– Պարոն Օսկանյան, օրեր առաջ հայտարարություն էիք տարածել, թե քննարկում եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ձեր համագործակցության եւ քաղաքական ներգրավվածության հարցը: Եվ չէիք բացառել, որ այդ որոշումը շուտ կայացնեք: Կարելի՞ է ասել, որ նախընտրական այս շրջանում արդեն ազդարարում եք ԲՀԿ-ի հետ միասին ակտիվ քաղաքականություն մտնելու մասին:
– Նախորդ իմ հայտարարությունից ընդամենը մի քանի օր է անցել, այնպես որ` այս ընթացքում շատ բան չի փոխվել, դեռ վերջնական որոշում չկա, բայց կարող եմ ասել, որ ԲՀԿ-ի հետ իմ քննարկումներն արդեն բավական խորն են:
– Հնարավո՞ր է, որ ընդգրկվեք ԲՀԿ համամասնական ցուցակում: Մամուլում հրապարակումներ կան, որ Դուք լինելու եք այդ ցուցակի առաջին հորիզոնականներում:
– Խոսքը դրան չի վերաբերում, խոսքը կուսակցության հետ իմ համագործակցության, ներգրավվածության մասին է ընդհանրապես: Եվ այդ ուղղությամբ, ինչպես ասացի, քննարկումները բավական խորացել են:
– Հնարավո՞ր է` անդամակցեք կուսակցությանը:
– Չեմ բացառում:
– Իսկ ինչո՞ւ եք հենց ԲՀԿ-ի հետ ցանկանում համագործակցել:
– ԲՀԿ-ի հետ կապված մի քանի գործոն կար, որոնք ես նկատի եմ ունեցել: Առաջինը` որ ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, բայց քաղաքականացված կուսակցություն չէ: Իմ տպավորությունն է, եւ հուսով եմ, որ չեմ սխալվում, որ ԲՀԿ-ն իշխանություն ունենալու դեպքում պետական համակարգում կներգրավի բացառապես այնպիսի մարդկանց, որոնք փորձ ունեն, կարող են, պատրաստակամ եւ ազնիվ են` անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ ինչպիսի քաղաքական ճանապարհ են անցել: Երկրորդ` մեր հասարակությունը ԲՀԿ-ին ընկալում է ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես այլընտրանք գործող իշխանությանը: Կարծում եմ, նկատի ունենալով Հայաստանի այսօրվա քաղաքական մթնոլորտը, սա շատ դրական գործոն է: Եվ հասարակության մեջ այս ընկալումը, կարծում եմ, գալիս է ԲՀԿ-ի գործելաոճից` այս տարիներին նրանք երբեք այլ քաղաքական ուժերի հակակրանքը չեն առաջացրել: Այսինքն` վիրավորանքների, պարսավանքների բեռը չունեն: Սա առավելություն է այն առումով, որ եւ՛ նախընտրական, եւ՛ հետընտրական շրջանում ԲՀԿ-ն ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության մեջ մտնելու լայն հնարավորություն ունի: Երրորդը` իմ դիտարկումներով` ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունը այսօր ԲՀԿ-ն ունի: Այս փուլում ԲՀԿ-ին առավել ուժեղացնելով` ես կարծում եմ, որ մենք` հասարակությունը, նոր խորհրդարանում քաղաքական իրավիճակը փոխելու առավել մեծ հնարավորություն ենք ստանում:
– ԲՀԿ-ն իշխանական երկրորդ ուժն է եւ ներգրավված է պետական կառավարման համակարգում: Ի՞նչը կամ ո՞վ է խանգարել ԲՀԿ-ին այս հինգ տարիներին ունենալ Ձեր ասած փորձառու, պատրաստակամ եւ ազնիվ մարդիկ կամ խորհրդարանում լինել իրական քաղաքական հակակշիռ:
– Որովհետեւ մեզ մոտ կոալիցիան բնական կոալիցիա չէ, ձեւական է: Դրա համար էլ գոյություն ունեցող իրավիճակի պատասխանատվությունը դրական եւ բացասական առումներով հիմնականում ընկնում է ՀՀԿ-ի վրա, որը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն եւ ցանկացած հարցում կարող է միայնակ որոշում կայացնել: Ուղղակի անհնար է, որ կոալիցիոն մյուս ուժերը կարողանան այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնց դեմ է մեծամասնությունը: Դրա համար էլ ԲՀԿ-ի գործունեությունն այս տարիների ընթացքում եղել է, իր ինքնուրույնությունը պահելով հանդերձ, իշխանության հետ լինել անընդհատ համագործակցության մեջ:
– Այսինքն` որպեսզի ԲՀԿ-ն Ձեր ասած ուժը լինի, նրան ավելի՞ շատ ձայներ են պետք: Այսինքն` պետք է մեծամասնությո՞ւն լինի:
– Այո: Կամ պետք է իսկական կոալիցիա կազմի: Օրինակ, եթե ես վստահ չլինեմ, որ ԲՀԿ-ն հանդգնորեն չի մտնելու քաղաքական պայքարի մեջ, ես չեմ ներգրավվի քաղաքական գործընթացների մեջ, որովհետեւ անիմաստ կլինի: Կարծում եմ, որ ԲՀԿ-ի միջոցով հնարավոր կլինի ազատ եւ անկախ ընտրություններ անցկացնել, քաղաքական իրավիճակ փոխել եւ հակակշիռներ ստեղծել եւ, վերջիվերջո, գնալ իսկական կոալիցիաների, որպեսզի միայն մեկ քաղաքական ուժ մենաշնորհ չունենա:
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ի շուրջ կատարվող վերջին իրադարձությունները` արտահոսքը, ձերբակալությունները: Մեկ տարի է, ինչ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հարաբերությունները լարված են:
– Այդ իրադարձությունների մեջ ես չեմ խորացել, բայց արտաքուստ տպավորությունս այն է, որ դրանք, իրոք, քաղաքական նպատակներով են արվում: Լավ կլիներ, որ նման բաներ չլինեին, որովհետեւ, վերջիվերջո, հնարավոր է, որ հենց այս նույն կուսակցությունները նոր խորհրդարանում կոալիցիա կազմեն (խոսքն իսկական կոալիցիաների մասին է) ու միասին աշխատեն: Հուսով եմ, որ այդ հարցերը շատ արագ կհարթվեն, եւ կկարողանանք նորմալ ընտրապայքար ծավալել ու մտածել երկրի առաջ ծառացած մարտահրավերների, ժողովրդի խնդիրների մասին ու դրանց համար լուծումներ առաջարկել:
– Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, սովորական նախընտրական լարվածությո՞ւն է, թե՞ լուրջ առճակատում:
– Ես ասացի, որ այս տարիներին ԲՀԿ-ն շատ յուրահատուկ ոճ է որդեգրել: Մի կողմից` անընդհատ փորձել է իր ինքնուրույնությունը պահել, բայց միաժամանակ համագործակցել է խորհրդարանի մեծամասնության հետ եւ երբեք նրա հետ գաղափարական հակասությունների մեջ չի մտել: Քանի դեռ երկրում քաղաքական մրցակցություն չկար, այս գործելաոճը, բնականաբար, ՀՀԿ-ի համար շատ ընդունելի էր: Բայց հիմա, երբ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մրցակցություն է սկսվել, ՀՀԿ-ի համար այս ոճը, կարծես, արդեն ընդունելի չէ: Եվ դրսից իմ տպավորությունն այն է, որ ԲՀԿ-ին կարծես ասվում է` «եկեք շարունակենք համագործակցությունը, բայց պիտի հրաժարվեք ձեր ինքնուրույնությունից»: Կարծում եմ, որ այս լարվածությունը հենց սրանից է գալիս:
– Դուք ողջունեցիք ընդդիմադիր մի քանի ուժերի եւ ԲՀԿ-ի կողմից 100 տոկոս համամասնական ընտրակարգի հետ կապված նախաձեռնությունը: Հայտարարեցիք, թե դա կարող է քաղաքացիական շարժում դառնալու հիմքը լինել: Ընտրությունների նախաշեմին այդ նախաձեռնությունը կարո՞ղ է միավորել այդ ուժերին:
– Բոլոր քաղաքական ուժերն այսօր մի կարեւոր խնդիր ունեն` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելը, այլապես այս ամբողջ քաղաքական պայքարն անիմաստ է: Համամասնական-մեծամասնական այս բանավեճը գալիս է նրանից, որ մենք բոլորս գիտենք, թե Հայաստանում մեծամասնական ընտրություններն ինչպես են անցկացվում: Եվ եթե հնարավոր չէ մեծամասնականը վերացնել, ուրեմն այս նույն ուժերն իրենց աշխատանքը պետք է կենտրոնացնեն այնպիսի մեխանիզմներ ստեղծելու վրա, որպեսզի կարողանան համատեղ հսկել ընտրական գործընթացը եւ վստահ լինեն, որ այն անցնում է արդար: Այլապես մենք չենք կարողանա հաջորդ տարիների համար զարգացում ապահովել: Համարում եմ, որ այդ ուժերի համագործակցությունն անհրաժեշտ է, եւ նույնիսկ շատ հստակ մեխանիզմներ պետք է ստեղծվեն: Ես կառաջարկեի, որ բոլոր կուսակցությունները, ներառյալ` ՀՀԿ-ն, ընտրությունները վերահսկելու համար ինչ-որ մի ընդհանուր շտաբ ստեղծեն: Յուրաքանչյուր կուսակցություն իր ներկայացուցիչն ունենա այնտեղ, եւ հստակ մեխանիզմ մշակվի, թե ինչպես է իրականացվելու վերահսկողությունը: Այնտեղ արդեն կերեւա, թե ով է ուզում արդար ընտրություններ, ով չի ուզում:
– Կարծիք կա, թե ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող լարվածության մեջ իր դերն ունի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ԲՀԿ-ի միջոցով փորձում է ընտրություններից հետո քաղաքական հենարան ստեղծել իր համար:
– Մեր քաղաքական մտածողության թերություններից մեկն այն է, որ քաղաքական ամեն զարգացում փորձում ենք նախագահների հետ կապել:
– Դուք մի անգամ մեզ հետ զրույցում ասել էիք, որ Ռ. Քոչարյանը քաղաքական գործընթացներին ներգրավվածություն կունենա: Ձեր կարծիքով` նա կմասնակցի՞ 2013թ. նախագահական ընտրություններին: Ի դեպ, խոսակցություններ կան, թե կարող է ընտրությունը կանգնել Ձեր թեկնածության վրա: Ձեր առաջադրման մասին խոսակցություններ կային նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների նախօրեին:
– Քոչարյանի հետ իմ հանդիպումների ընթացքում 2013թ. նրա առաջադրվելու թեման երբեք չի քննարկվել: Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ համար հիմա դեռ շատ վաղ է մտածել այդ մասին:
– ՀՀԿ-ից ակնարկներ են հնչում, թե ԲՀԿ-ն խախտում է մեկ տարի առաջ ստորագրած կոալիցիոն հայտարարությունը, որտեղ այս խորհրդարանական ընտրություններից հետո ուժերի հարաբերակցությունը պահելու մասին պայման կար: Իսկ ավելին ունենալու մասին ԲՀԿ-ի հայտարարությունները գնահատվում են որպես կոալիցիոն այդ պայմանի խախտում:
– Ես անդրադարձել եմ այդ հայտարարությանը եւ համարել եմ, որ կոնկրետ այդ դրույթը հակաժողովրդավարական է: Փաստորեն, այդ հուշագրով նրանք են որոշում, թե ժողովուրդն ինչ ընտրություն պետք է անի: Մինչդեռ ժողովուրդը պետք է որոշի, թե իր քվեն ում տա: Կարծում եմ, որ այդ դրույթը հնարավոր կլինի իրագործել այն ժամանակ, երբ այդ կուսակցությունները մեկ ցուցակով մասնակցեն ընտրություններին: Իսկ եթե միասին չեն մասնակցում, պետք չէ մեղավոր փնտրել, թե ով է խախտում: Փաստաթուղթն է մեղավոր:
– Ասում եք` ժողովուրդը պետք է որոշի: Բայց Հայաստանում ոչ ժողովրդի մոտ, ոչ էլ նույնիսկ իշխանությունների մոտ անգամ կարծիք չկա, որ իշխանությունը կձեւավորվի ազատ ընտրությունների միջոցով:
– Այդ մտածողությունը պետք է ջարդել: Ես այս գործընթացների մեջ մտնում եմ արդար ընտրությունների միջոցով քաղաքական իրավիճակի փոփոխության հասնելու, ինչպես նաեւ նախընտրական պայքարը վիրավորանքների դաշտից քաղաքական բանավեճի դաշտ տեղափոխելու մտադրությամբ ու ակնկալիքով: Մենք պետք է նախընտրական այս փուլում սկսենք խոսել ժողովրդի խնդիրներից, մեր առաջ կանգնած մարտահրավերներից, պետք է փորձենք կուսակցությունների միջեւ հեռուստատեսային դեբատներ կազմակերպել, որպեսզի ժողովուրդը զգա, որ իսկական պայքար է գնում, եւ ունենա իսկական այլընտրանք, թե` ո՛վ է այս երկիրը հաջորդ տարիներին ղեկավարելու: Մենք լուրջ բացատրական աշխատանք պետք է տանենք: Սակայն խորհրդարանական ընտրություններին միշտ մատների արանքով ենք նայել:
Համոզված եմ, որ եթե մարդկանց հարցնես, կասեն, թե Հայաստանը նախագահական համակարգ է: Մենք կիսախորհրդարանական համակարգ ենք: Խորհրդարանական ընտրությունների միջոցով ժողովուրդն անուղղակիորեն ընտրում է իր վարչապետին, ընտրում է այն քաղաքական ուժին, որը պետք է վարչապետ նշանակի: Եվ ՀՀ Սահմանադրությամբ այսօր վարչապետի լիազորությունները համադրելի են նախագահի լիազորությունների հետ: Ողջ սոցիալ-տնտեսական ոլորտը վարչապետի լիազորությունների մեջ է մտնում, եւ վարչապետի որոշումները չեն ենթադրում նախագահի համաձայնությունը: Միայն անվտանգության, պաշտպանության եւ արտաքին հարցերով է, որ նախագահն ավելի մեծ լիազորություններ ունի: Բոլոր մյուս հարցերում լիազորությունները վարչապետինն են: Իսկ վարչապետը նշանակվում է խորհրդարանում քաղաքական մեծամասնության կողմից, որին էլ ընտրում է ժողովուրդը հենց այս ընտրություններով: Սա է պատճառը, որ ես այս ընտրություններին մեծ նշանակություն եմ տալիս: Եթե մենք ուզում ենք, որ մեր համակարգում իրոք քաղաքական հակակշիռներ լինեն, պետք է լուրջ վերաբերվենք այս ընտրություններին: Պատկերացրեք, թե ինչպիսի նոր իրավիճակ կլինի, եթե վարչապետը լինի մի կուսակցությունից, որը ՀՀԿ-ն չէ: Նախագահի հետ դա արդեն լուրջ հակակշիռ կլինի, որից կօգտվի երկիրը, եւ մենք կկարողանանք խնդիրներին այլ կերպ նայել: Եվ փոխադարձ հսկողությամբ այդ հակակշռի պարագայում մեր բոլոր պետական գործիչները ստիպված կլինեն ծառայել ժողովրդին, ոչ թե լուծել իրենց կուսակցական կամ անձնական խնդիրները:
– Նախկին իշխանությունների դեպքում էլ վարչապետը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն էր եւ նախագահի ներկայացուցիչը չէր, բայց սոցիալ-տնտեսական ոլորտում մեծ դերակատարություն չուներ: Ի վերջո` ամեն ինչ նախագահն էր որոշում:
– Այո, միշտ այդպես է եղել: Բայց այսօր բոլորովին այլ քաղաքական եւ տնտեսական իրավիճակ է Հայաստանում: Երկրում տնտեսական վիճակը շատ ծանր է, լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչը հնարավոր կլինի իրականացնել միայն ու միայն խորհրդարանում նոր տեսակի քաղաքական մեծամասնություն ձեւավորելով:
– Կարծիք կա, թե որ ուժը խորհրդարանում մեծամասնություն դառնա, նրա ներկայացուցիչն էլ առավել շատ հնարավորություն կունենա հաղթել նախագահական ընտրություններում:
– Մենք նախ պետք է ունենանք նորմալ խորհրդարան եւ, եթե պետք է` օրենսդրական փոփոխություններ անենք, որպեսզի կարողանանք նաեւ նախագահական ընտրությունների համար համապատասխան պայմաններ ստեղծել, որ լինեն ազատ եւ արդար ընտրություններ: Բայց եկեք խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների չվերածենք: Դա մեզ սխալ ճանապարհով կտանի: