Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երեկ քաղխորհրդի նիստ է հրավիրել եւ քննարկել փետրվար-մարտ ամիսներին հանրահավաքները վերսկսելու, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափերին, եւ որ, ամենագայթակղիչն է, նախընտրական համամասնական ցուցակին վերաբերող հարցեր:
Սակայն, ինչպես իշխանական կուսակցությունները, այդպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունն առայժմ գաղտնի է պահում քննարկված մանրամասները, առաջարկները եւ գործողությունների հնարավոր տարբերակները: Ինչպես քաղաքական դաշտի մյուս բոլոր կառույցների, այդպես էլ Կոնգրեսի ներկայացուցիչներ հայտարարում են, որ հանրությանն իրենց գործողությունների մասին կտեղեկացնեն վերջնական քայլերն ու ձեւաչափերը ճշտելուց հետո միայն: Եվ տպավորությունն այնպիսին է, որ կարծես թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական խաղացողները չեն ուզում բացել իրենց խաղաքարտերը: Սպասում են, որ այդ տեղեկություններն առաջինը հրապարակի իրենց մրցակիցը, որպեսզի դրան համապատասխան շտկումներ կատարեն իրենց կայացրած որոշումներում: Իսկ ՀԱԿ-ը` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ միասին, գարնանը տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների թատերաբեմում համարվում է երեք հիմնական խաղացողներից մեկը: Եվ քաղաքական դաշտն ու հանրությունը հիմնականում սպասում են այս երեք ուժերի գործողությունների գաղտնազերծմանը, ինչը համառորեն ուշանում է:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը քաղխորհրդի նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք նաեւ նախապատրաստվում են փետրվար-մարտ ամիսներին վերսկսվող հանրահավաքների արշավին: «Դուք գիտեք, որ մենք նախապատրաստում ենք համաժողովրդական ընդվզման մի ալիք, որի նպատակն է` հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Եվ որեւէ քննարկում, մասնավորապես` Հրազդանի քաղաքապետարանի կամ ԱԺ ընտրություններին վերաբերող, արվում է լրջությամբ: Մենք դեմոկրատական երկրում չենք ապրում, ընտրություններն այստեղ կեղծվում են: Եվ այդ առումով մենք ընտրություններին մոտենում ենք որպես գործիք ժողովրդին ակտիվացնելու համար` ժողովրդավարություն հաստատելու նպատակով: Այս կոնտեքստում սկսվել են մեր քննարկումներն այդ երկու ընտրություններին մեր մասնակցության ձեւաչափի մասին»,- ասաց Լ. Զուրաբյանը: Նա չցանկացավ մանրամասնել, թե ի՞նչ պայմանավորվածությունների եւ գործողությունների պլաններ են մշակվում ՀԱԿ անդամ կուսակցությունների միջեւ: Կամ` ե՞րբ է լինելու այս տարվա առաջին հանրահավաքը: «Մենք ընդհանրապես պայմանավորվածություն ունենք, որ չենք հնչեցնելու տարբեր կուսակցությունների առաջարկները: Դա ենթադրում է պայմանավորվածությունների մի փաթեթ, որը մենք ամբողջությամբ կհրապարակենք քննարկումների ավարտից հետո` եթե մինչեւ ընտրությունները չհաջողվի հանել մեծամասնական ընտրակարգը, ապա ինչպիսի՞ մասնակցություն ենք ունենալու: Շատ ընդհանրական սկզբունքների մասին է խոսվել»,- ավելացրեց Լ. Զուրաբյանը` չնշելով, թե կոնկրետ ե՞րբ են ավարտվելու իրենց այդ քննարկումները: Իհարկե, միամիտ կլինի հավատալ, թե մինչեւ ընտրությունները ընդդիմությանն ինչ-որ հրաշքով կհաջողվի հասնել մեծամասնական ընտրակարգի վերացմանը: Ճիշտ է, խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները նույնպես կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել, սակայն ընտրությունների նախաշեմին իշխանությունները 41 մեծամասնական մանդատներից հրաժարվելու մտադրություն չունեն: Եվ այդպիսով` ՀԱԿ-ը ունի՞ այնքան գործիչներ, որ կարողանա առաջադրել բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում: Լ.Զուրաբյանը վստահեցրեց, որ ունեն: Եթե ունեն, ապա արդյոք դա նշանակո՞ւմ է, որ բոլոր տարածքներում էլ առաջադրելու են իրենց թեկնածուներին: Այս հարցը նույնպես դեռ որոշված չէ:
Մամուլում ու հրապարակային ելույթներում կարծիքներ են հնչում, որ Կոնգրեսում արդեն հակասություն կա համամասնական ցուցակի հետ կապված: Եվ ոչ միայն ՀԱԿ-ում, այլ բոլոր դաշինքներում, անգամ կուսակցություններում ցուցակների հարցը շատ ցավոտ է: Քաղաքական տվյալ ուժի բոլոր գործիչները, բնականաբար, գտնում են, որ իրենք առավել արժանի են եւ պետք է զբաղեցնեն ցուցակի առաջին հորիզոնականները: Իսկ առաջին հորիզոնականները քիչ են եւ բոլոր ցանկացողների համար տեղ չկա: Օրինակ, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի դեպքում ասում են, որ ցուցակում տեղ կգտնեն նրանք, ովքեր շատ կվճարեն դրա համար եւ կուսակցությունների համար շատ ձայներ կապահովեն: Այնպես որ, այս հարցի հետ կապված խնդիրներ ունեն բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում եւ` Կոնգրեսը: Կոնգրեսը հատկապես, քանի որ բաղկացած է 18 կուսակցություններից: Այսպիսով` ի՞նչ սկզբունքով է որոշվելու ցուցակի ՀԱԿ-ի դասավորությունը: Նախ` եթե յուրաքանչյուր կուսակցությունից մեկական գործիչ է առանձնացվելու, եւ այդ ձեւով է կազմվելու առաջին 18 հորիզոնականի ցանկը, ապա հարց է ծագում` ո՞ր կուսակցություններն են զբաղեցնելու ամենաառաջին հորիզոնականները: Թե՞ ցուցակը կազմվելու է` հաշվի առնելով ոչ թե կուսակցությունների քանակը, այլ ընդհանրապես տվյալ գործչի վարկանիշը կամ հասարակության վրա ազդելու ունակությունը: «Բնականաբար, կան տարբեր կարծիքներ: Մեր խնդիրն է` ի վերջո գալ կոնսենսուսի սկզբունքների եւ ցուցակի վերաբերյալ: Ինչով եւ հիմա զբաղված ենք: Սա բավականին լուրջ պրոցես է»,- ասաց Լ. Զուրաբյանը:
2010թ. աշնանը Կոնգրեսը մի քանի հանրահավաքներ հրավիրեց, նաեւ մեկ շաբաթ շուրջօրյա հանրահավաք կազմակերպեց: Զանգվածային այդ միջոցառումները երբեմն` մարդաշատ, երբեմն էլ` խիստ սակավամարդ էին լինում: Այլեւս ակնհայտ էր, որ գարնանային հանրահավաքի հախուռն ալիքը աշնանն արդեն կոտրվել էր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀԱԿ-ը, որպեսզի նորից կարողանա համաժողովրդական ընդվզում բարձրացնել, վստահություն ձեռք բերել: Մտավախություն չունի՞ արդյոք ՀԱԿ-ը, որ համաժողովրդական նոր շարժումը կարող է չհաջողվել: «Դա միշտ էլ նկատելի է, 4 տարի է, նկատելի է: 4 տարի միշտ գարնանը լինում են մեր ամենահզոր հանրահավաքները, իսկ աշնանը` ավելի պակաս է: Սեզոնով է պայմանավորված: Մեր ռեսուրսի մոբիլիզացման վերաբերյալ կան լուրջ հաշվարկներ: Պիկին հասնում ենք այն ժամանակ, երբ դեռ Հայաստանում են գտնվում արտագնա աշխատանքի մեկնողները: Դա լինում է մինչեւ ապրիլը: Պիկի ենք հասնում նորից այն ժամանակ, երբ գյուղացիները զբաղված չեն գյուղատնտեսական աշխատանքներով: Դա էլ մինչեւ ապրիլն է լինում: Ի վերջո, կարեւոր հանգամանք է այն, որ միշտ ձմեռվանից հետո ժողովուրդն այդ զրկանքներն ապրելուց հետո ավելի է հակված լուրջ ընդվզման, փոփոխությունների: Նաեւ կարեւոր դեր է խաղում մարտիմեկյան հանրահավաքը, որն արդեն սիմվոլիկ նշանակություն ունի ժողովրդի համար: Դա մի օր է, երբ բոլորն իրենց վերաբերմունքն են հայտնում սեփական ժողովրդի դեմ զինված ուժեր գործածած իշխանության նկատմամբ: Սրանք գործոններ են, որոնք մշտապես բնորոշել են մեր հանրահավաքների պիկը փետրվար-մարտին»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Փաստորեն, ՀԱԿ-ը ոչ թե նոր քայլերի, իր նկատմամբ վստահության վերականգնման մասին է մտածում, այլ տարվա եղանակների համեմատ ժողովրդական տրամադրությունների հնարավոր տատանումներն է հաշվարկում: