Ո՞վ է իրավունք տվել

26/01/2012

ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է, թե իր գլխավորած կուսակցությունը աջակցություն է հայտնել «Պուտին» ակումբների նախաձեռնությանը: «Ես չեմ կարողանում գտնել այդ անձին, որի հետ կուզեի խոսել, իմանալ, թե ո՞վ է նրան այդ իրավունքը վերապահել, որ մեր անունն այդտեղ հայտարարի: Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում, որ այդպիսի ակումբ են ուզում բացել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Սարգսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ փետրվարի 2-ից Հայաստանում գործող «Պուտին» ակումբի պաշտպանության հարցում հանդես են եկել ոչ միայն հասարակական կազմակերպություններ, այլեւ 3 քաղաքական ուժեր` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Իսկ ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Որեւիցե կուսակցության նման առաջարկ կամ նախաձեռնություն մեր կողմից չի առաջարկվել, եւ որեւիցե կուսակցության նախագահի հետ նման հարց եւ պատասխան չի քննարկվել: Ես անձամբ որեւիցե մեկի հետ նման բան չեմ խոսել»: Ի դեպ, նա նաեւ բացառել է նշյալ ակումբների միջոցով անձի պաշտամունք ձեւավորելու գործոնը` նշելով. «Եթե ես այդ մարդու հանդեպ ունեմ իմ կարծիքը, մտածելակերպն ու մտահղացումները, պաշտամո՞ւնք է առաջանում: Եթե վաղը ՀՀ-ում հայտնվեն 10 երիտասարդներ եւ ուզենան «Սարկոզի» ակումբ բացել, եթե մի 10 հոգի էլ հայտնվեն եւ ուզեն «Լեւոն Տեր-Պետրոսյան» կամ «Օբամա» ակումբներ բացել, դրա մասին ի՞նչ կասեք: Դա մարդկանց իրավունքն է, ընդամենը հասարակական նախաձեռնություն»: