Ֆրանսիական Սենատի Իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ երեկ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը: Փարիզից «Ազատություն» ռադիոկայանին Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը փոխանցել է, որ հանձնաժողովի անդամներից շատերը հայտարարել են, թե հարցը պատմական է, եւ կարիք չկա այն քննարկել օրենսդիր մարմնում ու քաղաքական ատյաններում: «Ներկայացված պատճառաբանություններն այն էին, որ տեքստի մեջ տեղ գտած արտահայտությունները հակասահմանադրական են, այսինքն` միշտ էլ ասվում է, որ այս խնդիրը պատմական հարց է եւ խորհրդարանի կամ Ծերակույտի մեջ քննարկվելու տեղ չունի»,- ասել է նա: Հանձնաժողովականների մերժումը, սակայն, ըստ նրա, չի արգելափակի օրինագծի հետագա քննարկումն ու քվեարկությունը երկուշաբթի (հունվարի 23-ին) նախատեսված Սենատի լիագումար նիստում: «Այս որոշումը ընդամենը պարտադրում է Սենատին մինչեւ բուն փաստաթղթի քննարկումը նախ քվեարկության դնել իրավական հարցերով հանձնաժողովի մերժումը եւ դրան անհամաձայնություն հայտնելուց հետո միայն անցնել օրինագծի քվեարկությանը: Եթե այսօր այս հանձնաժողովի մերժումը տեղի չունենար, Ծերակույտի մեջ քննարկում կարող էր չլինել, եւ օրինագիծը ուղղակի կանցներ քվեարկության»,- ասել է նա: