ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ պաշտպանված է ՀՀ ցանկացած քաղաքացի: Սոցիալական պաշտպանության տեսանկյունից մեր հասարակության խոցելի խավը մասամբ իր կեցությունն ապահովում է պետբյուջեի հաշվին:
Պետության հովանու ներքո գոյատեւող` հատուկ կարգավիճակ ունեցող մեր քաղաքացիներն ապրում են, մեղմ ասած, ոչ բարենպաստ պայմաններում, քանի որ պետբյուջեի հնարավորությունները սուղ են, իսկ հատկացվող պետական նպաստները` պաշտոնապես ամրագրված սպառողական զամբյուղի ցուցանիշին ոչ այնքան համարժեք: Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք պետական նպաստների տեսակներից` ընտանեկան նպաստ համակարգին, որտեղ, ինչպես նշել էինք, պետությունից գողանում են ոչ միայն գրասենյակի պետերն ու տեսուչներն, այլեւ` շարքային քաղաքացիները: Անօրինական ճանապարհով պետությունից փող «պոկել» հաջողվում է առավել ճարպիկներին: Անդրադառնալով գործազրկության համար տրվող նպաստներին` նշենք, որ այս ոլորտում նույնպես կարելի է ստվերային ճանապարհով գրանցվել որպես նպաստառու: Օրինակ` շատերը լինելով զբաղված` ներկայացնում են գործազուրկի փաստաթղթեր, ինչն էլ հանդիսանում է որպես նպաստառու հաշվառվելու հիմքերից մեկը: Անօրինական ճանապարհով պետական նպաստ ստանալու խնդիրն առկա է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններում: Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են աշխատանքով զբաղված մարդկանց` գործազրկության նպաստ ստանալու երեւույթից` պատճառաբանելով, որ իրական գործազուրկները զրկված են թե՛ պետական աջակցությունից, թե՛ աշխատանք ձեռք բերելու հնարավորությունից: Այն, որ շատերն իրենց զբաղվածությունը թաքցնելով` կարողանում են գործազրկության կարգավիճակ ստանալ` փաստ է: Գործատուները սոցվճարներից խուսափելու նպատակով հակված են աշխատողների որոշ մասին չգրանցել, ինչի դեպքում որեւէ փաստաթղթում չի երեւում աշխատողի` զբաղված լինելու փաստը: Համաձայն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տրամադրած 2011թ.-ի վերաբերյալ տեղեկատվության` տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել շուրջ 21.358 գործազուրկ` նախորդ տարվա 27.764-ի փոխարեն: Նույն փաստաթղթի համաձայն, օրենսդրությամբ սահմանված միջոցառումների կիրառման արդյունքում 11 ամսվա ընթացքում իրականացվել է գործազրկության նպաստի կասեցման 865 դեպք եւ դադարեցման 3901 դեպք: Գործակալության կողմից կազմակերպված 2008-2011թթ. տարբեր բազաների տվյալների համադրումների արդյունքում հայտնաբերվել է, որ քաղաքացիների կողմից սխալ տեղեկություններ ներկայացնելու պատճառով վճարվել է 162 մլն 763 հազ. դրամ գործազրկության նպաստ: Նշված գումարից 96 մլն 526.5 հազ. դրամ գումարն արդեն ետ է գանձվել, 1մլն 540.0 հազ. դրամի հայց էլ ներկայացվել է դատարան, իսկ 32մլն 280. հազ. դրամը միայն 2011թ. ընթացքում է ետ գանձվել: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Ս. Հարությունյանն անդրադառնալով թաքնված զբաղվածության խնդրին` պարզաբանում է. «Ըստ օրենքի` անձը ներկայանում է զբաղվածության տարածքային կենտրոն. Ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, ըստ որի` որեւէ կենսաթոշակ չի ստանում, պատրաստակամ է աշխատանքի եւ հաշվառվում է: Այնուհետեւ տարածքային կենտրոնը համապատասխան տեղեկատվություն է ստանում, որ նա չի համարվում հողի սեփականաշնորհումից օգտված: Նրան տրվում է կարգավիճակ եւ նշանակվում է գործազրկության նպաստ: Անհատական բազայի համադրման արդյունքում` հետագայում, եթե ճշտվում է, որ անձը գրանցված աշխատող է, բնականաբար, նպաստը դադարեցվում է, եւ այդ գումարը ետ է գանձվում: Բայց եթե նա թաքնված աշխատող է` դա չի հայտնաբերվում: Թաքնված զբաղվածությունն իսկապես ընդհանուր խնդիր է. մարդը կարող է աշխատել, բայց օրենսդրորեն աշխատանքի երեւալու հանգամանքը կարգավորված չէ»: Այս խնդիրն, ըստ Ս. Հարությունյանի` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Աշխատանքի տեսչության լիազորությունն է, որը կատարում է համապատասխան ուսումնասիրություն, գնահատում եւ հետեւանքներն ամրագրում է: Ս. Հարությունյանը համամիտ չէ մեզ դիմած այն քաղաքացիների դժգոհությունների հետ, թե իրական գործազուրկները նպաստ չեն ստանում` համարելով, որ փաստաթղթերով գործազուրկ համարված անձը, որը ներկայացնում է համապատասխան տեղեկանքները` հաշվառվում եւ միանշանակ ստանում է գործազրկության նպաստ: «Այդ ընթացքում նա ստանում է նաեւ հարմար աշխատանքի առաջարկ: Օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանելու դեպքում անհնար է, որ մարդու գործազրկության նպաստ ստանալու իրավունքը չբավարարվի: Ընդ որում, պատահում են դեպքեր, երբ նպաստ ստանում է նաեւ այն մարդը, որը թաքնված զբաղված է եւ որեւէ ձեւով հնարավոր չէ ապացուցել իր զբաղվածությունը: Դրան զուգահեռ, պետք է նշեմ, որ շատ մեծ աշխատանք է կատարվում նման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Սա խնդիր է, որն առկա է բոլոր երկրներում: Կարծում եմ` պետք է օրենդրական փոփոխություններ կատարել, որպեսզի եւ՛ գործատուն, եւ՛ աշխատողը շահագրգռված լինեն, որ այդ գործունեությունը ձեւակերպված լինի համապատասխան պայմանագրով: Աշխատողն` ինքը, եթե չի ձեւակերպվում` հետագայում զրկվում է տարբեր սոցիալական երաշխիքներից».- ասում է Ս. Հարությունյանը` վստահեցնելով, որ մեր երկրում գործազրկությունը զգալիորեն նվազել է: Այսպիսով, ստացվել է այնպես, որ զբաղված լինելով հանդերձ` կարելի է ստանալ գործազրկության նպաստ, ինչը շահեկան է թե՛ գործատուի, թե՛ նպաստառուի համար: Ստվերային ճանապարհով պետությունից աջակցություն ստանալու այս մոդելը գործում է նաեւ ընտանեկան նպաստ համակարգում: Այնպես որ, պետական խողովակներով հատկացվող գումարների զգալի մասը ճշգրիտ հասցեատերերին չի գտնում: Օրենսդրական դաշտը թեեւ մշտապես ենթարկվում է բարեփոխումների, այդուհանդերձ` թաքնված զբաղվածությունն այս երկու տեսակի պետական նպաստների տրամադրման դաշտում ապօրինականության հնարավորություններ է ստեղծում: Նույնիսկ վերահսկող մարմինների կողմից պարբերաբար կատարվող ստուգումների արդյունքում թաքնված զբաղվածությունը չի հայտնաբերվում, քանի որ մարդն աշխատում է առանց գրանցման, ինչը փաստացի ապացուցել հնարավոր չէ: Հայտնաբերելու դեպքում էլ ետգանձում է կատարվում: Նշենք, որ ըստ գործակալության տրամադրած տեղեկատվության` 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղվածների թվի աճով պայմանավորված` գրանցված գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 1%-ով եւ կազմում է 6%: Հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը 81.733 է, որից 69.440-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Ս. Հարությունյանի հավաստմամբ` զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել են 21.846 աշխատանք փնտրող անձ` նախատեսված 14.040-ի փոխարեն, որը կազմում է աշխատանք փնտրողների 26.7%-ը: Գործակալության տվյալներով` աշխատանքի է տեղավորվել 10.786 աշխատանք փնտրող: Ինչեւէ, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը աշխատաշուկայում առկա խնդիրների վերաբերյալ հետազոտություն է կատարել, որտեղ նաեւ նշվում է գործատուների կողմից առաջիկա մեկ տարվա ընթացքում ներկայացրած 1000 նոր ստեղծվելիք աշխատատեղերի մասին տեղեկատվություն: Առաջիկայում մենք կանդրադառնանք նաեւ հայաստանյան աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությանը, հատկապես գյուղական բնակավայրերում աշխատատեղերի բացակայությանը եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության իրականացրած ծրագրերին: