«Գեղամյանը ԵԽ ԽՎ-ում պետության օգտին ելույթներ է ունենում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` այդպիսով փորձելով արդարացնել տարբեր անձանց ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկելու մասին տեղեկությունները: Հարցին` ՀՀԿ-ն միջազգային կառույցներում ելույթ ունեցող չունի՞, որ այդ «արժանիքի» համար Գեղամյանին է ներգրավում ՀՀԿ ցուցակում, Ռ. Պետրոսյանը պատասխանել է. «չի խանգարի ամրապնդելը»: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությանը: «Օսկանյանը գալիս է ՀՀ նախկին նախագահի կողմից, եւ այդպես էլ ընկալվում է մեր կողմից: Բայց օրերս տեղի ունեցած կոալիցիոն հանդիպումից երեւաց, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասնական են, եւ «փոր թափելու» քաղաքականություն չկա: Եվ դեռ պարզ էլ չէ` Օսկանյանը կլինի՞ ԲՀԿ ցուցակում, թե՞ ոչ»,- հայտարարել է Ռ. Պետրոսյանը: Նույն ասուլիսին մասնակցող ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ անդրադառնալով Օսկանյանի հայտարարությանը` ասել է, որ 2008թ. մարտի մեկից հետո թվում էր, թե իշխանությունները հետեւություններ կանեն, բայց այսօրվա հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք որեւէ հետեւություն չեն արել` կոռուպցիան չի պակասել, հասարակության կենսամակարդակը վատացել է: «Այս արգումենտներով ինչպե՞ս կարող են կոալիցիոն ուժերը հասարակության վստահությանն արժանանալ: Այդ պատճառով «Մարտի մեկի» պատասխանատուներից մեկի` Ռոբերտ Քոչարյանի խոսնակի միջոցով նման հայտարարություն է հնչում: Օսկանյանն այս երկրին ամենամեծ վտանգ ներկայացնող եւ ամենամեծ վնաս հասցրած գործիչն է»,- հայտարարել է Պետրոս Մակեյանը: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` ՀՀԿ-ն կեղծիքների կարիք չունի: «Առաջիկա ընտրություններին չեն լինելու ծեծուջարդ, քվեատուփեր գողանալ»,- հավաստիացրել է Պետրոսյանը, ինչին ի պատասխան` Պ. Մակեյանն ասել է. «Իշխանությունը հին երգն է երգում, թե կեղծիքներ չեն լինելու, գլուխ չեն կոտրելու… Եթե ընդդիմությունը հասարակությանը կարողանա համոզել, որ այս ընտրությունը սահմանադրական կարգը վերադարձնելու փորձ է, ապա արդյունքներ կլինեն: Երկրում իրավիճակ պետք է փոխի ՀԱԿ-ը: Այո, մեզ մոտ` ՀԱԿ քաղխորհրդում, քննարկել ենք հարցը` եթե կեղծվեն ընտրությունները` արժե՞ վերցնել մանդատները: Կարծում եմ` ընտրությունները կեղծվելու դեպքում ՀԱԿ-ը հնարավորություն ունի ժողովրդին հանելու, եւ նրանք այլեւս տուն չեն գնա»: Պ. Մակեյանը նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը հունվարի 17-ի քննարկմանը եկել է այն հետեւության, որ այս ընտրությունները պետք է լինեն սահմանադրական կարգի վերականգնման մեկնարկ։ «Կապ չունի` Պետրոս Մակեյանը առաջինը կլինի թե վերջինը: Այսօր նորմալ քննարկում է ընթանում»,- ասել է Մակեյանը: Նա չի ցանկացել մեկնաբանել ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ի համամասնական ցուցակում «չպետք է լինեն դավաճաններ»: «Էմոցիաների մեջ մի բան ասել է…»,- նշել է Մակեյանը: