Համաշխարհային բանկը (ՀԲ) երեկ տհաճ անակնկալ է մատուցել այն վերլուծաբաններին եւ պաշտոնյաներին, ովքեր նախկինի նման շարունակում են պնդել, որ համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգը չափազանցված է, եւ, որ անգամ ճգնաժամի դեպքում Հայաստանը պատրաստ է դրան լիարժեք դիմակայել։ ՀԲ-ն նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումները համաշխարհային տնտեսության համար եւ հատուկ ընդգծել, որ «ֆինանսական ցնցումները կազդեն զարգացող երկրների վրա», եւ որ «զարգացող երկրների տնտեսությունը այժմ ավելի խոցելի է, քան 2008 թվականին»։ Ի դեպ, ովքեր կարծում են, թե Հայաստանը զարգացող երկիր է, սակայն այս ռիսկերը ուրիշների համար են, կարող են կարդալ նաեւ ՀԲ հետեւյալ պարզաբանումը. «Բարձր եկամուտ ունեցող երկրներում լուրջ ճգնաժամը կարող է ճնշում գործադրել այն երկրների վճարային հաշվեկշիռների եւ պետական հաշիվների վրա, որոնք զգալիորեն կախված են հանքահումքային ապրանքների արտահանումից եւ դրամական միջոցների ներհոսքից»։ ՀԲ-ն համոզված է, որ նոր ճգնաժամն առավել ուժեղ կհարվածի այն երկրներին, որտեղ դրամական միջոցների ներհոսքը (մասնավոր տրանսֆերտները) կազմում են ՀՆԱ-ի 10%-ը կամ ավելին։ Հիշեցնենք, որ Հայաստանում այդ ցուցանիշը 11%-ից էլ բարձր է, իսկ արտահանման հիմնական ուղղությունը մնում է հանքահումքային արտադրանքը։ Կարճ ասած՝ սպասվում են դժվարին ժամանակներ, որքան էլ մեր իշխանությունները փորձեն խուճապ չառաջացնելու ազնիվ մղումով այդ մասին լռել։ Ի վերջո, նրանց նույնպես կարելի է հասկանալ. դժվար ապագա խոստանալով ընտրությունների գնալը անմտություն է։