Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված խորհրդարանական ընդդիմության հրավիրած երեկվա համաժողովին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իր համար եւս ընդունելի է «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի առաջարկը: tert.am-ի հետ զրույցում երեկ անդրադառնալով այս խնդրին, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Չեմ կարծում, որ այդ մասին հայտարարություն անողները ազնիվ են, եւ այստեղ ես նախընտրական քաղաքական հնարքի տարրեր եմ տեսնում այդ կարգի հայտարարություններում»: Նա հիշեցրել է, որ նոր Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, բացառությամբ մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների, խորհրդարանական այլ ուժերի համար այս հարցը սկզբունքային չի եղել, եւ Շարմազանովն էլ նրանցից հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ բարձրաձայնումներ չի լսել: Շարմազանովը նաեւ հիշեցրել է, որ ԲՀԿ-ն եւս Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած լրամշակված ԸՕ-ի մշակողներից է: «Կարծում եմ, որ քաղաքական ուժերն այս հարցում ընկել են ոչ թե բովանդակության, այլ ձեւի հետեւից: Բովանդակության տակ պետք է հասկանալ ազատ, արդար ընտրությունների անցկացում»: