Երեկ հայաստանյան լրահոսի ամենաքննարկվող թեմաներից մեկը «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրինագծի քննարկումն էր։ Հետաքրքրության կենտրոնում ոչ թե բուն օրինագիծն էր, այլ քվեարկության արդյունքը։
ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց՝ փաստացի տապալելով նախագծի ընդունումը: Քվեարկությանը չմասնակցեց նաեւ «Ժառանգությունը», իսկ ՀՅԴ պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին: Սակայն հանրապետականներին զայրացրեց ոչ թե «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի, այլ իրենց կոալիցոն գործընկերոջ կեցվածքը։ Հանրապետական պատգամավորները հայտարարում էին, որ օրինագծին դեմ քվեարկելը նշանակում է` կողմ լինել կոռուպցիային, իսկ քվեարկությանը չմասնակցելն ընդհանրապես անհասկանալի կեցվածք է:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց. «Ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից եւ այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջեւ կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի եւ գործի նույնությունը»:
Նկատենք, որ դա փոքր-ինչ զարմանալի էր։ ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, ԱԺ-ում մեծամասնություն է կազմում եւ կարող է ցանկացած օրենք անցկացնել՝ առանց մյուսների մասնակցության։ Այլ հարց է, որ նրանք չեն կարողացել բավարարել իրենց իսկ անդամների ներկայությունը։ Ստացվում է, որ «խոսքի եւ գործի» նույնությունն ապացուցելը ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ հենց ՀՀԿ-ի որոշ անդամների խնդիրն է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա կուսակցության ներկայացուցիչները բավարարվեցին ընդամենը այն հայտարարությամբ, որ դա քաղաքական որոշում չէր, եւ խորհուրդ տվեցին հարցը չքաղաքականացնել։ Սակայն դրան չհետեւեց որեւէ մասնագիտական մեկնաբանություն, ինչը հիմք տվեց, որ հարցը քաղաքականացվի։ Եթե իրոք կտրվենք ներքաղաքական ինտրիգներից, ապա կարելի է միայն ուրախ լինել նման «միջադեպերով»։ Քաղաքակիրթ երկրներում օրենսդրական նախաձեռնության դեմ շատ հաճախ հանդես են գալիս անգամ իշխող կուսակցության անդամները։ Դա նորմալ է, քանի որ կուսակցությունում բոլորը չեն կարող նույն կարծիքն ունենալ ամենատարբեր հարցերի շուրջ։ Այսինքն՝ կարելի էր համարել, որ մեր ԱԺ-ն կառավարության նախագծերի «դակիչի» ամորֆ դերից սկսում է վերածվել սեփական դիրքորոշումն արտահայտելու ունակ կառույցի։ Ի վերջո՝ կապ չունի՝ պատճառը քաղաքակա՞ն է, անձնակա՞ն, թե՞ այլ. օրենքի շրջանակներում ցանկացած հակասություն ու բանավեճ բերում է ավելի լավ որոշման։ Սակայն դա, ինչպես երեւում է, Հայաստանում դեռ չի ընդունվում։
Ինչեւէ՝ վերադառնանք օրինագծին՝ փորձելով զերծ մնալ քաղաքական գործոններից։ Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ այն կնվազեցնի ստվերայնությունը եւ կոռուպցիան, իսկ ԲՀԿ-ն պարզապես չի ցանկանում հաստատել մի օրինագիծ, որը հարվածում է խոշոր տնտեսվարողներին։ Այն պատճառով, որ խոշոր տնտեսվարողները ԲՀԿ շարքերում բավականին շատ են։ Կառավարության նախաձեռնությանը դեմ արտահայտվողներն էլ նշում են, որ նախաձեռնության հիմնական նպատակը բանկերին հարստացնելն է, եւ շատ էլ լավ է, որ օրինագիծը չի ընդունվել։ Իրականում նման ծայրահեղությունների մեջ ընկնելը սխալ է։ Նախ՝ բավականին մեծ հարց է, թե ո՞ր կուսակցության շարքերում են ավելի մեծ թվով գործարարներ՝ ԲՀԿ-ի՞, թե՞ ՀՀԿ-ի։ Եվ վերջապես, եթե ԲՀԿ-ի համար խոշոր բիզնեսի շահերի պաշտպանությունը առաջին տեղում լիներ, ապա այդ կուսակցությունը կողմ չէր քվեարկի խոշոր ընկերություններում հարկային ներկայացուցիչներ գործուղելու օրինագծին։ Ինչ վերաբերում է «բանկերին հարստացնելու»՝ կառավարության գերնպատակին, ապա դա շատ պրիմիտիվ մոտեցում է։ Առավելեւս, որ այդ մասին խոսողները բացահայտում չեն արել. կառավարությունը նախագծի հիմնավորման մեջ բացահայտ նշել է այլ բանի մասին։ Մասնավորապես, ներկայացված են օրենքի 5 նպատակներ, որոնցից մեկը հետեւյալն է. «Մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Օրենքների ընդունումը կբերի նաեւ բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին` կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը: Բացի այդ, անկանխիկ վճարումների իրականացումը (բանկային հաշվի առկայությունը բանկում, այդ հաշվի միջոցով գործառնությունների իրականացումը) կհանգեցնի նաեւ անձանց կողմից պահանջվող եւ բանկերի կողմից մատուցվող այլ ծառայությունների իրականացմանը (օրինակ` վարկերի, օվերդրաֆտների տրամադրում եւ այլն)»։ Իսկ բանկային միջնորդության ծավալների մեծացումը միանշանակ չի կարելի բացասական բան համարել։ Վերջիվերջո, ողջ քաղաքակիրթ աշխարհը այսօր «բանկայնացված» է. 80-ամյա թոշակառուն անգամ կես կիլոգրամ պանիրը գնում է պլաստիկ քարտով։ Ուրեմն ինչ՝ ասենք, որ ողջ աշխարհը ծառայում է բանկային համակարգի՞ն, եւ բոյկոտե՞նք անկանխիկ գործարքները։ Նշենք, որ օրինագծին դեմ արտահայտված քաղաքական ուժերն իրենք էլ այդքան չեն ծայրահեղացնում ամեն ինչ։ Նրանք գտնում են, որ անկանխիկ շրջանառության ծավալների մեծացումը միանշանակ դրական երեւույթ է, եւ դրան պետք է ձգտել, քանի որ դա կբերի ստվերայնության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կրճատման։ Սակայն նրանք դեմ են որոշ կոնկրետ դրույթների։ Օրինակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ընդհանուր առմամբ կողմ են անկանխիկ շրջանառության մեծացման գաղափարախոսությանը, սակայն ձեռնպահ են քվեարկել, քանի որ լուրջ ռիսկեր են տեսնում։ Ռիսկերից մեկն այն է, որ վերստուգիչ մարմինը 2 տարբեր գործարք կատարած տնտեսվարողին (յուրաքանչյուր գործարքը՝ 2 միլիոն դրամ) կարող է մեղադրել այն բանում, որ նա արհեստականորեն 1 գործարքը բաժանել է 2 մասի։ Ըստ Ա. Մինասյանի, օրենքում այդ մասը կոնկրետացված չէ։ ԱԺ պատգամավորին հետաքրքրում է նաեւ՝ որտեղի՞ց է որոշվել այդ 3 միլիոնի շեմը։ Ինչո՞ւ` ոչ 2 կամ 4։ Կամ՝ քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբեկտներին ուղղորդելով բանկային ոլորտ՝ պետությունը նրանց ստիպում է որոշակի լրացուցիչ ծախսեր կատարել։ Այդ դեպքում, ըստ Մինասյանի, ճիշտ կլիներ, եթե բանկային ծառայությունների սակագների ոլորտը կանոնակարգվեր պետության կողմից, կամ էլ պետությունը մասամբ փոխհատուցեր ծախսերը։ Եթե նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ, ապա արդարացի կլիներ, եթե պետությունը գոնե մասամբ ֆինանսավորեր ՊՈՍ տերմինալի տեղադրման ծախսը։ Եվ վերջապես, անհասկանալի է, թե ինչու է բացառություն արվել բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար։ Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը սկզբունքայնորեն դեմ չէ նախաձեռնությանը, սակայն պահանջում է, որ այն որոշ փոփոխությունների ենթարկվի։ Դա շատ բնական մոտեցում է, որից մեծ ողբերգություն սարքելու կարիք չկա։ Իսկ ինչպիսի՞ն կլինի օրենքի ազդեցությունը (եթե այն ընդունվի)։ Արդյո՞ք դրա էֆեկտը մեծ կլինի, թե՞ սա աղմուկ է՝ փոթորիկ մի բաժակ ջրում։ Թվում է՝ տնտեսվարող սուբյեկտներն ու անհատները որեւէ միջոց կգտնեն 3 միլիոնի շեմը չգերազանցելու եւ բանկային ոլորտը շրջանցելու համար։ Սակայն կան գործարքներ, որոնց դեպքում դա գրեթե անհնար կլինի անել։ Օրինակ՝ անշարժ գույքի առքուվաճառքը։ 13 միլիոն դրամ արժեցող տունը հնարավոր է ձեւակերպել 10, լավ՝ 8 միլիոն։ Սակայն անհնար է այդ գործարքը տրոհել 3 միլիոն դրամը չգերազանցող մասերի։ Այսինքն, կարելի է ասել, որ անշարժ գույքի շուկայի ծավալները առնվազն կիսով չափ անցնելու են բանկային համակարգի միջով։ Իսկ բանկերը դրանից, իհարկե, միայն կշահեն։ Սրան կարելի է ավելացնել նաեւ միջին եւ բարձր գնային կատեգորիայի ավտոմեքենաների առքուվաճառքի գործարքները։ Այնպես որ, օրենքն իրականում բավականին մեծ ազդեցություն է ունենալու։ Սակայն հարցն այստեղ ավելի շատ հոգեբանական է։ Օրինակ՝ անշարժ գույքը անկանխիկ վաճառելու դեպքում թե՛ գնորդը, թե՛ վաճառողը ոչինչ չեն կորցնում։ Եթե հաշիվ չունեն, ապա բացելու համար առավելագույնը 5000 դրամ են վճարում։ Նրանց ետ է պահում ոչ թե այդ 5000-ը, այլ նրանք պարզապես «զահլա» չունեն բանկերի հետ եւ խուսափում են իրենց իրական գումարները հրապարակայնացնելուց։ Կառավարությունն, ի դեպ, որպես նախագծի նպատակ` նշել է նաեւ հետեւյալը՝ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ։ Բարի նպատակ է։ Սակայն խնդիրն այն է, որ այդ մշակույթի ձեւավորման համար առաջին հերթին պետք է ձեւավորել վստահության մթնոլորտ՝ ոչ միայն մասնավոր ֆինանսական հատվածի, այլ առաջին հերթին` պետական համակարգի նկատմամբ։