ԱՊՊԱ-ն կթանկանա՞

02/02/2012

«Ռոսգոսստրախ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը երեկ հայտարարել է, որ ԱՊՊԱ-ի սակագները վաղ թե ուշ կվերանայվեն։ Ըստ հին հայկական բարի ավանդույթի, «վերանայումը», բնականաբար, նշանակում է` թանկացում։ Իսկ թանկացման հիմնավորումն այն է, որ ապահովագրողները ոչ միայն գերշահույթ չեն ստանում (ինչպես կարծում են շատերը), այլ հնարավոր է` նրանց վնասաբերությունը աճի (ապահովագրողների խոսքերով՝ այն հիմա էլ գտնվում է բարձր մակարդակի վրա)։ Այդ դեպքում ԱՊՊԱ-ի համար վարորդները ստիպված կլինեն ավելի թանկ վճարել։ Ապահովագրողների հոռետեսությունը, սակայն, զարմանք է հարուցում։ ԱՊՊԱ-ից հավաքագրված եկամուտների 55%-ը որպես հատուցում ետ է վերադարձվում վարորդներին։ Այսինքն՝ ապահովագրողների վնասաբերությունը հիմնականում կախված է ՃՏՊ-ների թվից։ Մինչդեռ այս տարվա հունվարի 16-ից Երեւանում սկսել են գործել խախտումների արձանագրման տեխնիկական միջոցները (արագաչափերն ու տեսախցիկները), որոնք, ՃՈ պատասխանատուների հավաստիացմամբ, զգալիորեն կբարձրացնեն կարգապահությունն ու կնվազեցնեն պատահարների քանակը։ Իսկ դա, իր հերթին, կնվազեցնի ԱՊՊԱ գծով հատուցումների ծավալը։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ հակառակը պետք է լիներ՝ ԱՊՊԱ սակագները պետք է վերանայվեն նվազման ուղղությամբ։ Սակայն այդ մասին խոսք չկա։ Ապահովագրողները, ի տարբերություն ոստիկանների, լավատես չեն։