Պարզվում է՝ մոտ ապագայում ունենալու ենք այսպիսի տնտեսություն, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավելու դերձակներն ու կարողները։ Նրանց մոտ գնալու են մենեջերներն ու տնտեսագետները։ Իրենց վարորդներով։
Մենեջերներից ու տնտեսագետներից բացի, հայկական ընկերություններում աշխատելու են գանձապահներ, վաճառողներ ու առաքիչներ, եւ իհարկե՝ անվտանգության ծառայողներ։ Թե ինչ են վաճառելու կամ առաքելու, կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ աշխատանքից հետո գնալու են լիցքաթափվելու ռեստորաններում ու սաունաներում՝ խթանելով մատուցողների պահանջարկը։ Իսկ հետո արդեն խթանելու են բժիշկների պահանջարկը՝ «լիցքաթափման» հետեւանքները վերացնելու համար։ Սրանք են այն հիմնական մասնագիտությունները, որոնց նկատմամբ Հայաստանի տնտեսության պահանջարկը առաջիկայում մեծ է լինելու։ Եվ սրանով կարելի է կարծիք կազմել ՀՀ տնտեսության որակի մասին։
Եթե մտածում եք` վերը նշվածը կատակ է կամ մեր երեւակայության արդյունքը, ապա ստիպված ենք ասել, որ սխալվում եք։ Այս հետեւություններին կարելի է հանգել «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերության կողմից 2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին իրականացված հետազոտությունից («Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում»)։ Դրա նպատակն է եղել գնահատել տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունները ՀՆԱ-ի աճի տեսանկյունից եւ կանխատեսել պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Զբաղվածության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել, թե առաջիկայում աշխատաշուկայում ինչպիսի մասնագետների պահանջարկ կլինի։ Մեծ թիվ են կազմում մենեջերները, բժիշկները, տնտեսագետները, օպերատորները, առաքիչները, գանձապահները (բանկային համակարգում), պահապանները` անվտանգության ծառայության, վաճառողները, մատուցողները, դերձակները, կարողները եւ վարորդները: Ընտրանքային հետազոտության մեջ ընդգրկվել է շուրջ 2500 գործատու, արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2000 կազմակերպության վերաբերյալ:
Հետազոտության արդյունքներին կասկածելու հիմքեր չունենք։ Սակայն հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են արտադրության, արդյունաբերության ոլորտի աշխատողները։ Դե, գաղտնիք չէ, որ այսօր մենք այդ մասնագիտությունների կարիքը չունենք։ Հանրապետությունը աշխատում է մի մեխանիզմով, երբ դրսից ուղարկված փողերով գնում ենք դրսում արտադրված ապրանքները, «ձեռքի հետ» էլ` մեկ-երկու սպասարկման օբյեկտ աշխատեցնում։ Սակայն, եթե հավատանք կառավարությանը, ապա արդյունաբերության մշակման քաղաքականություն է իրականացվում, ոլորտն աճում է երկնիշ թվերով եւ կշարունակի աճել, եւ Հայաստանը կվերածվի արդյունաբերական լուրջ երկրի՝ արտահանման ուղղվածությամբ։ Ըստ տրամաբանության՝ այդ դեպքում պետք է աճի ինժեներների, տեխնիկների, բանվորների նկատմամբ պահանջարկը։ Այսինքն՝ պետք է կանխատեսվեր տեխնիկական մասնագիտությունների պահանջարկի աճ։ Սակայն այժմ տպավորություն է, որ արդյունաբերությամբ զբաղվելու են բժիշկները, մենեջերներն ու մատուցողները։
Եթե ավելի լուրջ, ապա ոչ մի հակասություն էլ չկա։ Պարզապես պետք է ուշադրություն դարձնել, որ հետազոտությունը կատարվել է ընկերությունների շրջանում հարցումների հիման վրա։ Իսկ դա իր հերթին ցույց է տալիս, որ հայկական բիզնեսը չի հավատում արդյունաբերական լուսավոր ապագային եւ առաջիկա տարիներին իր ուշադրությունը կենտրոնացնելու է միանգամայն այլ ոլորտների վրա։ Ստացվում է, որ բավական անկեղծ հետազոտություն է։
Անկեղծության մասին է վկայում նաեւ այն, որ հիմք ընդունելով կազմակերպությունների շրջանառության ծավալներն ըստ գործունեության ոլորտների` 2011թ. եւ 2012թ. համար ՀՆԱ աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 1.7% եւ 3.8%՝ պաշտոնական կանխատեսումներից բավական ցածր։