Հավատարիմ կլինե՞ն

24/01/2012

Մեր թղթակցի հարցին, եթե ԲՀԿ-ն մեծամասնական բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրի, դա կարո՞ղ է մեծ լարվածություն առաջացնել, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պատասխանել է. «ԲՀԿ-ն նաեւ ասում է, թե իրենք կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Եթե միաժամանակ հայտարարում է, որ առաջադրելու է բոլոր ընտրատարածքներում, նշանակում է, որ կլինի պայքար»: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չէր բացառել, որ 41 ընտրատարածքներում էլ թեկնածուներ կունենան: Արդյո՞ք դա չի հակասում կոալիցիոն հուշագրին, որտեղ նշված է, թե կոալիցիոն կուսակցությունները նպատակ չունեն գալիք ԱԺ ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: «Կոալիցիոն 3 կուսակցությունների ստորագրած այդ հայտարարությունը քաղաքական փաստաթուղթ է: Եվ այնքանով, որքանով քաղաքական ուժերը հավատարիմ կլինեն իրենց ստորագրություններին, հավատարիմ կլինեն նաեւ իրենց խոսքին եւ գործին: Իսկ հանրությունը նաեւ դրանով կարող է գնահատական տալ քաղաքական ուժերին»,- պատասխանել է Ս.Նիկոյանը։