Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանի որդու` Տիգրան Տերտերյանի հայցի նախատեսված քննությունն ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի` տեղի չունեցավ: Դատական նիստը հետաձգելու միջնորդություն էր ներկայացրել հայցվոր կողմի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը: Ըստ միջնորդության` փաստաբան Գեւորգյանը նույն դատարանում ժամը 12:40-ին («168 Ժամի» դատը 12:45-ին էր) դատավոր Էդիկ Ավետիսյանի մոտ դատական նիստ ուներ: Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարեց Գ. Գեւորգյանի միջնորդությունը` նշելով, որ հայցվոր կողմի փաստաբանը դատարանին ներկայացրել էր նաեւ ապացույց: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը եւս հետաձգվեց այն հիմնավորմամբ, որ Տ. Տերտերյանի վստահորդ Համլետ Տերտերյանը գտնվում է հանրապետությունից դուրս: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժամը 11:15-ին: Հիշեցնենք, որ անչափահաս տղան թերթից պահանջում է 2 մլն դրամ` իր «պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար»: