Առանց բեկման

24/01/2012

Երեկ Սոչիում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման ժամանակ ընդունվել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հերթական հայտարարությունը, որը, ինչպես սպասվում էր, որեւէ բեկում չի արձանագրել հիմնահարցի կարգավորման գործընթացում: «Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ: Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարեւորությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը: Երկու նախագահները բարձր գնահատեցին ՌԴ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը»,- ասված է հայտարարության մեջ: