ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն անցած նոյեմբերին մեզ հետ զրույցում ասել էր, թե մինչեւ տարեվերջ կնշվի Ազգային ժողովրդավարության շարժման ձեւավորման 20-ամյակը, որի ժամանակ կճշտեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Հիշեցնենք, որ 2010թ. տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Մանուկյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցությունից տարիներ առաջ անջատված մի քանի կուսակցություններ` ԱԺԴ-ն, ներկայումս ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած ԱԺԿ-ն եւ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ը բանակցում են կրկին միավորվելու նպատակով: Կարծիք կար, որ այս միավորումը պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Երեկ Ա. Սադոյանը մեր թղթակցին ասել է, թե անցած տարեվերջին «մի փոքր նշվել է այդ 20-ամյակը», սակայն հիմնական մեծ միջոցառումը, որը պետք է տա միավորման եւ ընտրություններին մասնակցելու հարցերի պատասխանները, դեռ չի կայացել: Ա. Սադոյանի հավաստմամբ` այն անպայման տեղի կունենա մինչեւ ԱԺ ընտրությունները: