Կմտնի՞ ԲՀԿ

31/01/2012

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, թե այսօր ՀՀ քաղաքական կյանքում միաժամանակ ընթացքի մեջ են մի քանի գործընթացներ: «Առաջին` կուլիսների հետեւում ընթացող քննարկումներ տարբեր կուսակցությունների, ներառյալ` կոալիցիոն ուժերի միջեւ: Երկրորդ` քաղաքական դրդապատճառներով ճնշումներ տարբեր կուսակցությունների` հատկապես ԲՀԿ-ի վրա: Երրորդ` նախընտրական այս փուլում արդեն վարչական ռեսուրսների օգտագործումն ընտրական գործընթացում շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով: Եվ, վերջապես, ԱԺ-ի կազմավորման հարցում ամենակարեւորը` ընթացող քննարկումները մեծամասնական-համամասնական տարբերակների շուրջ: ՀՀ-ում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով` ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: Բայց դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն անզիջող կեցվածք է ընդունել: Հետեւաբար, ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» եւ այլք, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլեւս ժամանակ չկորցնեն եւ այս ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման` կենտրոնանալով արդար ընտրություններ անցկացնելու վրա, չբացառելով անգամ այդ ուժերի առավել սերտ համագործակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում»,- ասել է Վ. Օսկանյանը: