Վերադարձրու միլիոնը

23/11/2005

Հերթական անգամ 18-20 օրով կդադարեցվի «ԱՐ» հեռուստաընկերության հեռարձակումը: Դադարեցման պաշտոնական պատճառը հաղորդակի փոփոխությունն է: Սակայն գերիշխող կարծիք կա, որ պատճառը քաղաքական է: Հիշեցնենք, որ նույնպիսի պատճառաբանությամբ «ԱՐ»-ի եթերը դադարեցվեց նաեւ 2004թ.: Այդ փակումից առաջ տեղեկություն հրապարակվեց, որ իշխանությունը դժգոհ է «ԱՐ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանից: Որոշ ժամանակ անց իշխանությունները Հ. Վարդանյանից բացատրություն էին պահանջել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին «ԱՐ»-ի բաժնետեր դարձնելու առնչությամբ: Վերջերս «ԱՐ»-ի հետ սկսեց համագործակցել Ա. Աբրահամյանի ստեղծած «ՍԱՐ» հեռուստաստուդիան, որի ղեկավարն է Համլետ Ղուշչյանը: Վարդանյան-Աբրահամյան տանդեմի նպատակը 2007թ. ԱԺ ընտրություններն են: Բնականաբար, իշխանությունների սրտով չէ այս տանդեմը: Մենք հրապարակել էինք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հանդիպել է Հրանտ Վարդանյանին՝ պահանջելով ծխախոտի բիզնեսից իրեն հասանելիք միլիոնները: Ինչ խոսք, Ս. Բաբայանին այդ լիազորությունը տվել են իշխանությունները: Իսկ միգուցե Ս. Բաբայանը միլիոնի դիմաց հենց «Ա՞Ր»-ն է ուզում: