ՀՔԾ զեկույցը խայտառակություն է

24/01/2012

ՀԱԿ Պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը երեկ հայտարարել է, թե 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից անցած տարվա դեկտեմբերի վերջին տարածած տեղեկանքը ոչ միայն չի փարատել ՀԱԿ-ի ունեցած կասկածները` գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլեւ հարուցել է նորերը: Նրա խոսքով` «աչք է ծակում» այն հանգամանքը, թե նախաքննական մարմինը ինչպես է փորձում սեւացնել ու վարկաբեկել բոլոր սպանվածներին` բացի ներքին զորքերի սպայից ու շարքայինից: «Նպատակը, մեր կարծիքով, մեկն է` հասարակության, միջազգային կառույցների, դեպքերի իրական բնույթին անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե սպանվածները քրեական բացասական բնութագիր ունեցող անձինք են, հանցագործներ: Բացի այդ, ՀՔԾ հաղորդագրությունում լռության է մատնված Ռոբերտ Քոչարյանի` մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի սահմանադրականության հարցը եւ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ՊՆ ներգրավման օրինականությունը: Արդյոք նման հրամանագիր ընդունելով` Ռ. Քոչարյանն ակնհայտորեն դուրս չի՞ եկել Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից եւ պատասխանատվություն չի՞ կրում հետագա բոլոր հանցագործությունների համար»,- ասել է նա: Հարցին, թե` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա՞, Ջհանգիրյանը պատասխանել է. «ՀՔԾ-ն ՀՀ առաջին նախագահին հարցաքննելուց առաջ` լավ կանի հարցաքննի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին»: