ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսում` պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք ՀԱԿ-ը համաձայնության է եկել իր համամասնական ցուցակի շուրջ, եւ հնարավո՞ր է` ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցնեն ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների ղեկավարները, ասել է, թե դա բավական բարդ խնդիր է լինելու: «Մենք կազմել ենք նախընտրական դաշինք` առանց նախապես քննարկելու համամասնական ցուցակի կազմավորման սկզբունքները: Սա կարեւոր բան է, սա նշանակում է, որ 18 կուսակցությունները ավելի բարձր են դասում սկզբունքները, քան քաղաքական առեւտուրը: Բայց մենք պատրանք չունենք եւ չենք կարծում, որ դա հեշտ գործ է լինելու: Այսօր իշխանությունը լուրջ ակնկալիքներ ունի, որ ՀԱԿ-ն այդ հարցում չի կարողանա հասնել համաձայնության: Նրանք շատ լուրջ ակնկալիքներ ունեին, որ մենք չենք կարողանա կազմել նախընտրական դաշինք, դա մենք արդեն ջարդեցինք: Հիմա նաեւ մտածում են, որ չենք կարողանա հասնել համաձայնության այս ցուցակների հարցում: Ոչի՛նչ, մենք այդտեղ էլ իրենց կհիասթափեցնենք»: Ի դեպ, ըստ Զուրաբյանի` երեկ պետք է տեղի ունենար ՀԱԿ քաղխորհրդի նիստ, որտեղ 18 կուսակցությունները պետք է ներկայացնեին իրենց տեսակետները համամասնական ցուցակի շուրջ: