Մտահոգությունները, որ սուպերմարկետները կամաց-կամաց խեղդում են փոքր բիզնեսին, մասնավորապես՝ մանրածախ առեւտրով զբաղվող կրպակատերերին, ապացուցվում են նաեւ պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «ՀՀ սոցալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցը, որի՝ առեւտուր եւ ծառայություններ բաժնում բավականին հետաքրքիր թվեր կան։ Առաջին հայացքից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ փոքր խանութները լավ էլ ծաղկում են, իսկ սուպերմարկետները` թուլանում։ Օրինակ, ըստ վիճակագրության, մինչեւ 5 աշխատող ունեցող խանութների թիվը 2010թ. եղել է 11.880, իսկ 2011թ.՝ 12.250։ Այսինքն՝ փոքր խանութների, այդ թվում՝ կրպակների թիվը, աճել է 370-ով։ Իսկ գերխոշոր՝ 31 եւ ավելի աշխատող ունեցող խանութների թիվը (սրանց մեջ մտնում են նաեւ սուպերմարկետները) նվազել է՝ 151-ից դառնալով 138։ Սակայն, երբ դիտարկում ենք առեւտրի շրջանառությունը, այլ պատկեր է ստացվում։ Եթե գերփոքր խանութների միջոցով իրականացված շրջանառությունը 2010թ. կազմում էր խանութների միջոցով կատարված ընդհանուր շրջանառության 21%-ը, ապա 2011թ. տեսակարար կշիռն իջել է 20%-ի։
Մինդեռ գերխոշոր խանութները, իրենց քանակի նվազմամբ հանդերձ, իրենց առեւտրի տեսակարար կշիռը 53.9%-ից հասցել են 56%-ի։ Գերխոշոր խանութները նախորդ տարվա ընթացքում ունեցել են 459.7 մլրդ դրամի շրջանառություն, որը 82.4 միլիարդով կամ 21.8%-ով գերազանցում է 2010-ի ցուցանիշը։ Թեպետ տոկոսային առումով այս թվերը կարող են աննշան թվալ, սակայն կարեւորը միտումն է, որ շրջանառությունը կենտրոնանում է գերխոշոր խանութների ձեռքում։