Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունն, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նշենք, որ օրեր առաջ այս առնչությամբ ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցություն էր տեղի ունեցել, որի ժամանակ հայ մեծանուն գրողի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել էր, որ Հովհ. Թումանյանի Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի: Գնորդն, ի դեպ, մտադրություն է հայտնել գործարքից հետո այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով: Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով եւս ներկա է եղել վարչապետի մոտ կայացած քննարկմանը, tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ կա այդպիսի գործարար, սակայն նպատակահարմար չի համարել հրապարակել նրա անունը: «Վարչապետի մոտ քննարկվեցին տարբեր տարբերակներ: Առաջարկվեց նույնիսկ համահայկական դրամահավաք իրականացնել, հիմնադրամներ կազմավորել: Սակայն Թումանյանի թոռնուհին ասաց, որ այդ գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել: Թումանյանի թոռնուհին ասաց. «Պարոն վարչապետ, եթե դեմ չեք, կա մի գործարար, որը պատրաստ է գնել»: Վարչապետն էլ ասաց` իհարկե, դեմ չենք»,- կայքի հետ զրույցում ասել է Լ. Անանյանը: Կայքին չի հաջողվել նաեւ այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակից: