«Associated Press» գործակալության փոխանցմամբ` նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Հարցին, թե` ինչո՞ւ ԱՄՆ-ը չի հետեւում Ֆրանսիայի օրինակին, Հ. Քլինթոնը պատասխանել է. «Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք ազատ խոսքը չենք քրեականացնում: Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն բան, ինչ ցանկանան. մեր երկրում հենց այդպես է: Իսկ մյուս երկրները, որոնց թվում է նաեւ մեր բարեկամ եւ դաշնակից երկիր Ֆրանսիան, այլ չափանիշներ, այլ պատմություն ունեն: Մենք, սակայն, հուսով եմ, երբեք չենք գնա խոսքը քրեականացնելու ուղիով»: Հարցին էլ, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պետքարտուղարը պատասխանել է. «Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե քաղաքական»: Նաեւ հավելել է. «Պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ` մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է` անցնելու համար»: