրա երախը: Ես նա եմ, ումից դու փախչում ես:

Իսլանդացի. Դու բնությո՞ւնն ես:

Բնություն. Այո, ես հենց Բնությունն եմ:

Իսլանդացի. Այ քեզ դժբախտություն: Իրոք որ, ավելի տհաճ բան ինձ հետ չէր կարող պատահել:

Բնություն. Դու հիանալիորեն կարող էիր գլխի ընկնել, որ ես հատկապես հաճախ եմ լինում այս վայրերում, չէ՞ որ քեզ հայտնի է, որ այստեղ իմ իշխանությունն ավելի զորեղ է իրեն զգացնել տալիս, քան որեւէ այլ տեղ: Բայց ի՞նչն էր քեզ ստիպում փախուստով փրկվել ինձնից:

Իսլանդացի. Քեզ հարկ է իմանալ, որ ամենավաղ երիտասարդությանս տարիներին, հազիվ փորձ ձեռք բերած, ես համոզվեցի կյանքի ունայնության եւ մարդկանց անողջախոհության մեջ, ովքեր անդադար միմյանց հետ մարտնչելով` անուրախ հաճույքների եւ անօգուտ հարստությունների համար, անհամար վշտեր կրելով ու միմյանց դժբախտություններ պատճառելով, որ իրոք կեղեքում եւ վնաս էին պատճառում նրանց, եւ այնքան ավելի էին հեռանում երջանկությունից, որքան ջանադրաբար էին այն փնտրում: Այդ մտքերից դրդված եւ հրաժարվելով բոլոր ցանկություններից, ես որոշեցի, ոչ մեկին չձանձրացնելով, հոգ չտանելով կյանքում առաջ գնալու մասին, ոչ մեկի բարիքներին աչք չդնելով, ապրել անհայտ եւ հանգիստ կյանքով: Հուսահատվելով հաճույքներից, քանի որ դրանք խույս են տալիս մեր ցեղից, ես իմ միակ հոգսը դարձրի տառապանքներից խուսափելը: Ես նկատի չունեմ, թե ուզում էի ձեռնպահ մնալ եւ մարմնական գործերից ու լարվածությունից, չէ՞ որ դու ինքդ գիտես, թե որն է գործերի եւ դժվարությունների եւ անհոգ ու պարապ կյանքի միջեւ եղած տարբերությունը: Հազիվ ես սկսեցի անել այնպես, ինչպես որոշել էի, ես ստիպված եղա փորձիցս իմանալ, որ զուր էր մտածելը, թե իբր կարելի է, ապրելով մարդկանց մեջ եւ ոչ մեկին չարիք չգործելով եւ ուրիշներից չարիք չկրելով, կամովին ամեն ինչում զիջելով եւ միշտ ամենաքչով բավարարվելով, կարելի է քեզ թեկուզ ինչ-որ տեղ թողնել, եւ այդ քիչն էլ քեզնից չխլեին: Այդժամ ես հեշտությամբ ազատվեցի մարդկանցից, որ ծանր էին գալիս ինձ համար, հեռանալով նրանց հասարակությունից եւ ինձ մենության դատապարտելով, լավ է, որ իմ հայրենի կղզում դա կարելի է իրագործել առանց որեւէ ճիգի: Այդպես վարվելով եւ կյանքում նույնիսկ հաճույքի ստվեր իսկ չճշակելով, ես չէի կարող, սակայն, ապրել եւ առանց տառապանքների, որովհետեւ երկարատեւ ձմեռը, ուժեղ բուքը եւ հրակեզ ամառային տապը, որ ներհատուկ են այդ տեղերին, անդադար տանջում էին ինձ, իսկ կրակը, որի շուրջ ես ստիպված էի լինում անցկացնելու համարյա ողջ ժամանակս, չորացնում էր մարմինս եւ աչքերս ծխով լցնում, այնպես որ, ոչ տանը, ոչ բաց երկնքի տակ անհնար էր ազատվել անդադար տառապանքներից: Ես չէի կարող հասնել նաեւ կյանքի անվրդովությանը, թեպետ դրան էին ուղղված բոլոր իմ մտորումները, որովհետեւ սարսափազդու փոթորիկը ծովում եւ ցամաքում, Թեկլայի սպառնալի թնդյունը, հրդեհների վախը, որ այնքան հաճախ էին այնտեղ պատահում, որտեղ կացարանները փայտից էին շինված, այդ ամենն անդադար տագնապեցնում էր ինձ: Երբ կյանքը միապաղաղ է եւ չկա այնտեղ ոչ հույս, ոչ ձգտում, ոչ իսկ նույնիսկ որեւէ բանի հետ կապված հոգս, հանգստությունից զատ, այդժամ բոլոր այդ խոչընդոտները քիչ տագնապ չեն հարուցում եւ ավելի ծանր են լինում, քան պատկերանում են նրան, ում հոգին ամենից շատ է զբաղված կենաց եւ մարդկային հասարակության եւ մարդկանց գործած անդուր արարքների մասին մտքերով: Համոզվելով, որ որքան շատ եմ ես ինձ նեղում եւ համարյա մի բուռ եմ դառնում, ջանալով, որ իմ գոյությունը ոչնչին եւ ոչ մեկին չձանձրացնի եւ վնաս չտա, որքան քիչ է ինձ հաջողվում ազատվել տագնապներից ու տանջանքներից, որ ինձ պատճառում են շրջապատող առարկաները, ես որոշեցի անընդհատ փոխել վայրերն ու կլիմաները, կամենալով տեսնել, արդյո՞ք կարելի է թեկուզ երկրի երեսին որեւէ տեղ, առանց չարիք գործելու, եւ չտեսնելով այն, առանց հաճույք ստանալու, չտառապել: Այդ որոշմանն ինձ դրդեց եւ մի միտք, որ հղացավ իմ ուղեղում. գուցե դու մարդկային ողջ ցեղի համար մի կլիմա էիր նախատեսել (ինչպես որ դու դա արել ես կենդանիների եւ բույսերի այլ տեսակների համար), եւ որոշակի վայրեր, իսկ դրանից դուրս մարդիկ չեն կարող ծաղկել եւ առանց վշտերի ու դժվարությունների ապրել, եւ մեղադրել դրանում հարկ է ոչ թե քեզ, այլ հենց նրանց, որ քամահրել ու անցել են սահմանները, որ քո օրենքով նախատեսված էին մարդկանց բնակության համար: Ես ոտնատակ տվեցի համարյա ողջ աշխարհը եւ անձնական փորձով իմացա համարյա բոլոր երկրները, ամենուր հետեւելով իմ կանոնին, որքան հնարավոր է ինձնով քիչ ծանրաբեռնել մնացած էակներին եւ հոգ տանել միայն կենաց անվրդովության մասին: Սակայն ինձ այրում էր տապը արեւադարձային գոտում, դարձյալ պաղեցնում էր բեւեռամերձ ցուրտը, ճնշում էր չափավոր կլիմայում եղանակի փոփոխականությունը, եւ ամենուր ինձ վնաս էր պատճառում տարերքների շարժումը: Ես բազում վայրեր տեսա, ուր առանց ամպրոպի օր անգամ չի անցնում, իսկ դա միեւնույնն է, որ դու ամեն օր պատերազմի ելնես այնտեղի բնակիչների դեմ, որ քո առջեւ ոչ մի հանցագործության մեջ մեղավոր չեն, եւ բոլոր կանոններով մարտ վարես: Այլ վայրերում երկնքի մշտատեւ պարզությունը փոխարինվում է հաճախակի երկրաշարժերով, հրաբուխների առատությամբ եւ մոլեգնությամբ, ստորերկրյա քլթքլթոցով երկրով մեկ: Անկասելի քամիներն ու մրրիկներն իշխում են այդ ժամանակ եւ այդ վայրերում, որ զուրկ են այլ տարերքների մոլեգնությունից: Ինձ վիճակվել է լսել, թե ինչպես է գլխավերեւումս ճայթում կացարանը, փլվում է ձյան ծանրության տակ, վիճակված է եղել տեսնել եւ ինչպես է գետինը ճեղքվել անձրեւների առատությունից, թե ինչպես է այն փախչում ոտքերիս տակից, ստիպված էի լինում, որքան ուժ ունեմ` փախչել գետերից, որ հետապնդում էին ինձ, ասես ես նրանց հանդեպ ինչ-որ մեղք էի գործել: Շատ անգամ վայրի գազանները, որոնց ես չէի ծաղրել եւ չէի էլ հարձակվել նրանց վրա, ուզում էին ինձ խժռել, իսկ օձերը` իրենց թույնով սպանել, շատ վայրերում թռչող միջատները համարյա թե մինչեւ ոսկորներս բզկտում էին ինձ: Ես չեմ խոսում ամենօրյա վտանգների մասին, որ միշտ սպառնում են մարդուն եւ այնքան անհամար են, որ մի հնամենի իմաստուն, ահից առավել ուժեղ դեղ չգտավ, քան այս դատողությունը` ամեն ինչից պետք է վախենալ: Հիվանդություններն էլ ինձ չխղճացին, թեպետ ես, չէի ասի, թե ժուժկալ եմ, բայց չափավոր եմ մարմնական հաճույքներում: Ես միշտ էլ չեմ զարմացել, տեսնելով, որ դու մեր մեջ հաճույքների այդչափ անհագուրդ ու անկասելի ծարավ ես ներդրել, առանց որոնց մեր կյանքը, ասես, ամեն ինչից զուրկ է, ինչը որ բնական է ցանկալը, անկատար է եւ անամբողջական, եւ դրա հետ մեկտեղ` կարգել ես, որ մարդկային գործերից ամենավնասակարը` հաճույքներին տրվելն է, քանզի դա կործանարար է իր հետեւանքներով ուժերի եւ մարմնական առողջության համար եւ թշնամի է երկարակեցությանը: Սակայն, ինչ էլ որ լինի, համարյա միշտ եւ համարյա ամեն ինչում զերծ մնալով ամենայն հաճույքից, ես չէի կարողանում շատ եւ զանազան ախտերից խուսափել, որոնցից ոմանք ինձ մահ էին սպառնում, մյուսները` անդամներիցս որեւէ մեկի կորուստը եւ առավել խղճուկ կյանք, քան նախկինն էր, եւ դրանք` բոլորը, շատ օրեր ու ամիսներ ճնշում էին իմ մարմինն ու հոգին, հազարավոր զրկանքներով ու տանջանքներով: Եվ, այդուհանդերձ, թեպետ մեզնից յուրաքանչյուրը հիվանդությունների ժամանակ նոր եւ անսովոր տառապանքներ է ճաշակում եւ սովորականից շատ ավելի դժբախտ է իրեն զգում (կարծես թե մարդկային կյանքի ամեն օրը բավականաչափ լեցուն չէ դժբախտությամբ), դու մարդուն չես տվել այնպիսի շրջան, երբ նա գերագույն առողջություն ունի, սովորականից շատ ավելի, եւ այդ պատճառով նա առանձնահատուկ, իր ուժով եւ աճելիությամբ չտեսնված հաճույք է ապրում: Այն երկրներում, որոնք տարվա մեծ մասը ձյունով են ծածկված, ես քիչ էր մնում կուրանայի, ինչը որ հաճախ պատահում է լապլանդացիների հետ իրենց հայրենիքում: Արեւն ու օդը, կենսատու եւ մեզ անհրաժեշտ կյանքի համար, որոնցից մենք չենք կարող փախչել, անդադար մեզ վրա վատ ներգործություն են ունենում, օդը` իր խոնավությամբ կամ սրությամբ, կամ այլ հատկանիշներով, արեւը` իր տապով եւ նույնիսկ իր լույսով, այնպես որ, մարդը չի կարող առանց մեծ կամ փոքր դժվարությունների, առանց մեծ կամ փոքր վնասի գտնվել արեւի տակ կամ դրսում: Եվ ստացվում է, որ ես չեմ կարող ողջ կյանքիցս հիշել մի օր, որ անցկացրել եմ առանց տառապանքների, ինչպես եւ չեմ կարող համարել այն օրերը, որ ես հաճույքի ստվեր անգամ չեմ ճաշակել, այդ պատճառով էլ ես նկատում եմ, որ մեզ հավասարաչափ վիճակված է եւ անխուսափելիորեն ճանաչել տառապանքները, եւ չճանաչել հաճույքները, եւ որ նույնչափ մեզ անհնար է հանգիստ ապրել, ինչպես եւ անել, հանգստություն չճաշակելով, բայց իմանալով եւ դժբախտություն: Եվ ես համարձակվում եմ եզրակացնել, որ դու` մարդու բացահայտ թշնամին ես, ինչպես եւ այլ կենդանի էակների, եւ քո ողջ ստեղծածի, որ դու կամ ծուղակներ ես քեզ սարքում, կամ սպառնում ես մեզ, կամ հարձակվում ես մեր վրա, ծաղրում ես մեզ, կամ կեղեքում ես, մեզ խփում ես եւ միշտ կամ մեզ չարիք ես գործում, կամ հետապնդում ես մեզ, որ դու քո բնույթով կամ այն պատճառով, որ այդպես է կարգված, դառնում ես քո ընտանիքի, քո երեխաների եւ, այսպես ասած, սեփական մարմնի եւ արյան դահիճը: Եվ ահա ես զրկվել եմ ամենայն հույսից, հասկանալով, որ մարդիկ դադարում են հետապնդել նրան, ով փախչում նրանցից ու թաքնվում է փախչելու եւ թաքնվելու անկեղծ ցանկությամբ, իսկ դու` առանց որեւէ պատճառի, չես դադարում մեզ քշել, մինչեւ որ հոգիներս հանես: Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես է ինձ մոտենում տխուր եւ մռայլ ծերությունը, ճշմարիտ եւ ակնհայտ չարիքը, ավելին բոլոր չարիքների եւ ծանր դժբախտությունների համակցումը, եւ այն պատահաբար չի գալիս, այլ` ըստ քո օրենքի, անխուսափելի բոլոր ապրողների համար, տեսանելի եւ անդադար նախապատրաստվող` սկսվող առանց մարդու մեղքի հինգերորդ տասնամյակից հետո` թոշնումով եւ թուլացմամբ: Դուրս է գալիս, որ մարդու կյանքի հազիվ մեկ երրորդն է ծաղկման համար տրված, շատ քիչ ակնթարթները` հասունացման եւ կատարելության համար, իսկ մնացյալ բոլորը` թոշնանքի եւ դրանից բխող բոլոր դժվարությունների:

Բնություն. Մի՞թե դու պատկերացնում ես, թե աշխարհը ձեզ համար է ստեղծված: Դե գիտցիր, որ արարելով, կարգուկանոն հաստատելով եւ ընդհանրապես ինչ-որ բան անելիս, ես միշտ նկատի եմ ունեցել ինչ-որ այլ մի բան, քան մարդկանց երջանկությունը կամ դժբախտությունը: Երբ ես ինչ-որ կերպ կամ գործողությամբ ձեզ չարիք եմ պատճառում, ես դա չեմ նկատում, հազվագյուտ բացառություններից զատ, եւ ճիշտ այդպես, եթե ես երբեմն ձեզ հաճույք եմ պարգեւում կամ բարիք եմ տալիս, ես սովորաբար այդ մասին նույնիսկ չգիտեմ, ես երբեք չեմ արել եւ չեմ անում մի բան, հաշվի առնելով, թե դուք ինչ եք մտածում, թե դա ձեզ բերկրանք կբերի եւ ձեռնտու կլինի: Եվ, ի վերջո, եթե նույնիսկ պատահեր, որ ես վերացնեի ձեր ցեղը, ես դա չէի նկատի:

Իսլանդացի. Վերցնենք մի այսպիսի դեպք, ինչ-որ մեկը, առանց իմ խնդրանքի, ինձ հրավիրում է իր կալվածքը, հրավիրում է բավական համառորեն, ես էլ, որպեսզի նրան հաճույք պատճառեմ, գնում եմ այնտեղ: Այնտեղ ինձ տեղավորում են ապրելու բավական խղճուկ եւ խախուտ վանդակում, խոնավ, ախտաժետ, անձրեւի ու քամու դեմ բաց, որ ինձ միշտ ճզմված լինելու վտանգ է սպառնում: Տանուտերը, փոխանակ հոգ տանելու, որ ես հաճելի ժամանակ անցկացնեմ, եւ իմ հարմարությունների մասին, հազիվ է ինձ տալիս կյանքի համար անհրաժեշտը, եւ բացի այդ, թույլ է տալիս իր երեխաներին քմծիծաղել ինձ վրա, սպառնալ եւ նույնիսկ ծեծել: Իսկ երբ ես բողոքեմ նրան այս գեշ վերաբերմունքից, նա ինձ կպատասխանի. «Մի՞թե դու մտածում ես, որ այս կալվածքը ես քեզ համար եմ սարքել: Եվ երեխաներ եմ ունեցել, եւ այս ամենը` այն բանի համար, որ քեզ ծառայեն: Ես մտածելու ոչինչ չունեմ, ի՞նչ է, բացի այն, թե ինչպես քեզ զբաղեցնեմ, եւ ինչպես քեզ ավելի լավ պահեմ: Դրան ես կառարկեմ` արդյո՞ք տեսնում ես, իմ բարեկամ, եթե դու այդ կալվածքը սարքել ես ոչ իմ օգտագործման համար, ապա դու կարող էիր եւ ինձ չհրավիրել: Բայց քանի որ դու ինքդ կամեցար, որ ես այստեղ հյուրընկալվեմ, ապա արդյո՞ք քո գործը չէ անել այնպես, որպեսզի ես, որքանով որ դա կախված է քեզնից, ապրեմ առանց տանջվելու, եւ առանց վտանգի ենթարկվելու: Հենց դա էլ ես ասում եմ այժմ: Ես գիտեմ, որ աշխարհը դու ստեղծել ես ոչ մարդկանց կարիքները հոգալու համար: Ինձ համար ավելի հեշտ կլիներ հավատալը, որ դու այն ստեղծել եւ ամեն ինչ այդ կերպ ես դասավորել դիտավորյալ հենց այն բանի համար, որ մարդկանց տանջես: Բայց այդժամ ես հարցնում եմ, արդյո՞ք ես խնդրել եմ, որ դու ինձ այստեղ` այս աշխարհ ուղարկես: Կամ, գուցե թե, ես ուժո՞վ եմ այնտեղ խցկվել, քո կամքին հակառակ: Իսկ եթե դու քո սեփական կամքով, առանց իմ գիտության եւ այնպես, որ ես չկարողանամ հրաժարվել, ոչ էլ ապստամբել, ինքդ քո ձեռքերով ինձ այստեղ ես տեղադրել, ապա մի՞թե քո պարտքը չէ, թող որ նույնիսկ հոգ չտանեն այն մասին, որպեսզի ես ուրախ եւ գոհ լինեմ քո տիրույթներում, բայց գոնե հոգ տանել, որ ինձ չկեղեքեն ու տանջեն, որպեսզի այստեղ կենալն ինձ վնաս չբերի: Եվ այն, ինչ ես ասում եմ իմ մասին, ասվում է ողջ մարդկային ցեղի անունից, բոլոր կենդանիների եւ արարածների անունից:

Բնություն. Ինձ թվում է, որ դու պատշաճորեն ուշք չդարձրիր այն բանին, որ այս աշխարհի կյանքը ծննդյան եւ կործանման հավերժական շրջապտույտ է, որ կապված են միմյանց այնպես, որ մեկն անդադար ծառայում է մյուսին, եւ երկուսը միասին` հենց աշխարհի պահպանմանը, որը կքայքայվեր, եթե մեկնումեկը վերանար: Այնպես որ` աշխարհին վնաս կլիներ, եթե նրանում թեկուզ որեւէ բան ազատ լիներ տառապանքից:

Իսլանդացի. Նմանատիպ դատողություններ ես լսում եմ շատ ու շատ փիլիսոփաներից: Սակայն, եթե կործանվողը տառապում է. իսկ կործանողը հաճույք չի ապրում եւ շուտով ինքն էլ է վերանում, ապա ինձ ասա այն, ինչը ինձ չի կարող ասել եւ ոչ մի փիլիսոփա` ո՞ւմ սրտով է, ո՞ւմ է օգուտ տիեզերքի դժբախտագույն կյանքը, որ պահպանվում է վնասի եւ մահվան միջոցով այն ամենի, որ կազմում է այն:

Քանի որ նրանք խորհրդածում են այս կամ համանման ձեւով, նրանց մոտեցան, ինչպես պատմում են, երկու առյուծ, այնքան հյուծված ու նիհար քաղցից, որ ուժերը հազիվ բավեցին Իսլանդացուն ուտելու համար, ուտելով նրան եւ փոքր-ինչ պնդանալով, նրանք կարող էն մի քանի օր եւս ապրել: Սակայն, այդ ո՞վ է ժխտում եւ պնդում, թե իբր, քանի դեռ Իսլանդացին խոսում էր, դժնի քամի բարձրացավ, որը նրան տապալեց, եւ նրա վրա հայտնվեց վսեմատեսք ավազե դամբարանը, որի տակ Իսլանդացին, փառավորապես չորացած եւ հիասքանչ մումիայի վերածված, հայտնաբերվեց ինչ-որ ճանապարհորդների կողմից եւ տեղադրվեց թանգարանում, Եվրոպայի քաղաքներից մեկում:

ՕՐԱՑՈՒՅՑ ՎԱՃԱՌՈՂԻ ԶՐՈՒՅՑԸ ԱՆՑՈՐԴԻ ՀԵՏ

Վաճառական. Օրացույցներ, նոր օրացույցներ: Արդյո՞ք չէիք կամենա, պարոն, օրացույց:

Անցորդ. Նոր տարվա օրացո՞ւյց:

Վաճառական. Այո, պարոն:

Անցորդ. Ըստ ձեզ, այս նոր տարին ավելի երջանի՞կ կլինի:

Վաճառական. Այո, ձերդ ողորմածություն, իհարկե կլինի:

Անցորդ. Ինչպես անցյա՞լ տարին:

Վաճառական. Ոչ, շատ ավելի երջանիկ:

Անցորդ. Ուրեմն, ինչպես հիմիկվա՞նը:

Վաճառական. Ոչ, ձերդ ողորմածություն, հիմիկվանից շատ ավելի երջանիկ:

Անցորդ. Կնշանակի, ինչպես ինչ-որ նոր տարի՞: Մի՞թե դուք չէիք կամենա, որպեսզի նոր տարին լինի այնպիսին, ինչպես վերջիններից մեկը:

Վաճառական. Ոչ, պարոն, չէի կամենա:

Անցորդ. Քանի անգամ է եկել նոր տարին այն պահից վեր, որ դուք սկսել եք օրացույցներ վաճառել:

Վաճառական. Մի քսան տարի կլինի, ձերդ ողորմածություն:

Անցորդ. Իսկ դուք կկամենայի՞ք, որպեսզի նոր տարին այդ քսանից որեւէ մեկին նման լիներ:

Վաճառական. Ճիշտն ասած, չգիտեմ:

Անցորդ. Եվ դուք չե՞ք հիշում, որ ինչ-որ նոր տարի ձեզ երջանիկ թվա:

Վաճառական. Ճիշտն ասած, չեմ հիշում, ձերդ ողորմածություն:

Անցորդ. Եվ այդուհանդերձ, կյանքը լավ բան է, այդպես չէ՞:

Վաճառական. Դա բոլորին է հայտնի:

Անցորդ. Իսկ դուք չէի՞ք ցանկանա այդ քսան տարին դարձյալ ապրել, կամ նույնիսկ ողջ կյանքը` հենց ծննդյան օրից սկսած:

Վաճառական. Էհ, իմ լավ պարոն, եթե Աստված դա կամենար:

Անցորդ. Իսկ եթե դուք երկրորդ անգամ ապրելու լինեիք հենց նույն կյանքը, որն ապրել եք, բոլոր ուրախություններով ու վշտերով, որոնք ձեզ բաժին են հասել:

Վաճառական. Այ դա ես չէի ուզի:

Անցորդ. Իսկ ո՞ր կյանքը դուք կուզենայիք կրկնել: Կյանքը, որ ես եմ ապրել, կամ մեր տիրակալը, կամ էլի ինչ-որ մեկը: Դուք կարծո՞ւմ եք, որ թե ես, թե տիրակալը, եւ ով ասեք կպատասխանի ոչ այն, ինչ դուք, եւ կկամենա կրկնել այն կյանքը, որ ապրել է:

Վաճառական. Կարծում եմ` չի ցանկանա:

Անցորդ. Եվ դուք այդ պայմանով չէի՞ք սկսի ձեր կյանքը սկզբից, եթե նույնիսկ այլապես զրկվեիք այդպիսի հնարավորությունից:

Վաճառական. Ոչ, պարոն, ոչ մի կերպ չէի սկսի:

Անցորդ. Իսկ ի՞նչ կյանք դուք կկամենայիք:

Վաճառական. Որը Աստված կուղարկի, բայց առանց որեւէ պայմանի:

Անցորդ. Որպեսզի կյանքում ամեն ինչ լինի այնպես, ինչպես պատահի. եւ որպեսզի դուք նախապես ոչինչ չիմանա՞ք, ինչպես որ դուք ոչինչ չգիտեք նոր տարվա մասին:

Վաճառական. Հենց այդպես:

Անցորդ. Ես նույնը կուզենայի, եթե կյանքս սկզբից սկսելու լինեի, եւ բոլորը կկամենային: Բայց չէ՞ որ դա վկայում է այն մասին, որ դիպվածը, թե անցյալում եւ թե հիմա մեզ հետ վատ է վարվել: Պարզ երեւում է` յուրաքանչյուրը համոզված է, որ իրեն ավելի շատ վատն է բաժին հասել, քան լավը, եւ, որ վատը գերակշռում է, պայմանով, որ նրա կյանքը նախկինը լինի, բոլոր լավ ու վատով, ոչ ոք չէր կամենա դարձյալ ծնվել: Լավ բան է` դա այն կյանքը չէ, որը մենք գիտենք, այլ այն, որը մեզ անհայտ է, ոչ թե անցյալ կյանքը, այլ գալիքը: Նոր տարուց սկսած դիպվածը կսկսի ձեզ հետ ավելի լավ վարվել, թե ինձ հետ եւ թե բոլոր մյուսների, եւ կսկսվի երջանիկ կյանքը: Այդպես չէ՞:

Վաճառական. Հուսանք, որ այդպես կլինի:
Անցորդ. Ինձ ցույց տվեք ձեր ամենագեղեցիկ օրացույցը, որ դուք ունեք:
Վաճառական. Ահա, ձերդ ողորմածություն: Դրա գինը երեսուն սոլդի է:
Անցորդ. Ահա ձեզ երեսուն սոլդի:
Վաճառական. Շնորհակալություն, ձերդ ողորմածություն, ցտեսություն: Օրացույցներ, նոր օրացույցներ: