Տեսախցիկների տնտեսական էֆեկտը

31/01/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ամանորից հետո հայաստանցիների քննարկման թիվ 1 թեման դարձավ Ճանապարհային երթեւեկության կանոններն արձանագրող տեսախցիկների տեղադրումը։ Վարորդներից շատերն իրենք իրենց համար արդեն հաշվարկներ են արել, թե պետբյուջեն «ակտերի» դիմաց իրենցից որքա՞ն գումար է ստանալու այս նորամուծությունների արդյունքում։ Մենք էլ փորձենք մի փոքր հաշվարկ կատարել։ 2011թ. վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, այդ իսկ պատճառով փորձենք զուգահեռներ անցկացնել 2010թ. հետ։ 2010-ին Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 728.644 դեպք է հայտնաբերել, ինչը 53-ով ավելի էր 2009-ի ցուցանիշից։ Կազմված արձանագրությունների արդյունքում գանձվել էր 2 մլրդ 700 մլն դրամ։

Իսկ որքա՞ն գումար կարող է գանձվել 2012-ի ընթացքում։ «Ա1+»-ը օրերս գրել էր, որ նորամուծության տեխնիկական մասն ապահովող «Security dream» ընկերության տվյալների համաձայն, հունվարի 16-19-ն ընկած ամբողջ ժամանակահատվածում արագաչափերից մեկը գրանցել է 768 խախտում։ Այսինքն՝ 1 արագաչափը օրական ֆիքսել է միջինը 192 խախտում (նշենք, որ հունվարի 15-ին նույն արագաչափը ֆիքսել էր 840 խախտում)։ ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն՝ սահմանված արագությունը գերազանցելու համար նվազագույն տուգանքը 10.000 դրամ է։ Եթե վարորդները վարեն այնպես, ինչպես այսօր, ապա մեկ արագաչափը ամենանվազագույն հաշվարկով` ապահովելու է օրական 1.9 միլիոն դրամի տուգանք։ Միայն Երեւանում արդեն տեղադրվել է 15 տեսախցիկ։ Ստացվում է, որ միայն արագաչափ սարքերը 1 օրում վարորդների գրպանը թեթեւացնում են 28.5 միլիոն դրամով։ Տարվա կտրվածքով գումարը աստղաբաշխական է՝ մոտ 10.5 միլիարդ դրամ։ Իսկ հանրապետությունում առաջիկա 6 տարիների ընթացքում տեղադրվելու է 185 արագաչափ տեսախցիկ։ Անգամ դժվար է հաշվելը, թե որքան գումար կարող է մտնել բյուջե։

Սակայն, արագաչափերից բացի, կան նաեւ դիտարկման տեսախցիկներ, որոնք տեսանկարահանում են իրականացնում։ Այս պահին Երեւանի 10 խաչմերուկներում տեղադրված են 40 տեսախցիկներ։ «Ա1+»-ի նույն հրապարակման համաձայն՝ տեխնիկական սարքերի օգնությամբ հունվարի 18-ին գրանցվել էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 320 դեպք (հունվարի 16-ին գրանցվել էր 1000 դեպք, 17-ին՝ 600)։ Նշենք, որ խաչմերուկների տեսախցիկների արձանագրած խախտումները լինելու են «ոչ թեթեւ» խախտումներ՝ օրինակ, կարմիր լույսի տակով անցնել, «կանգ գծից» առաջ կանգնել, եւ այլն։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում տուգանքը 10.000 դրամից պակաս չէ։ Ստացվում է, որ տեսախցիկներն օրական ապահովում են նվազագույնը 3.2 միլիոն դրամի տուգանք, տարվա կտրվածքով՝ շուրջ 1.1 միլիարդ դրամ։ Այս դեպքում էլ նկատի ունեցեք, որ առաջիկա 6 տարիների ընթացքում 10 խաչմերուկների փոխարեն տեսախցիկներ տեղադրված կլինեն 90 խաչմերուկում։ Ի մի բերելով՝ կարող ենք ասել, որ միայն այսօր տեղադրված տեխնիկական սարքերով՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքները կարող են հասնել 11.5 միլիարդ դրամի։

Հիմա մեզ կասեն՝ շատ կոպիտ եւ հիպոթետիկ հաշվարկներ ենք արել, եւ, որ վարորդները տեխնիկական սարքերի օգնությամբ առաջին արձանագրություններից հետո կդառնան ավելի զգույշ։ Համաձայն ենք։ Սակայն նշենք, որ վարորդներն արդեն հունվարի 16-ից բավականին զգոն էին։ Լավ, ենթադրենք՝ տուգանքների առաջին ծրարները ստանալուց հետո մի քանի անգամ ավելի զգոն կդառնան, եւ տարվա կտրվածքով 11.5 միլիարդի փոխարեն` կգանձվի մի քանի անգամ ավելի քիչ տուգանք։ Սակայն կրկին գործ ենք ունենալու մի քանի միլիարդի հետ։ Եթե սրան էլ ավելացնենք տեխնիկական միջոցների ավելացումը եւ ճանապարհային ոստիկանների կազմած արձանագրությունները, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ոստիկանությունը հարկային մարմնից ավելի շատ գումար կարող է բերել պետբյուջե։

Հիմա գանք հարցի մյուս կողմին՝ որքա՞ն գումար է ծախսվելու տեսախցիկների տեղադրման վրա։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, որը 2011-2017 թթ. համակարգի զարգացման նպատակով ներդնելու է 9 մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը: Դա կազմում է շուրջ 5 միլիարդ դրամ։ Մինչդեռ 6 տարվա ընթացքում այդ համակարգը ապահովելու է մի քանի անգամ ավելի շատ եկամուտ։ Այլ կերպ ասած՝ սա շատ եկամտաբեր եւ ոչ ռիսկային ներդրում է, որը Ոստիկանությանը կդարձնի շահույթով աշխատող հիմնարկ։ ՃՈ Իրավաբանական վարչության պետ Արման Չիլինգարյանը օրերս ԶԼՄ-ներին ասել էր, որ տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրումից ակնկալիքն ի սկզբանե եղել է իրավախախտումների կանխարգելումը, ոչ թե խախտումների հայտնաբերումը եւ դրանցով համապատասխան վարչական ներգործության միջոցների կիրառումը։ Ասել է թե՝ ՃՈ ղեկավարության նպատակը ոչ թե լրացուցիչ գումարներ գանձելն է, այլ երթեւեկության կարգավորումը։ Նույն միտքը տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով արտահայտել են նաեւ այլ պաշտոնյաներ։ Ոչ ոք չի ասում, որ մեր պետական պաշտոնյաները (այդ թվում` Ոստիկանության համակարգի) չեն ցանկանում նորմալ երթեւեկություն ունենալ։ Ի վերջո՝ հենց իրենք, իրենց հարազատներն ու բարեկամները ապրում եւ տեղաշարժվում են նույն վայրում, որի անվտանգ լինելը բոլորին է ձեռնտու։ Սակայն անտեսել գումարի գործոնը եւ մտածել, որ հավաքվելիք գումարների մասով հաշվարկներ չեն արվել, միամտություն կլինի։

Ինչեւէ, կարծիքներ կան, որ իր թերություններով հանդերձ՝ տեսախցիկների տեղադրումը կբերի ցանկալի արդյունքի։ Այսինքն՝ մարդիկ սկզբում կսկսեն կարգապահ վարել, որպեսզի գումար չկորցնեն, իսկ հետո կամաց-կամաց դա կդառնա մտածելակերպ, սովորություն։ Միգուցե այդպես էլ լինի։ Սակայն այսօրվա պայմաններում անխղճություն չէ՞ մինչեւ մտածելակերպ ձեւավորելը լրացուցիչ մի քանի միլիարդ հավաքել բնակչությունից։

Իսկ ի՞նչ անել։ Օրինակ՝ ի՞նչ անի ՃՈ համակարգչային կենտրոնում նստած օպերատորը, եթե տեսնում է մի խեղճուկրակ թոշակառու, մտքերի մեջ ընկած, իր 100 տարվա «Ժիգուլին»` խաչմերուկի հետիոտնային անցման վրա։ Տուգանքը 30.000 դրամ է։ Կամ պետք է իր խղճին հետեւի, կամ՝ օրենքին։ Հաշվի առնելով մեր ճանապարհների վիճակն ու հետիոտների անկարգապահությունը, վարորդները շատ հաճախ ստպիված են խախտում կատարել՝ ավելի մեծ անախորժություններից խույս տալու համար։ Բոլորի վրա անխտիր «ակտ գրելը» կարող է մեծ դժգոհություններ առաջ բերել, իսկ չգրելը՝ օրենքի խախտում է։ Անլուծելի թվացող այս հարցի լուծումն այն կլիներ, որ մարդկանց եկամուտներն ավելի բարձր լինեին։ Սակայն Հայաստանում աշխատավարձերն ու թոշակները աֆրիկյան ամենահետամնաց երկրի մակարդակի են, իսկ տուգանքները համադրելի են եվրոպական երկրների հետ։ Օրինակ՝ արագությունը գերազանցելու համար սահմանված տուգանքի չափով Հայաստանը գրեթե հավասար է Ավստրիային։ Սակայն, եթե Ավստրիայում մեկ շնչին ընկնող միջին տարեկան եկամուտը շուրջ 24 հազար դոլար է, ապա Հայաստանում այն ընդամենը 730-750 դոլար է։ Կամ՝ եթե Հայաստանում բուժաշխատողի կամ մանկավարժի միջին ամսական աշխատավարձը 80 հազար դրամ է, ինչպե՞ս կարելի է առանց համարանիշի երթեւեկելու համար սահմանել 100 հազար դրամի տուգանք։ Ոչ ոք չի արդարացնում առանց պետհամարանիշի երթեւեկելը։ Սակայն տուգանքը պետք է այնպիսին լինի, որ այն վճարելուց հետո կողմնակի եկամուտներ չունեցող մարդու աշխատավարձից գոնե մի քիչ մնա «յոլա գնալու» համար (մանավանդ, եթե խախտումը միտումնավոր չի կատարվել)։

Եթե մի օրում հնարավոր չէ մարդկանց եկամուտները բարձրացնել՝ հասցնելով տուգանքների մակարդակին, ապա տուգանքները իջեցնել եկամուտների մակարդակին լրիվ հնարավոր է։ Բացասական ազդեցություն դա դժվար թե ունենա։ Օրինակ՝ եթե լուսացույցին չենթարկվելու համար նախատեսված տուգանքը 10.000 դրամի փոխարեն լինի 5000, շարքային քաղաքացին ավելի շատ չի հակվի խախտում կատարել։ Եվ հակառակը՝ եթե 10.000-ի փոխարեն դառնա 30.000, այսօրվա խախտում կատարող մեծահարուստի տղան վաղն էլ է կատարելու։ Տուգանքի մեծ չափը միշտ չէ, որ գլխավոր դեր է խաղում։ Ամենակարեւորն այն է, որ տուգանքների կիրառման հարցում (մեծ թե փոքր) արտոնյալներ չլինեն, ու խտրական վերաբերմունքը բացառվի։ Իսկ այդպես կլինի թե ոչ՝ կերեւա շատ շուտով։