ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած բանակի 20-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ իր ելույթում անդրադառնալով բանակի դերի ու նշանակության մասին «անկողմնակալ ու ճշմարիտ ըմբռնման» խնդրին, ասել է. «Չի կարելի բանակի մասին դատել ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նեղ շահերի, միջկուսակցական բախումների եւ, ի վերջո, տարբեր հանգամանքների զուգորդման արդյունքում տվյալ պահին ձեւավորված հասարակական տրամադրությունների լույսի ներքո: Դրանք անընդհատ փոխվում են, հարմարվում այսրոպեական իրողություններին, իսկ բանակը լուռ շարունակում է կատարել իր նույն գործառույթները, եւ անհասկանալի է դառնում, թե ինչո՞ւ էին երեկ գովաբանում զինված ուժերին, այսօր անխնա քննադատում, իսկ վաղը վերադառնալու են երեկ չէ առաջին օրվա հայացքներին»: Անդրադառնալով բանակում արձանագրվող մահվան դեպքերին, նա ասել է. «Ցանկացած կորուստ ցավ է, դա մենք հարազատների հետ միասին ցավով ենք ընդունում եւ խիստ միջոցներ ենք ձեռնարկում, ընդ որում, ոչ միայն հրամանատարության, այլ նաեւ իրավապահ մարմինների եւ հասարակության տարբեր շերտերի կողմից համատեղ աշխատանքով փորձում ենք այնպես անել, որ բոլորը իրենց արժանի տույժը ստանան»: