Զգուշավոր են

28/01/2012

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախօրեին` իր աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը` ասել է, թե ԱՄՆ-ը զգուշանում է խոսքի ազատությանը վնաս հասցնելուց, եւ այդ հարցը պետք է թողնել գիտնականներին: «Պատմական հարցերը լուծելու համար կառավարության ուժը օգտագործել փորձելը, կարծում եմ, մի դուռ է բացում, որով անցնելը շատ վտանգավոր է»,- ասել է Հ. Քլինթոնը` հավելելով, թե այդ հարցը պետք է քննարկվի, բայց` ոչ կարգավորվի կառավարությունների կողմից: «Մենք պետք է քաջալերենք յուրաքանչյուրին` պատմական ցանկացած բանավեճի որեւէ կողմում, մտնել գաղափարների փոխանակման դաշտ: Հավաքեք ձեր ապացույցները, ներկայացրեք ձեր փաստարկները»,- ընդգծել է պետքարտուղարը: Հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Քլինթոնը պատասխանել է. «Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես եւս այդպես եմ կարծում, որ դա պատմական քննարկումների եւ եզրահանգումների ենթակա հարց է, ոչ թե քաղաքական: Կարծում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում, քանի որ որքան սոսկալի եւ հուզումնալից լինի կատարվածը, միեւնույն է, պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ` մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է` անցնելու համար»,- հայտարարել է նա: