Ի՞նչ սկզբունքով են խորհրդարանական ընտրություններից առաջ համամասնական ընտրացուցակները կազմում Հայաստանում, ի՞նչ մեխանիզմներ են գործում, ո՞վ կամ ովքե՞ր են որոշում ընտրացուցակների ձեւավորման չափորոշիչները: Այս եւ առաջիկա ընտրությունների նախապատրաստական փուլին վերաբերող հարցերին էր նվիրված Մամուլի ազգային ակումբում երեկ կազմակերպված քննարկումը, որին մասնակցում էին հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի խոսքով` ՀՀԿ-ի համար համամասնական ընտրացուցակի կազմումը առայժմ ածանցյալ խնդիր է, քանի որ իրենց մոտ դեռ աշխատանքներ են իրականացվում կուսակցության նախընտրական ծրագրերը պատրաստելու ուղղությամբ: Ըստ նրա, միայն այդ աշխատանքների ավարտից հետո կհստակեցվի համամասնական ընտրացուցակը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաճյանն էլ շտապեց տեղեկացնել, որ այս պահին ԲՀԿ-ում շուրջ 40 դոկտորներ, պրոֆեսորներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ աշխատանքներ են կատարում ծրագրային դրույթների վերաբերյալ, որի մշակումից հետո ԲՀԿ առաջիկա համագումարին դրանք կդրվեն քննարկման: «Ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս այս ժամանակահատվածում քննարկում է, մտածում է համամասնական ցուցակների մասին, թե ինչպիսի մարդիկ են ներգրավված լինելու մեր համամասնական ցուցակում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, ում փոխանցմամբ` այս անգամ ընտրացուցակներում տեղ կգտնեն երիտասարդներ ու կանայք: Իսկ «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանի ասելով` իրենք դեռ տարիներ առաջ են որոշել համամասնական ընտրացուցակ կազմելու մեխանիզմներն ու սկզբունքները, սակայն որոնք են դրանք` այդպես էլ չհստակեցրեց: Քննարկման մասնակիցներից ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գարիկ Քեռյանն էլ գնահատեց խորհրդարանական ընտրություններից առաջ գործող մեխանիզմները: Վերջինս նախ` մեջբերեց քաղաքական կուսակցությունների մասին երկու օրենքները, որոնցից մեկն ընդունվել է 1999թ., երկրորդը` 2002թ.: Գ. Քեռյանի խոսքով` նշյալ իրավական ակտերը քաղաքական կուսակցություններին մոնոպոլիա են տալիս պետական մարմինների ընտրություններին առաջադրվող թեկնածուների ընտրության հարցում: «Այսօր քաղաքական կուսակցությունների կողմից համապետական ընտրությունների կազմակերպման գործընթացը դարձել է ոչ թե նրանց ներկուսակցական խնդիր, այլ փաստացի վերածվել է պետական խնդրի, որովհետեւ հիշյալ օրենքների գործունեությունը քաղաքական կուսակցություններին դարձրել են կառավարման մեխանիզմի մաս, եւ հասարակության համար միանշանակ չէ, թե ինչպես կարող են քաղաքական կուսակցությունները կազմել իրենց ընտրական ցուցակները եւ իրենց թեկնածուներին առաջադրել»,- նշեց Գ. Քեռյանը` նկատելով, որ Հայաստանում կուսակցության ընտրացուցակների կազմումը շարունակում է մնալ գաղտնի, եւ նախնական քննարկում կամ ընտրություն չի կազմակերպվում: «Սա կարող է առաջ բերել հասարակության մեջ անտարբերություն, մերժողականություն, քաղաքականությունից օտարված լինելու զգացում, որը կարող է անմիջականորեն ազդել ընտրություններին մարդկանց մասնակցության վրա»,- ասաց Քեռյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի խոսքով էլ` ինքը ցանկանում է ներկայացնել հայկական իրականությունը: «Իսկ իրականությունն այն է, որ մենք պետք է տարբերենք` դա ընդդիմադի՞ր կուսակցության կողմից կազմվող ցուցակ է, թե՞ իշխանական կուսակցության: Համամասնականի մասին խոսում ենք, բայց ոնց որ մեծամասնականն ականջի հետեւ ենք թողնում,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը` շարունակելով,- Որպես օրենք` իշխող կուսակցությունների դեպքում տեսնում ենք հետեւյալ պատկերը` սկզբնական ցուցակը, հատկապես դրա վերին հորիզոնականները, լրիվ ուրիշ պատկեր է ներկայացնում, հետագայում դրանցից մինիստրներն առանձնացվում են, գիտնականները, մշակութային գործիչները դուրս են գալիս: Արդյունքում` մնում են գործարարները, ինչպիսին են իմ կողմից շատ հարգված գործընկեր Արտակ Զաքարյանը եւ այլ երիտասարդ գործընկերներ, շատ ավելի ուշ են գալիս խորհրդարան` համամասնական ցուցակով, երբ ըստ էության ցուցակը վերջանում է, եւ քաղաքական դեմքերն են, այսպես ասած, երեւում: Ընդդիմության պարագայում մի փոքր այլ է` այստեղ սկզբնական ցուցակը եւ վերջնական արդյունքը խիստ չեն կարող տարբերվել, հատկապես նշեմ կանանց պահով, քանի որ կանանց մասնակցությունն իշխանական կուսակցություններում, համեմատելու համար միայն ասեմ` ԱԺ ՀՀԿ խմբակցությունն ունի 66-67 պատգամավոր, եւ ունի 2 կին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցությունն ունի 6 ներկայացուցիչ, եւ ունի 3 կին պատգամավոր: Այսինքն` սա եւս առաջնային եւ երկրորդական ցուցակի տարբերության արտահայտություններից մեկն է»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Կարեն Կարապետյանն էլ անդրադարձավ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի տարբերությանը: Վերջինիս խոսքերով` մեծամասնական ընտրակարգը խոչընդոտում է քաղաքական գործընթացներին, եւ այդ ընտրակարգով ընտրվում են մարդիկ, որոնք «այդքան էլ կապ չունեն քաղաքականության հետ», եւ դա է պատճառը, որ սկզբից էլ խորհրդարանի տեսքն արդեն պարզ երեւում է: «Ովքե՞ր են ստանում պատգամավորական մանդատներ Հայաստանում: Հիմնականում դրանք ստանում են այն գործիչները, ովքեր այդ մանդատները միշտ ստացել են: Այսինքն` մարդկանց թվում է, թե նախարարական պորտֆելը եւ թե՛ պատգամավորական մանդատը սեփականաշնորհված ինչ-որ բան է, որը հավերժ պետք է իրեն հասնի,- ասաց Կ. Կարապետյանը` ավելացնելով,- Մեզ մոտ ընտրական ցուցակները ձեւավորվում են բավականին թափանցիկ սկզբունքով: Այսինքն` հրահանգավորված, «վերեւի» կողմից հրահանգ չի իջեցվում»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամն անդրադարձավ նաեւ քաղաքական գործչի կերպարին: «Կարծում եմ` քաղաքական գործիչը պետք է ունենա հասցե: Հասարակությունը պետք է իմանա, թե հանձին գործչի, ի՞նչ քաղաքական ուժ է տեսնում այդ գործչի թիկունքում: Թիկունք ասելով` նկատի ունեմ պատասխանատվության հասցեատերը, որովհետեւ, եթե դու գալիս ես խորհրդարան եւ անհասցե գործունեություն ես ծավալում, քո քաղաքական սխալների արդյունքում տեսականորեն չկա այն քաղաքական ուժը, որը պատասխանատվություն կկրի քո օրենսդիր բացթողումների համար: Հաճախ համեմատություն է արվում եվրոպական այն երկրների հետ, որտեղ կան մեծամասնական ընտրակարգով մեխանիզմներ, սակայն հայաստանյան իրականությունը բավականին տարբերվում է եվրոպական իրականությունից, քանի որ այնտեղ կա հստակ քաղաքական մշակույթ, քաղաքական պատմություն եւ կայացած քաղաքացիական հասարակություն, որը ամբողջովին վերահսկում է այդ պրոցեսները»,- ասաց Կ. Կարապետյանը: