Ներիր մեզ, Տիգրան

04/02/2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին եւ ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին: Հանդիպման ժամանակ Տ. Սարգսյանն ասել է. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի ողջ հայության մեջ լինի միասնություն: Դրա համար էլ ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որի նպատակն է` համախմբել համայն հայությանը եւ օժանդակել նրանց բոլոր այն խնդիրների լուծման գործում, որտեղ պետությունը կարող է օգտակար լինել»: Ըստ ՀՀ կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության, ՌԱԿ ատենապետը ներողություն է խնդրել Տիգրան Սարգսյանից` իր կուսակիցներից մեկի կողմից վարչապետի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար: «Առաջին հերթին ցանկանում եմ իմ ներողամտությունը հայտնել` Ձեր նկատմամբ ներկայացված անարդար մեղադրանքների համար: Ես շատ խիստ կերպով խոսել եմ: Դժբախտաբար, կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»,- ասել է Մ. Խարապյանը` նկատի ունենալով ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի կողմից Տ. Սարգսյանին ուղղված բազմաթիվ մեղադրանքները: Այդ կապակցությամբ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Տ. Սարգսյանը նշել է. «Մենք ամեն ինչ հասկանում ենք: Ցանկացած իշխանություն շատ լավ գիտակցում է, որ քաղցր կյանք իրեն չի սպասվում, տարբեր տեսակի զրպարտություններ, մեղադրանքներ միշտ էլ լինում են, եւ ես հանգիստ եմ վերաբերվում նման բաներին»: