«Բայց ես ի՞նչ եմ արել, ո՞ր իմ 11.200 դոլարը պետք է կորցնեմ»

04/02/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ քաղաքացի Արսեն Փիրումյանը 2010թ. նոյեմբերի 16-ին տուրիստական մի կազմակերպության միջոցով ցանկացել է մեկնել Դուբայ: Մեկնումից առաջ նա, ինչպես կազմակերպությունից, այնպես էլ` ծանոթ-անծանոթ մարդկանցից, փորձել է ճշտել` օտար երկիր մեկնելիս արդյո՞ք կա սահմանափակ գումարի տեղափոխման պահանջ: «Որոշակի պարզաբանումներ արել էի, որ օրինակ` թույլատրվում է մեկ մեծ եւ փոքր հեռուստացույց բերել, որը մաքսազերծման ենթակա չէ: Ընկերների, հարեւանների միջոցով գտա Քոչարի վրա գտնվող «Սվետլաննա» ՓԲԸ տուրիստական կազմակերպությունը, որի միջոցով էլ պետք է գնայի Շարժա քաղաքի «Ալբուստա» հյուրանոց: Իրենք շատ բարեհամբույր, նորմալ ինձ որոշակի տեղեկատվություն տվեցին: Նույնիսկ իրենց ասացի, որ ավտոմեքենա բերելու նպատակ ունեմ: Ինձ մոտ գտնվող 25.000 դոլար գումարի չափի մասին տեղեկացրեցի, հարց ու փորձ արեցի: Իրենք ասացին, որ նախընտրությունն իմն է. կարող եմ կանխիկ, քարտի միջոցով կամ փոխանցումով այն տեղափոխել: Մի խոսքով` քանի որ առաջին անգամ պետք է գնայի Դուբայ` այդ կազմակերպությունից հնարավորինս ինֆորմացիա քաղեցի»,- պատմում է Ա. Փիրումյանն, ով 2010թ. նոյեմբերի 16-ին ժամը 07:45-ին պատրաստվել է թռիչքի` իր մոտ ունենալով ընդհանուր առմամբ 25.000 դոլար: Սակայն «Արմենիա» միջազգային օդանավակայանի ուղեւորների մեկնման սրահում ՄԴՊ եւ ԿՄՀ վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները Երեւան-Դուբայ թիվ 303 չվերթով մեկնող ուղեւորների եւ նրանց ուղեբեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելիս, մաքսային հսկողության գոտին անցնելուց հետո, ստուգման ենթարկելով նույն չվերթով մեկնող ուղեւոր Ա. Փիրումյանին` ճանապարհել են ոչ թե Դուբայ, այլ մաքսակետ, այնուհետեւ` Ոստիկանություն, իսկ վերջում` դատարան: Հետագայում պարզվել է, որ Ա. Փիրումյանի մոտ հայտնաբերված առանց մաքսային հսկողության ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված 25.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումարը ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման համար սահմանված 5 մլն դրամին գերազանցել է 11.203 դոլարով: Այլ կերպ ասած` գոյություն ունի 5 մլն դրամից ավելի գումարով երկրից դուրս գալու արգելք, որի մասին քաղաքացին տեղյակ չի եղել եւ, որն ամենակարեւորն է` նրան չեն էլ իրազեկել: «Երբ ստուգման մի քանի փուլերն անցա` սպասասրահ գնացի: Ինձ մոտեցավ մի մարդ ու ասաց, որ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակից է: Փաստաթղթերս ստուգեց, հետո թե` կանխիկ որքա՞ն գումար ունեք, պատասխանեցի` 25.000 դոլար: Հարցրեց, թե` չգիտե՞ք, որ 5 մլն դրամից ավելի չի թույլատրվում տեղափոխել: Ասացի, որ առաջին անգամ եմ լսում: Որպեսզի նա չկասկածի ինձ` առաջարկեցի զանգահարել տուրիստական կազմակերպություն, եւ որպես հաճախորդ ներկայանալով` փորձել ճշտել` արդյո՞ք իրենք գիտեն, որ նման արգելք կա, որպեսզի նաեւ մեկնողներին տեղեկացնեն»,- պատմում է Ա. Փիրումյանն, ով հետեւելով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակցի պահանջին` հրաժարվել է մեկնումից: Ինչեւէ, փաստի կապակցությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Պետեկամուտների կոմիտեի Քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար: ՊԵԿ Քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել, իսկ նյութերն ուղարկվել են ՊԵԿ Հետաքննության վարչություն` վարչական պատասխանատվության հարցը որոշելու համար: «Ամբողջ գումարս եւ անձնագիրս վերցրեցին իմ մոտից եւ արձանագրություն կազմեցին: Իմ պահանջով արձանագրության մեկ օրինակ էլ ինձ տվեցին: Չորս ամիս ստուգելուց հետո ինձ գրավոր տեղեկացրեցին, որ քրեական հանցանշան չկա, եւ գործն ուղարկում են Մաքսային կոմիտեի վարչական բաժին»,- ասում է Ա. Փիրումյանը, ու, որ այս դեպքից չորս ամիս անց նոր վերադարձրել են անձնագիրը, իսկ 25.000 դոլարից միայն 5 մլն դրամն են վերադարձրել: Այսինքն` 11.200 դոլարը, որը դրամի վերածելիս` կազմում է 4 մլն 60.000 դրամ` մնացել է պետությանը` իբրեւ օրենքը խախտելու տուգանք. «Ասում եմ, բայց ես ի՞նչ եմ արել, որ իմ 11.200 դոլարը պետք է կորցնեմ, ասում են` չիմանալը չի ազատում պատասխանատվությունից»: Այլ կերպ ասած, եթե քաղաքացին տեղյակ չէ, որ 5 մլն դրամից ավելի գումարով չպետք է մեկնի Դուբայ, եւ գրպանում ունենում է 25.000 դոլար, ուրեմն` 5 մլն դրամը վերադարձնում են նրան, իսկ մնացած գումարը պարզապես մուտք են անում պետբյուջե:

Պետությունից տուժած Ա. Փիրումյանը, դիմելով «Մոնիտորինգի եւ արդյունավետ կառավարման կենտրոն», այժմ փորձում է դատական ատյաններով պաշտպանել սեփական գումարի հանդեպ ունեցած իր իրավունքը: Կենտրոնի նախագահ Մարիաննա Եղիազարյանը` ուսումնասիրելով այս գործը, տեղեկացնում է, որ 5 մլն դրամից ավելի գումար արտահանելու սկզբունքը տարիներ շարունակ կիրառվում է «ներքին կարգով». «Չկա նման սանկցիա, որ այ այս խախտման դեպքում դուք կարող եք բռնագանձել գումարի գերազանցող մասը: Դրսից ապրանք ներկրող բիզնեսմենները տեղյակ են, որ նման արգելք կա, բայց դա ներքին կարգով են իմանում, իսկ շարքային քաղաքացին, որն առաջին անգամ է գնում` ընկնում է այդ թակարդի մեջ: Տիրապետելով այդ ներքին կանոնին` շատերը կանխիկ 5 մլն դրամ ունենալով, մնացած գումարը ստանում են փոխանցումով: Նրանք ցանկացել են մաքսանենգության քրեական հոդված առաջ քաշել, բայց հետո հանել են` հասկանալով, որ քաղաքացու չիմացության արդյունք է»: Քաղաքացու շահերի պաշտպան Մ. Եղիազարյանը տեղեկացնում է, որ ինչպես ՀՀ վարչական, այնպես էլ` ՀՀ վերաքննիչ դատարաններում, թեեւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները դատարան չեն ներկայացել, այդուհանդերձ, դատարանը հօգուտ իրենց վճիռներ է արձակել։ «Որովհետեւ, եթե հանկարծ բավարարի քաղաքացու պահանջը` սա կդառնա նախադեպ: Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, իսկ դատարանը վերաշարադրել է մեր բողոքն ու գրել է` մերժել: Մեզ բացասող, հիմնավորող հոդված չկա, որպեսզի դատարանը մերժի, դրա համար էլ մեր բողոքի տակ ընդամենը գրել են` մերժել, եւ գտել են, որ դա կիրառելի է: Մինչդեռ 5 մլն դրամը գերազանցելու վերաբերյալ որեւէ սանկցիա չկա: Արտասահմանյան որեւէ երկրում նման օրենք գոյություն չունի, որովհետեւ մարդուն զգուշացնում են, իսկ նա, ասենք` նույն պահին հարազատին զանգում, կանչում է, որպեսզի մնացած գումարը բանկային քարտով տեղափոխի: Տվյալ դեպքում քաղաքացին ոչ միայն կորցնում է բավականին մեծ գումար, այլեւ` թռիչքը կանխվում է, անձնագիրը, որն իրավունք չունեն վերցնելու ամիսներով ի պահ են տալիս, էլ չեմ ասում` մյուս խնդիրները»,- ասում է նա: Այդուհանդերձ, 11.200 դոլարը կորցրած Ա. Փիրումյանը կարծում է, որ 5մլն դրամը գերազանցող գումար տեղափոխելու արգելքի տրամաբանությունը բանկային շահույթ ապահովելն է: Այլ կերպ ասած` քաղաքացին տեղափոխվելով այլ երկիր, միեւնույն է` բանկային հաշվով ստանում է այն գումարը, որը ցանկանում է այլ երկրում ունենալ, հետեւաբար գումարի շրջանառությունն ապահովող բանկերի մի քանի տոկոս շահույթն ապահովելու համար էլ կիրառվում է այս «թալանը»: Մյուս կողմից` մարդը համաձայն է անգամ այդ ճանապարհով գումարն արդեն Հայաստանի սահմանից դուրս ստանալ, բայց չիմացության արդյունքում բավականին մեծ գումար նվիրաբերել պետությանն իսկապես աբսուրդ է: Տարօրինակն այն է, որ օդանավակայանում նույնիսկ իրազեկման թերթիկ գտնելն անհնար է. «Եթե տեսնեի` ինչպե՞ս կարող էի այդ գումարով ճանապարհ ընկնել: Ես էնտեղ նման տեղեկատվություն չեմ տեսել, աշխատակիցներն ինձ ոչինչ չեն ասել: Եթե նման իրազեկման թղթեր կան, ապա թող պատերին փակցնեն, որ քաղաքացիները կարդան, հակառակ դեպքում, ես այս ամենի մեջ դիտավորություն եմ տեսնում»: Մ. Եղիազարյանն էլ ասում է. «Համաձայն Մաքսային կանոնակարգի` մաքսային մարմինը պարտավոր է ծանուցել եւ տեղեկացնել քաղաքացուն 5 մլն դրամը գերազանցող գումարի արգելքի մասին: Մինչդեռ իրենք այդ ծանուցումը համարում են այն խորը, աննկատ պատերից մեկի վրա մի փոքրիկ հայտարարությունը, որը որեւէ մեկի ուշադրությանն արժանանալ չի կարող»: Ա. Փիրումյանը վստահեցնում է, որ իրազեկման տեղեկատվության հանդիպելիս, բնականաբար, երբեք իր մոտ այդքան գումար չէր պահի, մանավանդ որ, դժվար չէ այն անմիջապես բանկային հաշվին փոխանցել: «Ես չգիտեմ` սա ինչ կարգ է: Եթե տեղյակ լինելով խախտեի` ես չէի հրաժարվի պատասխանատվությունից: Եթե ինձ մոտ 50.000 դոլար լիներ, ուրեմն` 13.000-ը պիտի վերադարձնեին, իսկ մնացածն առգրավեի՞ն: Չիմանալու համար մարդուն էսպես պատժո՞ւմ են: Էս պատմությունն ինձ էն օրը գցեց, որ ես հիմա շաքար ունեմ, դեղերով եմ ապրում: Սա ի՞նչ պետություն է, ես սկսում եմ մտածել, որ անհնար է ապրել այս երկրում, որովհետեւ տանջանքով տարիների վաստակած գումարդ պետությունն էնպես է խլում ձեռքիցդ, որ արդյունքում` քեզ մնում է միայն հիվանդություն ձեռք բերելը»,- վրդովված ասում է Ա. Փիրումյանը: Ներկայումս նա բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որին կանդրադառնանք ավելի ուշ: