«ԵԽ ԽՎ-ն գնալով ավելի ու ավելի է վերածվում երկակի չափանիշներ կիրառող կառույցի»

26/01/2012

News.am-ի թղթակցի հետ զրույցում ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե երեկ ԵԽ ԽՎ-ում քննարկվել է նախագծի բանաձեւ, որը «շատ բարձր էր հնչում»: «Խոսում էին, որ յուրաքանչյուր պետություն պետք է հարգի յուրաքանչյուր քաղաքացու կրոնական, մշակութային եւ հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը: Դե, ադրբեջանական պատվիրակությունը յուրաքանչյուր առիթ օգտագործում է իր հակահայկական քարոզչության տարածման համար, եւ ԵԽ ԽՎ այս նստաշրջանն էլ բացառություն չէր: Ադրբեջանական պատվիրակը նորից հին երգն է երգել գրավված 20 տոկոս տարածքների, փախստականների (որոնց թիվը, չգիտես ինչու, ամեն անգամ աճում է, ըստ նրա` նրանք միլիոնից ավելի են) վերաբերյալ: Դրանից հետո ես ելույթ ունեցա»,- նշել է Զոհրաբյանը: Վերջինիս խոսքով` ինքն իր ելույթում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԽ ԽՎ-ում արդեն ամեն տեսակի դեկլարատիվ հայտարարությունների տեղատարափ է: «Ամեն անգամ ինչ-որ մեկը խոսք է խնդրում եւ ամբիոնից սկսում է խոսել բարձր բաների մասին: Ես հարցրեցի` այդ դեպքում ինչո՞ւ են բոլորը լռում, երբ Ադրբեջանը բառացիորեն արգելում է ԵԽ ԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների զեկուցողին քաղբանտարկյալների հարցով մուտք գործել երկիր: Ինչո՞ւ ենք մենք լռում այդ մասին, չնայած որ մեզ` ԵԽ ԽՎ-ի խորհրդարանականներիս, համառորեն թույլ չեն տալիս Ջուղա այցելել եւ տեսնել իրական վանդալի դեմքը: Եթե նրանք այդքան արդար են, ապա ինչո՞ւ Թուրքիան երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի քմահաճույքի պատճառով պետք է թույլ տա, արգելի կամ սահմանի որոշակի օրեր, երբ հայերը կարող են խաչ տեղադրել իրենց պատմական եկեղեցիների վրա, այնտեղ ժամերգություն անցկացնել»,- իր ելույթում ասել է Ն. Զոհրաբյանը` հավելելով, թե քանի դեռ այս եւ շատ այլ արատավոր երեւույթների պատասխանատուները արժանի պատիժ չեն կրում, ցանկացած հայտարարություն դեկլարատիվ է եւ, լավագույն դեպքում, բարի կամք է արտահայտում: «Ես հարցրի` մի՞թե ԵԽ ԽՎ-ում ժողովրդավարությունը նավթով գնած երկրներ կան: Մի՞թե կան արտոնյալ երկրներ եւ ուղղակի երկրներ, որոնց կարելի է քննադատել»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Նրա խոսքով` երկակի չափանիշների կիրառումը ԵԽ ԽՎ-ում լուրջ շրջադարձ է ապրում: «Այդ խնդիրն այնքան արդիական է, որ ԵԽ ԽՎ լիբերալ-դեմոկրատական դաշինքում, որի կազմում ես ընդգրկված եմ, այսօր լրջորեն քննարկվել է այն հարցը, թե ում պետք է որպես դիտորդ ուղարկեն Ռուսաստանի նախագահական ընտրություններին, որպեսզի տեղի իշխանությունները նրանց վրա ճնշում չգործադրեն»,- ասել է Ն. Զոհրաբյանը` նշելով, որ առօրյա-խոսակցական լեզվով դա կարելի է ձեւակերպել այսպես. «Ում ուղարկենք, որ չկաշառեն»: