Երեկվա ասուլիսում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` պատասխանելով հարցին, թե` կարելի՞ է արդյոք ԲՀԿ Արարատի տարածքային նախկին ղեկավարի հետ կատարվածը դիտարկել` որպես ճնշում կուսակցության վրա, ասել է. «Դուք ասացիք»:
Կայքերի փոխանցմամբ` Վ. Բոստանջյանը երեկվա ասուլիսում չի արձագանքել ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ճնշում է գործադրում կոալիցիոն իր գործընկերոջ` ԲՀԿ-ի վրա: Անդրադառնալով ԲՀԿ Արարատի տարածքային կառույցի նախկին ղեկավարի հեռանալու եւ իր հետ հարյուրավոր կուսակից ընկերների տանելու փաստին, Վ. Բոստանջյանն, ըստ tert.am-ի` ասել է, թե «մոտ մեկ միլիոնի մեջ մի քանի հարյուր մարդը եղանակը չի փոխում»: Հիշեցնենք, որ ԲՀԿ Արարատի տարածքային նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանը վերջերս հայտարարել էր կուսակցությունից հեռանալու մասին, իսկ հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ նա նշանակվել է Ոստիկանության Արարատի բաժնի պետ: Հարցին, թե` մի՞թե Կ. Խաչատրյանը չէր կարող Արարատում ոստիկանապետ աշխատել` չլքելով կուսակցությունը, Վ. Բոստանջյանը պատասխանել է. «Դե, երեւի թե որոշակի դժվարություններ կային, էլի»: Բոստանջյանի փոխանցմամբ` այդ իրադարձությունները ԲՀԿ-ի գործողություններում ու շարքերում ամենեւին էլ խուճապ չեն առաջացրել. «Ինչի՞ց պիտի վախենանք, մեզ ի՞նչ պիտի լինի: Եթե պիտի չլինենք` թող չլինենք, երկրագնդի առանցքը հո չի՞ փոխվում, կարեւորը` երկրի վիճակը լավ լինի»:
Անդրադառնալով ԱԺ-ում գործարարների մուտքը բացառելու վերաբերյալ վերջին շրջանում բազմիցս քննարկվող խնդրին, Վ. Բոստանջյանը հայտարարել է, թե Հայաստանում պետք է տարանջատել բիզնեսն ու պետական կառավարումը: Նա նաեւ հիշեցրել է, որ նման տարանջատման անհրաժեշտությունը նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Չեմ կարծում, թե այդ մոտեցումը ձեւականորեն արդարացնում է ընտրացուցակներից օլիգարխների հանումն ու նրանց մեծամասնական ընտրակարգով առաջադրելը: Արտահայտությունն արվել է ըստ էության, պետք է տարանջատել բիզնեսն ու պետական կառավարումը: Այդուհանդերձ, ոչ ոք չի կարող հստակորեն նշել, թե որ խմբին է պատկանում: Այլ բան է, որ քաղաքական դաս կա, որը պատրաստ է ամեն ինչի` հաջողության հասնելու համար: Բայց չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է»,- ասել է նա: Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` միամանդատ ընտրատարածքները գտնվում են օլիգարխների իրավասության տակ, եւ որ ընտրական հանձնաժողովները լիովին ձեւավորվում են տեղի ազդեցիկ մարդկանց շրջապատից: «Հանձնաժողովը նվիրվում է այն օլիգարխին, որը վերահսկում է այս կամ այն «գոտին»: Այդպես էլ, ահա, տեսնում ես հանկարծ այնտեղ օլիգարխի վարորդին, նրա գործակատարին, թիկնապահին: Արդյունքում` մտածում ես, որ մտնում ես ոչ թե ընտրատարածք, այլ օլիգարխի ընդունարան: Սա ընտրություն չի»,- ասել է նա: Նրա կարծիքով` կոալիցիան գիտակցում է, որ իր ընտրացուցակներում օլիգարխների անունների առկայությունը բացասաբար է անդրադառնում իր հեղինակության վրա, ուստի որոշել են նման թեկնածուներին առաջադրել մեծամասնական ընտրակարգով: