Նրանց ճակատագրերը կախված են երկու մարդուց

21/01/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կոալիցիոն կուսակցություններից մեծամասնական ընտրակարգով ընտրված եւ ոչ մի պատգամավոր մինչեւ այժմ համարձակություն չի դրսեւորել հայտարարելու, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նույն ընտրակարգով նորից կառաջադրվեն:

Հրապարակային զրույցներում նրանք ընդամենը չեն բացառում իրենց հնարավոր առաջադրումները եւ այդ մասին ընդամենը կցկտուր ակնարկներ են անում: Հասկանալի է, որ նրանց այդ ակնարկներն ուղղված են ոչ թե հանրությանը, այլ իշխանությանը, որի միջոցով նրանք ցանկանում են իրենց երազանքների մասին «տեղյակ պահել վերեւներին»: Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած կուսակցականներն առայժմ միայն հայտարարում են, թե իրենց առաջադրվելու հարցը պետք է որոշի իրենց կուսակցությունը կամ կուսակցության ղեկավարը` լավ հասկանալով, որ իրենց հետագա քաղաքական կարիերան առայժմ կախված է մեկ մարդուց` կուսակցության ղեկավարից: Իսկ խորհրդարանում մեծամասնական պատգամավորներ ունեն միայն իշխող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Իսկ մի քանի, այսպես ասած` անկախ պատգամավորներն էլ, ինչպես հայտնի է` գտնվում են ՀՀԿ-ի ազդեցության տակ: Այսպիսով` մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցողների ճակատագրերը որոշելու են երկու մարդ` վերոնշյալ երկու կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Եվ այնպես է ստացվել, որ իշխանական համակարգում չկա այն տղամարդը, ով այսօր միանշանակ կհայտարարի, թե ինքը նորից առաջադրվելու ցանկություն ունի եւ անպայման կառաջադրվի: Մենք փորձեցինք զրուցել ՀՀԿ եւ ԲՀԿ անդամ, մեծամասնական ընտրակարգով ընտրված երկու պատգամավորների` Արմեն Պուրտոյանի եւ Ռոբերտ Թովմասյանի հետ: Նրանք երկուսն էլ դեռ սպասում են իրենց ղեկավարների հստակ համաձայնությանը կամ մերժմանը:

– Պարոն Պուրտոյան, Դուք նորից առաջադրվելո՞ւ եք Էրեբունի համայնքում:

– Դեռ որոշված չէ:

– Իսկ առաջադրվելու ցանկություն ունե՞ք:

– Հանրապետական կուսակցության խորհրդի նիստն ինչպես կորոշի:

– Բայց անկախ խորհրդի որոշումից, Դուք կարող եք, չէ՞, Ձեր սեփական ցանկությունն ունենալ:

– Եթե երկրի համար ես կարողանամ ինչ-որ կերպ պիտանի լինել, ուրեմն կառաջադրվեմ:

– Դուք ինչպե՞ս եք կարծում, կարո՞ղ եք պիտանի լինել:

– Իմ գործունեությունը դուք երեւի նկատում եք, դուք կիմանաք, ես ինքնագովեստով չեմ զբաղվում:

– Իսկ կուսակցության խորհուրդը նման հարցերը ե՞րբ է որոշելու:

– Մոտակա օրերին: Երեւի մինչեւ փետրվար կորոշվի: Ես իմ կուսակցությանը հնազանդ եմ, ինչպես կորոշի` այդպես էլ կանենք:

– Երբեմն կարծիքներ են հնչում, թե այդ նույն տարածքում կարող է առաջադրվել Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը: Նա նույնպես չի բացառել այդ հնարավորությունը: Եվ զուգահեռ կարծիքներ են հնչում, թե ՀՀԿ-ն այս անգամ ոչ թե Ձեզ, այլ Մ.Սեդրակյանին կամ մեկ այլ թեկնածուի կպաշտպանի:

– Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել, ես առայժմ չեմ հետաքրքրվում, թե ով է առաջադրվելու: Հենց օրը գա` բարին հետը, այդ ժամանակ նոր կհետաքրքրի:

– Վերջին շրջանում ՀՀԿ-ից շատ են հնչում հայտարարություններ, թե սահմանափակվելու է գործարարների մուտքը խորհրդարան: Նախագահ Սերժ Սարգսյանն անցած տարի հայտարարեց, թե պետք է գործարարությունը տարանջատվի պետական կառավարման համակարգից: Իսկ Դուք գործարար պատգամավոր եք:

– Ես գործարար չեմ: Սեփականություններ ունեմ, բայց գործարար չեմ: Ես նախկինում էի գործարար: Ես ձեզ ասում եմ, որ իմ բոլոր սեփականությունները հանձնել եմ բիզնեսմեններին, իրենք են ծավալել իրենց գործունեությունը: Ես անձամբ բիզնեսով չեմ զբաղվում:

– Դուք ասում եք, թե մենք գնահատենք խորհրդարանում Ձեր գործունեությունը: Դուք այնքան էլ ակտիվ օրենսդիր աշխատանքով չեք զբաղվել, Ձեր ընտրողներին հուզող հարցերը չեք բարձրացրել խորհրդարանում:

– Ակտիվն ինչպե՞ս է դրսեւորվում: Պիտի անպայման ամբիոնից ելո՞ւյթ ունենամ, որ այդ ակտիվությունը նոր նկատե՞ք: Իսկ ընտրողների հետ իմ կապը միշտ կա, եթե պատգամավոր էլ չդառնամ, ես նորից այդ կապը կպահեմ:

– Իհարկե, պետք է ամբիոնից ելույթ ունենաք, քննարկվող օրինագծերի հետ կապված տեսակետներ հայտնեք, ինքներդ օրինագիծ հեղինակեք ու քննարկման ներկայացնեք:

– Հանձնաժողովի նիստերի ժամանակ ես իմ կարծիքը հայտնում եմ, մասնակցում եմ քննարկումներին:

– Ձեր կողմից օրենսդրական նախաձեռնություններ չեն նկատվել:

– Հարակից եղել են, բայց անձամբ ես օրենքի նախագիծ չեմ ներկայացրել:

– Այդ դեպքում էլ ինչո՞ւ եք նորից ուզում դառնալ պատգամավոր: Շարունակեք զբաղվել գործարարությամբ եւ կառավարեք Ձեր բիզնեսը:

– Հիմա դուք դա ինձ ասում եք, որ ի՞նչ: Չգիտեմ: Հիմա ես ահագին օրենքի նախագծեր ունեմ, եթե ընտրվեմ, նոր կտեսնեք, թե ինչ օրինագծեր կներկայացնեմ:

– Որ ասում եք` եթե ընտրվեմ, ուրեմն նորից պատգամավոր դառնալու թաքուն ցանկություն ունեք:

– Չէ, չեմ կարող ասել:

– Ի՞նչ է` կուսակցությունում ցանկություն ունենա՞լն էլ է սահմանափակված:

– Ոչ, իհարկե ոչ: Մեծամասնությունն ինչպես կորոշի:

– Այս օրերին քաղաքական ուժերը մեծամասնական-համամասնական ընտրակարգերի մասին քննարկումներ են անցկացնում: Ընդդիմությունը գտնում է, որ մեծամասնական ընտրակարգը պետք է հանել, փոխարենն ընդունել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Կարծիք կա, թե մեծամասնական ընտրակարգի միջոցով անցկացվում է հիմնական կեղծիքները: Ձեր կոալիցիոն հիմնական գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ է կողմ 100 տոկոս համամասնական ընտրակարգին: ԲՀԿ պատգամավորները չեն բացառում, որ կարող է կողմ քվեարկեն համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը:

– Եթե մարդ ինքը կեղծիքներ է անում, դա չի նշանակում, որ մնացածին էլ պիտի նույն պիտակը կպցնի: Ես չեմ կարող ասել, որ մեծամասնականով կեղծիքները շատ են լինում: Եվրոպայում երկրներ կան, որտեղ միայն մեծամասնական ընտրակարգն է:

– «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն են կողմ 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Այդ կուսակցությունները ընտրակեղծիքներ արե՞լ են, ինչպես նշեցիք:

– Ես հիմա ոչ մեկին չեմ կարող ոչ մի բան ասել:

– Պարոն Թովմասյան, Դուք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եք, ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմադիր կուսակցությունների այն պնդմանը, թե պետք է ընդունել միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ:

– Իմ կարծիքով` երկու տարբերակն էլ ճիշտ է, բայց ավելի ճիշտ կլինի, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ էլ լինեն: Ինչի՞ համար, որ այլընտրանք լինի համամասնական ընտրակարգով կուսակցական ցուցակով ընտրված պատգամավորներին: Մի խնդիր կա` ենթադրենք` ինչ-որ մի տարածքի բնակիչներն ուզում են իրենց ձայնը տալ մի կոնկրետ թեկնածուի: Շատ հնարավոր է, որ այդ մարդը թեկուզ լինի իր կուսակցության ցուցակի առաջին տեղերում, բայց կուսակցությունն ինչ-ինչ պատճառներով որոշի, որ նա չպիտի գնա Ազգային ժողով: Բայց տվյալ համայնքի ընտրողներն այդ կուսակցության ցուցակին ձայն են տվել, որ հենց այդ մարդը դառնա պատգամավոր: Մարդիկ ընտրել են այդ կուսակցության ծրագիրը, համամասնական ցուցակը` կարծելով, թե իրենց ցանկալի մարդիկ անցողիկ տեղերում են: Նրանք շահագրգռված են, որ այդ մարդն անցնի խորհրդարան եւ ներկայացնի իրենց հարցերը: Շատ հնարավոր է, որ կուսակցությունը որոշի` այդ մարդկանց չուղարկի խորհրդարան: Ստացվում է, որ կուսակցությունն օգտագործեց նրանց անձը եւ բնակչությանը դրդեց, որ ձայն տան իր ցուցակին: Ես կարծում եմ, որ մեծամասնականն էլ անհրաժեշտ է:

– Բայց Ձեր կուսակից պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը վերջերս անընդհատ հայտարարում են, թե ընդդիմադիր ուժերի հետ միասին` իրենք նույնպես կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Եվ չեն բացառում, որ «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացրած համապատասխան օրինագծին կողմ կքվեարկեն:

– Երկու ընտրակարգերն էլ նորմալ երեւույթ եմ համարում, ինձ համար տարբերություն չկա: Կարեւոր է, որ ժողովուրդն ընտրելու հնարավորություն ունենա:

– Ամեն դեպքում մեծամասնական ընտրակարգը կա: Դուք առաջիկա խորհրդարանական ընտրություններին նորից առաջադրվելո՞ւ եք Ձեր տարածքում:

– Ինձ թվում է, որ առաջադրվելու եմ, որովհետեւ նախնական պայմանավորվածություն կա:

– Երեկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը չբացառեց, որ ինքն էլ կառաջադրվի այդ նույն ընտրատարածքում, կարծիք կա, որ այդտեղ կարող է առաջադրվել նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այդ դեպքում Ձեզ թեժ պայքար է սպասվում:

– Ամեն մարդ էլ կարող է առաջադրվել: Ամեն մարդ կարող է մտածել, որ ինքը շատ ավելի արժանի է: Ամեն դեպքում մեր կուսակցությունը նախնական որոշում ունի, որ ես դնելու եմ: Որ այս տարիներին արդարացրել եմ թե կուսակցության հույսերը, թե, ինձ թվում է, բնակիչների հույսերը: Եվ ես առաջադրվելու եմ, անկախ այն հանգամանքից, թե էլ ով կառաջադրվի:

– Վերջին ամիսներին ԲՀԿ կուսակցության հետ տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում: Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանն է դուրս գալիս կուսակցությունից, ԲՀԿ-ի անդամներ կամ համակիրներ են ձերբակալվում: Կիսո՞ւմ եք այն կարծիքը, թե նման քայլերով իշխանությունները ԲՀԿ-ին ճնշում են, որովհետեւ խախտում է կոալիցիոն պայմանավորվածությունները:

– Համենայնդեպս, այս տարածքում դեռ նման բան չեմ նկատել, որ ԲՀԿ-ՀՀԿ լարվածություն լինի:

– Ոչ թե Ձեր տարածքում, այլ Հայաստանում:

– Դե, գիտե՞ք ինչ կա, փաստեր կան, որ այսպես է, բայց քանի դեռ կոնկրետ չէ, ես չեմ կարող ասել, թե լարվածություն կա: Մտածում ես, որ կա, որովհետեւ նման դեպքեր են լինում, բայց որ ես ինձ վրա չեմ զգում, չեմ կարող հաստատ ասել:

– Երեկ Ն.Զոհրաբյանը նաեւ չի բացառել, որ ՀՀ 41 մեծամասնական ընտրատարածքներում էլ ԲՀԿ-ն թեկնածուներ կառաջադրի:

– Այսօր մենք 11 մեծամասնական պատգամավոր ունենք, մենք նախ կաշխատենք պաշտպանել մեր մեծամասնական տեղերը: Եվ եթե կուսակցության քաղխորհուրդը կորոշի, որ այսինչ տեղում ունենք արժանի թեկնածու, ով կարող է առաջադրվել եւ հաղթելու շանսեր ունենալ, միգուցե առաջադրենք: