Առանց հայերի եւ ադրբեջանցիների

02/02/2012

ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը Բրյուսելում քննարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող զեկույցների նախագծեր: Դրանք հաստատվելուց հետո կփոխանցվեն Հերման Վան Ռոմպոյի նախագահած Եվրոպական խորհրդին, Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության արտաքին գործողության ծառայությանը` երկու երկրների հետ ասոցիացման բանակցություններում կիրառելու համար: Ինչպես հայտնել է Բրյուսելում հավատարմագրված «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Ջոզվիակը, այդ քննարկումներին Հայաստանից եւ Ադրբեջանից գործուղված պաշտոնյաներ չեն եղել: Համաձայնագրերի առանցքային պահանջները վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում երկու երկրների ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այստեղ հայ եւ ադրբեջանցի ղեկավարների համար հետաքրքրություն ներկայացնող քաղաքական գործոն կա: «Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ստորագրվելիք փաստաթղթերը պետք է լիովին համապատասխանեն միջազգային օրենքներին, եւ Ադրբեջանի պարագայում այն վերաբերելու է Ադրբեջանի ամբողջ տարածքին: Մյուս կողմից, այդ օրինագծում Լեռնային Ղարաբաղի հիշատակում ընդհանրապես չկա»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը: Հայաստանի մասով զեկույցի օրինագիծը ներկայացրել է լեհ օրենսդիր Թոմաշ Պյոտր Պորեբան, ով նշել է, որ Հայաստանում կա որոշակի առաջընթաց, կան նաեւ չլուծված խնդիրներ: Նա ասել է, թե փորձաքարը կլինի մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունը: Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական է գնահատել անցյալ տարվա մայիսին Հայաստանում հայտարարված համաներումը: Նախագծում ասվում է, որ Ասոցիացման համաձայնագիրը ենթադրում է մարդու հիմնարար իրավունքների, քաղաքացիական հասարակարգի, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ անդադար պայքարի եւ մամուլի ազատության երաշխավորում: Հանձնաժողովը Հայաստանին հորդորում է նպաստել օմբուդսմենի գրասենյակի աշխատանքին, ընդգծում է անկախ դատական համակարգի, քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու, հետաքննական լրագրության ապահով եւ բարենպաստ դաշտ ստեղծելու կարեւորությունը։

Հանձնաժողովը հորդորում է ապահովել տեղեկատվություն ստանալու եւ սոցիալական մեդիայից օգտվելու քաղաքացիների իրավունքը: Հանձնաժողովը Հայաստանին հորդորում է վավերացնել Միջազգային քրեական դատարանի պայմանագիրը: Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Պյոտր Պորեբան ասել է, որ հարկ է զգուշավորություն դրսեւորել, Եվրամիությունը չպետք է բացի «Պանդորայի արկղը»` գիտակցելով, որ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եվրոպացի օրենսդիրները նշել են նաեւ, որ Հայաստանի տնտեսական իրական զարգացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան դադարեցնի շրջափակումը։