Ետ չեն վերցնի

07/02/2012

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կոչ է անում ՀՀ իշխանություններին ետ վերցնել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Երեկ Սաֆարյանը նման առաջարկով դիմել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որպեսզի վերջինս հարցը բարձրացնի ՀՀ նախագահի մոտ: «Մինչ առաջարկը հնչեցնելը իմ կողմից վկայաբերվեցին վերջին օրերի ընթացքում Թուրքիայի բավականին ներկայացուցչական պաշտոնյաների հայտարարությունները, մասնավորապես, Էգեմեն Բաղըշը` Թուրքիայի եվրաինտեգրման հարցերով նախարարը, Դավոսում հոխորտացել էր, թե ինքը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը, թող գան եւ իրեն ձերբակալեն, քանի որ այդ երկիրը ընդունել է ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծ: Իսկ երեկ արդեն «Զամանին» տված հարցազրույցում նա նշել էր, որ իրենք ներողություն կխնդրեն հայերից, եթե հայերը ապացուցեն, որ ցեղասպանություն եղել է»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ս.Սաֆարյանը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ի պատասխան` ասել է, թե, ինչպես ցույց տվեց պատմությունը, արձանագրությունների ստորագրումը չկասեցրեց Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման ընթացքը, իսկ Թուրքիայի կողմից դրանց չվավերացնելը հանգեցնում է Անկարայի նկատմամբ միջազգային ճնշման: «Ի՞նչ կտա Հայաստանին ստորագրությունները ետ վերցնելը: Դրանով մենք չենք կարող համարել, որ արդյունավետ քայլ կատարեցինք: Ենթադրենք, ետ վերցրեցինք, ի՞նչ: Մենք այսօր էլ, եթե առկախել ենք, ասում ենք, որ գործընթացը կասեցրել ենք եւ չենք շարունակում, քանի դեռ այս կամ այն պայմանները առկա չեն, որոնք արդեն մենք ենք թելադրում»: