Դեմ է

24/01/2012

Երեկ մեկնարկել է ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանը, որտեղ ԵԽ ԽՎ նախագահ է ընտրվել ֆրանսիացի պատգամավոր Ժան-Կլոդ Մինյոն: Երեկ հրավիրած ասուլիսում ԵԽ ԽՎ նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի գործունեության անհրաժեշտությանը` ասելով, թե չի հավատում եւ երբեք էլ չի հավատացել, որ այս ենթահանձնաժողովը կարող է որեւէ արդյունք տալ: «Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ»,- ըստ «Ա1+»-ի` ասել է նա` հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի այս շրջանակում, իսկ հայ եւ ադրբեջանցի պատվիրակները Վեհաժողովում կցուցաբերեն խելամիտ կեցվածք: «Ինձ թվում է, որ եթե կողմերը շարունակեն նույն ոգով, ինչպես նախորդ տարիներին, ապա խնդրի կարգավորմանը հասնելն ուղղակի կլինի անհնարին»,- ընդգծել է նա: Նշենք, որ ԵԽ ԽՎ Բյուրոյի երեկ առավոտյան կայացած նիստում (որը վարում է ԵԽ ԽՎ այլեւս նախկին համանախագահ Մեւլութ Չավուշօղլուն) ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խուկլա ի Կոստան նախագիծ է ներկայացրել` առաջարկելով եւս մեկ տարով երկարաձգել հանձնաժողովի աշխատանքը: Սակայն երեկ որեւէ որոշում չի կայացվել: