Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը կիրակի օրը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը, ըստ որի` «Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերներն ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները` իրավիճակը բարելավելու համար»: Զեկույցում անդրադարձ կա նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերին, որտեղ ընդգծվում է, որ 2011թ. ընթացքում Հայաստանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել 10 սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել` բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար: «2008թ. մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան 3 տարի անց` այսօր էլ, դեռեւս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում: Զեկույցում նաեւ քննադատության են արժանացել ՀՀ միջազգային որոշ գործընկերներ: Մասնավորապես, ըստ «Human Rights Watch»-ի` նրանցից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։ «2011թ. հոկտեմբերին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ` արձանագրելով, որ 2008թ. մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել»,- ասված է կազմակերպության զեկույցում: Ուշագրավն այն է, որ, ըստ «Human Rights Watch»-ի` ՀՀ կառավարությանը տրված այդ վստահությունն անհարկի է: