Պահանջում ենք ազատ արձակել

04/02/2012

«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը հայտարարություն է տարածել թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալման վերաբերյալ, որտեղ ասված է. «2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է ՀԺ-ի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հ. Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հ. Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա խուսափում է քննությունից: Հ. Գեւորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ: Հ. Գեւորգյանն այս ընթացքում նաեւ մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ճանապարհային Ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաեւ Հ. Գեւորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը եւ առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել: Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ: Ս/թ. հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հ. Գեւորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր եւ այդ հարցուպատասխանի արդյունքում` ՀԺ-ում հանդես եկել Վ.Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ: Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ:

Հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հ. Գեւորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գեւորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել: Դրան հետեւած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հ. Գեւորգյանի ձերբակալությունը եւ շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել ՀԺ-ի 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վ. Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը: ՀԺ-ի խմբագրակազմը, այսպիսով, հայտարարում է. 1.Հ. Գեւորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի եւ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի եւ լկտի հետապնդում է, որի նպատակը Գեւորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է: 2. Վ.Գասպարյանը եւ իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչներն այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու ՀԺ-ի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որեւէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն:

ՀԺ-ի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հ. Գեւորգյանին:

Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ շարունակելու ենք անհաշտ պայքարը կոռուպցիայի, ամենաթողության, իշխանական սանձարձակության դեմ` ի կատարումն խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու եւ տարածելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մեր եւ մեր ընթերցողների իրավունքների»: