Դիմել են քաղաքական ուժերին

02/02/2012

Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյան, Նալբանդյան եւ Ա. Պետրոսյան փողոցների բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ քաղաքական ուժերին, մասնավորապես` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ԲՀԿ-ին, «Ժառանգություն» կուսակցությանը, Հայ ազգային կոնգրեսին, ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին` խնդրելով աջակցել իրենց:

Բաց նամակում մասնավորապես ասված է. «Ինչպես տեղյակ եք, 2010թ. Նալբանդյան 106/1 հասցեում, 2005թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտմամբ, նախկին մանկապարտեզի տեղում, սկսվեցին բազմահարկ շենքի շինարարական աշխատանքներ, որոնք այժմ պաշտոնապես կասեցված են: Ավելի քան երեք հարյուր ընտանիքի երեխաներ զրկվեցին մանկապարտեզից, բակից, առողջ կենսամիջավայրից, որի փոխարեն կառուցապատողը նախատեսել է մանկապարտեզը տեղավորել բարձրահարկ շենքի առաջին հարկում, որի տակ ստորգետնյա երկհարկ ավտոկայանատեղի պետք է գործի: Նախատեսվող բազմահարկ շենքերը իրական վտանգ են ներկայացնում հարակից շենքերին եւ առաջացրել են բնակիչներիս արդարացի դժգոհությունը: Մեր բակը, որն այժմ վերածվել է շինհրապարակի, պարփակված է 50-60-ական թվականներին կառուցված 4-7 հարկանի բնակելի շենքերով: Մեր ստացած բոլոր պաշտոնական փաստաթղթերի համաձայն` նախատեսվող շինարարությունը բակի կենտրոնում անթույլատրելի է բնապահպանական, քաղաքաշինական նորմերի եւ սեյսմիկ անվտանգության առումով: Հայտնում ենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարից ստացել ենք 09.09.2011-ի N7/153/1743-1 պատասխան գրություն, որում մասնավորապես ասված է, որ հարակից շենքերի սեյսմակայունությունը չի համապատասխանում Երեւանի տարածքի համար ՀՀՇՆ II-6.02-2006թ. նորմերով սահմանված չափանիշներին, ուստի սեյսմիկ ռիսկի տեսանկյունից այդ շենքերը համարվում են խոցելի:

Այսպիսով, բազմահարկի հիմնափորման աշխատանքների ընթացքում կարող են վտանգվել եւ վնասվել հարակից հին շենքերի հիմքերը, վերանալու է բակի կանաչ տարածքը` կենսունակ հաստաբուն ծառերով, խաթարվելու է շրջակա շենքերի համար լույսի եւ քամու շարժը` ամառային ամիսներին միջավայրը դարձնելով մարդկանց համար անտանելի մի վայր:

Առանց այդ էլ խիտ բնակեցված տարածքը դառնալու է գերխիտ բնակեցված` դրանից բխող երթեւեկության, դեպի բակ մուտք ու ելքի դժվարություններով եւ աղմուկով:

Դիմելով Ձեզ, որպես Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժի, հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունն ու աջակցությունը Ձեր լիազորությունների շրջանակներում օգնելու նշված տարածքի բնակիչներին` կանխելու հերթական անհիմն եւ աղետաբեր շինարարությունը Նալբանդյան 106/1 հասցեում, եւ Ձեր լիազորությունների շրջանակներում նպաստել, որպեսզի նշված տարածքի բարեկարգումը իրականացվի ոչ թե հերթական էլիտար շենքի կառուցմամբ, այլ բնակիչների մեծամասնության համար ընդունելի տարբերակով: Մենք դիմել են համապատասխան բոլոր ատյաններին, անգամ դատարան եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Առայժմ, ցավոք, ապարդյուն:

Երախտագիտությամբ նշում ենք, որ մինչ այժմ նշված խնդիրը բարձրաձայնել եւ մեզ գործնականում աջակցել են ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի լրջությունը եւ գրեթե փակուղային իրավիճակը` ստիպված ենք կրկին դիմելու` ընդգծելով խնդրի հրատապությունն ու լրջությունը եւ հայցելով ձեր աջակցությունը: Վստահ ենք, որ ձեր ծանրակշիռ խոսքն ու դիրքորոշումը կարող են նպաստել հանրության առջեւ ծառացած այս կենսական խնդրի լուծմանը, ինչը նաեւ դրական նախադեպ կհանդիսանա նմանատիպ այլ խնդիրների լուծման համար: Լիահույս ենք, որ Ձեր կուսակցությունը անտարբեր չի գտնվի բնակիչների բողոքի ձայնի հանդեպ եւ իր դիրքորոշումը կհայտնի անօրինական քաղաքաշինության ձեւավորված արատավոր պրակտիկայի վերաբերյալ»:

30.01.2012