Հայկ Գեւորգյանից վրեժխնդիր են լինում

04/02/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Հայկական Ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանի ձերբակալության լուրը երեկ կայծակնային արագությամբ տարածվեց մամուլով։

Սկզբում հայտնի դարձավ, որ քաղաքացիական հագուստով մարդիկ (ովքեր, ինչպես պարզվեց, ոստիկաններ էին) նրան հենց իր շենքի բակում ձերբակալել են եւ տարել անհայտ ուղղությամբ։ Հետո Ոստիկանությունը որոշ մանրամասներ տրամադրեց, որից սակայն պարզ չէր, թե ինչի՞ համար են բերման ենթարկել Հայկին։ Նշվեց, որ Հայկ Գեւորգյանը կալանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով։

Որոշ ԶԼՄ-ներ հղում անելով իրենց աղբյուրներին՝ նշեցին, որ Հայկին ձերբակալել են վրաերթ կատարելու մեղադրանքով։ Օրվա երկրորդ կեսին այդ տեղեկությունները հաստատվեցին։ Արդեն երեկոյան ժամը 18։00-ին ասուլիս հրավիրեց «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ ընթերցեց «ՀԺ»-ի հայտարարությունը։ Մինչ Ն. Փաշինյանի մեկնաբանություններին անդրադառնալը՝ նշենք, որ 2 ժամ անց պարզաբանում ներկայացրեց նաեւ Ոստիկանությունը։ Ոստիկանության հաղորդագրությունը սկսվում է այն ձեւակերպումներով, որ «Օրեր առաջ քաղաքացուն վրաերթի ենթարկած Հայկ Գեւորգյանի կալանավորումը շահարկման առարկա դարձավ որոշ լրատվամիջոցների կողմից», եւ, որ «Ոստիկանությունը հստակ եւ իրավաչափ կատարել է իր խնդիրը»։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն. «Հունվարի 13-ին, ժամը 17։30-ի սահմաններում, Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր: Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով` վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է Ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան եւ իրեն անօգնական վիճակում թողնելով` դիմել է փախուստի: Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ու ստացիոնար բուժում ստացել: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` նրան պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ, ու սկսվել է նախաքննություն»:

Ն. Փաշինյանը, սակայն, պատմեց հետեւյալը։ Հունվարի 13-ին Հայկ Գեւորգյանը եղել է Էկոնոմիկայի նախարարությունում: Երբ փորձել է մեքենայով հետ շարժվել՝ դուրս գալ կայանատեղիից, մեքենայի ետեւում նկատել է ինչ-որ տղամարդու: Լրագրողը մի քանի անգամ ազդանշան է տվել, սակայն նա չի հեռացել: Դրանից հետո, տեսնելով, որ ազդանշանը արդյունք չի տալիս, Հայկը մեքենայի միջից նրան ձայն է տվել եւ խնդրել է հեռանալ։ Տղամարդն արձագանքել է, սակայն այն պահին, երբ լրագրողը փորձել է մեքենայով դուրս գալ կայանատեղիից, տղամարդը բռնել է ոտքը ու «վախ, ոտս» ասել: Ն. Փաշինյանի հավաստիացմամբ՝ կոնտակտ չի եղել։ Հայկը դուրս է եկել մեքենայից եւ զայրացել անձի վրա ստելու համար ու սպառնացել է Ոստիկանություն զանգահարել: Հետո համոզվելով, որ ոչ մի բան չի եղել, նստել է մեքենա, եկել խմբագրություն եւ պատմել եղելության մասին։

Ն. Փաշինյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դրա նախորդ օրը՝ հունվարի 12-ին, Հայկ Գեւորգյանին կանգնեցրել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը եւ հարցրել, թե ինչու ԱՊՊԱ կտրոն չկա մեքենայի վրա: Լրագրողն էլ պատասխանել է, թե ԱՊՊԱ կտրոնը կփակցնի այն ժամանակ, երբ կտրոն լինի նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեքենայի վրա:

«Հայկ Գեւորգյանի դեմ գործ են սարքում»,- ասաց Ն. Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ոստիկանությունից հայտնել են «տուժածի» անունը։ ՀԺ-ից զանգահարել են հիվանդանոց, որտեղից հայտնել են, որ այդ մարդը գտնվում է ծանր վիճակում: Սակայն, երբ

ՀԺ-ի թղթակիցը գնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, պարզվել է, որ նման մարդ կա, բայց ոչ մի կապ չունի այս գործի հետ: «Զավեշտալին այն է, որ գործով տուժողը հայտնել է, թե մեքենան իրեն շատ թույլ է դիպել, դրանից կտրվել է իր ոտքի ջիլը, ինքը նստել է բորդյուրին եւ գլուխը խփել ծառին»,- ասաց Ն. Փաշինյանը: Ի դեպ, ըստ «ՀԺ» խմբագրի, իրենք արդեն երեկ այլ փաստեր ունեին, որոնք ապացուցում են, որ Հայկի նկատմամբ «գործ են սարքում», սակայն մարտավարական նկատառումներից ելնելով` առայժմ զերծ մնաց դրանք հրապարակելուց։

Այսքանը` դեպքի վերաբերյալ։ Սակայն անհասկանալի իրադարձությունների շղթան շարունակվում է նաեւ դրանից հետո։ Ըստ Ոստիկանության հաղորդագրության` «Դեռեւս նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան հաշվառված է Աննա Հակոբյանի անունով, որը հունվարի 14-ին եւ 16-ին պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն հունվարի 19-ին ՃՏՀ քննության բաժին է զանգահարել նրա ամուսինը եւ, առանց որեւէ հարգելի պատճառ ներկայացնելու, հայտարարել, որ ինչպես կինը, այնպես էլ ինքը հրաժարվում են ներկայանալ բաժին: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարություն է տրվել պարզելու վարորդի ինքնությունը: Ստացվել է պատասխան գրություն, որ վրաերթը կատարել է Հայկ Գեւորգյանը, որը նույնպես պատշաճ կերպով, ինչպես փոստով, այնպես էլ Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից, հունվարի 17-ին ծանուցվել է ՃՏՀ քննության բաժին հարցաքննության ներկայանալու համար: Հայկ Գեւորգյանը հունվարի 20-ին զանգահարելով քննիչին` պայմանավորվել է քննության ներկայանալու օրն ու ժամը, բայց այդպես էլ չի ներկայացել»։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ տեղի է ունեցել հետեւյալը։ Երեկոյան քննիչը ծանուցագիր է ուղարկել Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, քանի որ մեքենան գրանցված է վերջինիս անունով։ Դրանից հետո Ն. Փաշինյանն ինքն է զանգել քննիչին եւ ասել, թե ծանուցագիրը պատշաճ լրացված չէ, «ինչ է նշանակում` հրավիրում ենք»: Քննիչն այնուհետեւ ծանուցագիր է ուղարկել Հայկ Գեւորգյանին, ով նույնպես քննիչին ասել է, թե ծանուցագիրը պետք է պատշաճ լրացված լիներ՝ ինչպես պահանջում է քրեական դատավարության օրենսգիրքը։

Իսկ հետո կատարվածի մասին «ՀԺ»-ում իմացել են Հայկի կնոջից։ Նա զանգահարել է եւ ասել, որ հարեւանները տեսել են, թե ինչպես են իր ամունուն շրջապատել 4-5 մեքենայով եւ տարել անհայտ ուղղությամբ։ Ն. Փաշինյանը դա որակեց` որպես «մասկի-շոու»՝ կազմակերպված Վովա Գասպարյանի կողմից։

Սակայն Ոստիկանության հաղորդագրության «մեխը» թերեւս այն էր, որ Հայկը հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ։ «Հունվարի 23-ին Հայկ Գեւորգյանին բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեւորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ Սակայն դեռ մինչեւ ասուլիսը լրագրողներն արդեն այս հայտարարությունը անհեթեթություն էին համարում, քանի որ Հ. Գեւորգյանն իրենց հետ հունվարի 23-ից հետո մասնակցել է տարբեր պաշտոնյաների ասուլիսների եւ նիստերի։ Ընդ որում՝ շրջել է նույն մեքենայով։ Այդ մասին նշեց նաեւ Ն. Փաշինյանը՝ պարզաբանելով, որ հետախուզում հայտարարվում է այն դեպքում, երբ անձի գտնվելու վայրը հայտնի չէ։ Մինչդեռ Հայկը չի թաքնվել, 10 օր շարունակ իր սովորական ռեժիմով աշխատել է եւ վերադարձել տուն։ Ընդ որում՝ շրջել է նույն մեքենայով։ «Այդ մեքենան 10 օր շրջել է Երեւանում: Եվ Վովա Գասպարյանի ղեկավարած Ոստիկանությունը 10 օրվա ընթացքում չի կարողացել ճանապարհներից որեւէ մեկին հայտնաբերի ու արձանագրի այդ մեքենան: Սա Վովա Գասպարյանի գերատեսչության ամենամեծ գնահատականն է: 10 օրվա ընթացքում ինքը չի կարողացել հայտնաբերել մի մարդու, ով ամեն օր թերթում հոդված է տպագրում: Եվ հետո այդ մարդուց մենք ուզում ենք, որ նա հանցագործություն բացահայտի»,- ասաց Ն. Փաշինյանը:

Տեղի ունեցածի պատճառը, «ՀԺ» խմբագրի կարծիքով, Հայկ Գեւորգյանի լրագրողական գործունեությունն է եւ վերջին շրջանի նրա հրապարակումները։ Ինչպես արդեն նշվեց՝ դեռ հունվարի 12-ին հրապարակում էր եղել ԱՊՊԱ կտրոնի մասին։ Հետո արդեն հրապարակում եղավ Վ. Գասպարյանի վարած ջիփ մեքենայի մասին, որը, ըստ «ՀԺ»-ի, նվիրել էր ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը։ Եվս մեկ աղմկահարույց հրապարակում՝ ՊՆ համակարգում 22.5 միլիոն դոլարի յուրացման փորձի շուրջ։ Դրա արդյունքում, ըստ Ն. Փաշինյանի, ինչ-որ մեկը զրկվեց 22.5 միլիոն դոլարից եւ այս ձեւով վրեժխնդիր է լինում։ «ՀԺ» խմբագիրը նաեւ կարծիք հայտնեց, որ ոստիկանապետը դա չէր կարող անել «առանց իր շեֆի թույլտվությունը» ստանալու։

Ն. Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են Հայկ Գեւորգյանի ազատությունը պաշտպանելու համար` եւ առաջին հերթին աջակցություն ու զորակցություն ակնկալեց լրատվամիջոցներից, լրագրողներից, «որոնց համար այս ձերբակալությունն իրենց խոսքի ազատության խնդիրն է»։