Ինչպես հայտնի է` փետրվարի 4-ին, ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Պարոնյան փողոցում գործող «Ուրարտու» ռեստորանի մոտից, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ռեստորանի գործադիր տնօրեն, 45-ամյա Աշոտ Երիցյանին: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` պարզվել է, որ նա փետրվարի 2-ի ժամը 20:00-ից մինչեւ փետրվարի 3-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում, «մի կնոջ հետ միասին, Պարոնյան փողոցում գործող «Մասկարադ» կարաոկե բարում, ապա` «Ուրարտու» ռեստորանում եւ Սայաթ-Նովա պողոտայի թիվ 37 շենքի մուտքում, ծեծի են ենթարկել 24-ամյա Արտակ Գ.-ին, որից հետո նրան Ա. Երիցյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղից տեղ են տեղափոխել, որի ընթացքում Երիցյանը Արտակ Գ.-ի նկատմամբ բռնություն կիրառելով` նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկը` զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից»: Ըստ ոստիկանության` փետրվարի 4-ին, ժամը 18:00-ին, Արտակ Գ.-ից ընդունվել է հաղորդում: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Կատարվում է նախաքննություն: