Երկու խմբավորում

07/02/2012

Բրիտանական հեղինակավոր «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել ՀՀ զինված ուժերում առկա իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես նշված է. «Զինծառայողների` ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ Հայաստանի բանակի վրա, եւ այս համատեքստում նորակոչիկներին ստորացման, ծաղրուծանակի ենթարկելու, ինչպես նաեւ անընդունելի վարքագծի այլ դրսեւորումները հանրության մեջ մտահոգություն են առաջացրել` կապված զինվորական կարգապահության անկման եւ հրամանատարության ոչ պատշաճ գործելաոճի հետ»: Զինծառայողների նվաստացման եւ մահվան փաստերը, ըստ «Օքսֆորդ անալիտիկա»-ի, հանրության շրջանում բուռն բանավեճերի տեղիք են տվել: «Ու մինչ հանրային զայրույթն ու քաղաքական ճնշումն ահագնանում է, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իսկապես պայքարում է խնդրի լուծման համար»,- գրում են վերլուծության հեղինակները` ավելացնելով, թե ի լրումն այս ամենի, խնդիրը տարակարծությունների տեղիք է տվել հենց նախարարության ներսում, ինչը դրսեւորվում է երկու հակառակորդ խմբավորումների առկայությամբ: Թեեւ վերլուծության հեղինակներն անուններ չեն նշում, սակայն դժվար չէ կռահել, որ խոսքը վերաբերում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած «պահպանողական թեւին»: