100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» երեկվա համաժողովի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ինքը կողմ է 100 տոկոսանոց ընտրական համակարգին` ասելով, թե այն թույլ կտա ձեւավորել քաղաքական խորհրդարան: «Մտովի եկեք մտաբերենք, թե 41 մեծամասնական պատգամավորներից քանիսի՞ն ենք մենք ճանաչում, եւ քանի՞սն են, որ ներկայացնում են այն ընտրատարածքի շահերը, որտեղից իրենք ընտրված են»,- ասել է նա` հավելելով, թե իր կատարած հարցումները ցույց են տվել, որ նախորդ խորհրդարանում եւս մեծամասնականով ընտրված պատգամավորներին ժողովուրդը չէր ճանաչում: Իսկ ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հայտարարությանը, թե իրենք դեմ են մեծամասնական ընտրակարգը վերացնելուն, Ն. Զոհրաբյանն ասել է, թե ԵԽ ԽՎ-ն իրավունք չունի Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնելու, եւ կարող են ընդամենը խորհուրդ տալ: