Երկրորդը` ԲՀԿ ցուցակում

31/01/2012

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետ իր «ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն»: Պարզվում է` Օսկանյանը «խորապես» համոզված է, որ ՀՀ-ի համար ազատ եւ արդար ԱԺ ընտրությունների անցկացումը անսահման կարեւոր է, եւ որ ՀՀ-ն լրջագույն եւ խորքային բարեփոխումների կարիք ունի: Ավելին` նա համոզված է, որ բարեփոխումներ ու փոփոխություններ կիրականացվեն, եթե նոր ԱԺ-ում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի: «Սա է իմ քաղաքական ներգրավվածության հիմնական դրդապատճառը: ԲՀԿ-ի հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: ԲՀԿ-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ եւս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել եւ կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս»,- ասել է ԱԳ նախկին նախարարը: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` Վարդան Օսկանյանն ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակում, եւ նրա անունը ցուցակում լինելու է երկրորդը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո: