«Ես Հայաստանում գործարար չեմ համարվում»

26/01/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Վայոց Ձորի մարզն ամբողջությամբ եւ Արարատի մարզի մի քանի գյուղեր ընդգրկող թիվ 39 ընտրատարածքը բավականին եզակի է այն առումով, որ այդ տարածաշրջանից ԱԺ-ում կա 5 պատգամավոր

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեք եղբայրները` Գագիկ, Սերյոժա եւ Արմեն Աբրահամյանները, ովքեր պատգամավոր են դարձել երեք` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ համամասնական ցուցակներով, ինչպես նաեւ` «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, ով նույնպես պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Իսկ այդ տարածաշրջանից արդեն մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Մոսկվայում հայտնի «Արարատ Հայաթ» հյուրանոցային համալիրի սեփականատեր Սամվել Սարգսյանը: Եվ այս օրերին, երբ քաղաքական օրակարգի հիմնական թեման կուսակցությունների համամասնական ցուցակների ու մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների հետ կապված քննարկումներն են, ուշադրությունից դուրս չի մնում եւ ոչ մի ընտրատարածք իր հավանական թեկնածուներով: Քաղաքական շրջանակներում այս ընտրատարածքի դեպքում նույնպես կան տարբեր տեսակետներ: Կարծիք կա, թե Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Ա.Աբրահամյանն իրեն այնքան էլ լավ չի զգում Հայաստանում: Նրա եղբայրները պատգամավոր դարձան, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը: Եվ ահա չի բացառվում, որ ՀՀԿ-ն այլեւս չցանկանա պաշտպանել երեք եղբայրներից եւ ոչ մեկին: Հիշեցնենք, որ Աբրահամյան եղբայրներից ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել Գագիկ Աբրահամյանը` «Բրլյանտի Գագոն»: Ի դեպ, որոշ լուրերի համաձայն` հնարավոր է նաեւ, որ ՀՀԿ-ն արգելի ՕԵԿ-ին իր համամասնական ցուցակում ընդգրկել Ա. Աբրահամյանի մյուս եղբորը` Սերյոժա Աբրահամյանին: Եվ որպեսզի հաջորդ խորհրդարանում Ա.Աբրահամյանի եղբայրները թվային լուրջ կորուստ չունենան, քաղաքական շրջանակներում չեն բացառում` նրանցից որեւէ մեկի թիվ 39 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու տարբերակը: Ի դեպ, նշենք, որ թեեւ Աբրահամյան եղբայրները կոալիցիոն 3 կուսակցությունների համամասնական ցուցակներում են ընդգրկված եղել, բայց դեռեւս կուսակցական պատկանելություն չունեն: Ասում են նաեւ, որ այդ ընտրատարածքում կարող է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել նաեւ Ա.Արսենյանը: Չէ՞ որ նա պատգամավոր դառնալու ցանկություն ունի, իսկ ՀՀԿ-ում ամեն օր հայտարարում են, թե իրենց ցուցակում գործարար թեկնածու չի լինելու: Եվ չի բացառվում, որ այս ընտրատարածքի վրա նախընտրական առեւտուրն ու կրքերն ավելի թեժ լինեն: Երեկ փորձեցինք խոսել մեծամասնականով ընտրված պատգամավոր Ս.Սարգսյանի հետ եւ պարզել` արդյո՞ք նա նորից առաջադրվելու է:

– Դուք կրկին առաջադրվելո՞ւ եք թիվ 39 ընտրատարածքից:

– Առաջադրվելը դեռեւս որոշված չէ: Ինչպես գիտեք, ես ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ եմ, եւ որոշումը հավանաբար կկայացվի կուսակցության համագումարից հետո:

– Իսկ մինչեւ այդ որոշումը, ինքներդ առաջադրվելու մասին ցանկություն չե՞ք հայտնել:

– Գիտե՞ք ինչ, անձնական ցանկությունն առանձին հարց է: Նորից եմ կրկնում, ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ եւ անպայման ենթարկվելու եմ քաղաքական ուժի որոշմանը: Արդեն ասել եմ, որ անկախ ամեն ինչից` ապրում եմ այդ մարզում եւ աշխատելու եմ այդ մարզում իմ ժողովրդի հետ: Մեծամասնականով իմ թեկնածությո՞ւնը կառաջադրվի, թե՞ ուրիշինը` առայժմ չեմ կարող ասել:

– Ձեր ընտրատարածքից ԱԺ-ն ունի նաեւ երեք պատգամավոր եղբայրներ` Աբրահամյանները…

– ԱԺ-ն ունի 4 պատգամավոր, Աբրահամյան եղբայրները եւ Աշոտ Արսենյանը:

– Կարծիք կա, թե Արա Աբրահամյանը ցանկանում է այս անգամ այդ տարածքից իր եղբայրներից որեւէ մեկին առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Քաղաքական շրջանակներում չեն բացառում նաեւ Ա.Արսենյանի առաջադրումը:

– Սնկեղծ ասած` ես այդպիսի խոսակցություն առայժմ չեմ լսել:

– Իսկ Աբրահամյաններն օգնո՞ւմ են այդ տարածքում ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար:

– Այդ հարցերը հավանաբար պետք է այնտեղ ապրող ժողովրդին տալ: Իրենք էլ են ապրում այդ մարզում եւ իրենց հնարավորությունների սահմաններում, իհարկե, օգնում են: Եթե անկեղծ լինենք, մեծ ծրագրեր չենք ունեցել, բայց համագործակցություն ունեցել ենք: Եթե խնդիրներ են լինում, միասին ներկայացնում ենք:

– ՀՀԿ-ից անընդհատ հայտարարում են, թե այս անգամ իրենց համամասնական ցուցակում գործարար թեկնածուներ չեն լինելու: Իսկ Դուք գործարար եք:

– Ես Հայաստանում ոչ մի բիզնես չունեմ եւ Հայաստանում գործարար չեմ համարվում:

– Դուք կամ Ձեզ պատկանող ընկերությունները գնեցիք կառավարության շենքի մի մասը ինչ-որ բիզնես ծրագիր իրականացնելու նպատակով:

– Իմ ընկերությունները չեն, ընդամենը իմ եղբոր եւ իր ընտանիքի բիզնեսն է: Իմ եղբորից հետո ես ընդամենը կառավարում եմ այդ բիզնեսը: Ես Հայաստանում առայժմ բիզնես չունեմ:

– Բայց նպատակներ ունեք:

– Իհարկե ունեմ։

– Ի՞նչ եք ուզում անել` արտադրություն, առեւտուր, ծառայություններ:

– Ծառայություններ:

– Հավանաբար հյուրանոցային

– Հավանաբար հյուրանոցային:

– Հավանաբար կառավարության այդ նույն շենքի տարածքում:

– Չեմ կարծում: Բայց հյուրանոց դառնալն այդպես միանշանակ որոշված չէ, որովհետեւ հյուրանոցը պետք է կառավարիչ ունենա, եւ պայմանները բավարարեն կառավարչի պահանջներին:

– ԱԺ-ում Դուք աչքի չեք ընկնում ակտիվ օրենսդրական աշխատանքով: Կհիշե՞ք, թե այս ընթացքում ինչ նախագծեր եք ներկայացրել:

– Այս պահին ես չեմ կարող հիշել, բայց արել եմ հնարավորինս ամեն ինչ: Մարզում իմ գրասենյակները գործում են, աշխատում եմ նաեւ ժողովրդի հետ, շփումն անընդհատ կա, միշտ հասանելի եմ եւ հնարավորության սահմաններում միշտ այն ժողովրդի հետ եմ, որտեղ որ ես ու իմ ընտանիքն ապրում ենք: Ես չէի ասի, թե շատ ակտիվ եմ եղել, համենայնդեպս` հարցուպատասխաններին մեծ մասամբ մասնակցել եմ, հարցեր տվել եմ, առաջարկություններ ներկայացրել եմ, կառավարության, մարզպետարանի հետ աշխատել եմ: Չէի ասի, թե իմ կյանքն ու ժամանակն ամբողջովին նվիրել եմ այդ գործին, բայց քիչ բան չեմ արել: