ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը: Ավելին, Թամամյանը հրաժարվել է ծանոթանալ գործի նյութերին: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն արդեն ավարտել է Թամամյանի գործի նախաքննությունը եւ այն առաջիկայում կուղարկվի դատարան: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ռադիոկայանին փոխանցել է, որ Թամամյանը մեղադրվում է ՔՕ երկու հոդվածներով` 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով), եւ 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարով): Ըստ Ս. Տռուզյանի` Հ. Թամամյանի մեղադրանքում դրված է երկու դրվագ, որոնցից մեկը վերաբերում է Արաբկիրում տեղի ունեցած սպանությանը, իսկ մյուսը` Գավառում տեղի ունեցած սպանության փորձին: Նաեւ հավելել է, որ առաջադրված մեղադրանքների մասին լրացուցիչ մանրամասներ կներկայացվեն, երբ գործը ուղարկվի դատարան: Իսկ Հ. Թամամյանի փաստաբանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ Թամամյանը պնդում է, թե ինքը հանցագործություն չի կատարել: Ավելին` տեղյակ էլ չի եղել, թե Արաբկիրում տեղի ունեցած սպանության իրական մեղավորն ով է: «Որեւէ մեկը տեղյակ չի եղել, թե կատարողն ով է: Նրանք աշխատասենյակում նստած մտածում են, թե ինչ միջոցառումներ ձեռնարկեն որ կարողանան պարզել: Եվ այդ ընթացքում պարզվում է, որ կատարողը վիրավորված է եւ գտնվում է հիվանդանոցում: Հիվանդանոցում հարցաքննել են: Հետո եկել են քննիչը եւ համապատասխան աշխատակիցները ու զեկուցել են, թե իրականում դեպքը ինչպես է եղել եւ ով է կատարել: Մինչ դա որեւէ մեկը իրականում տեղյակ չի եղել»,- ասել է փաստաբանը: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է միայն Հովհաննես Թամամյանը պատասխանատվության ենթարկվել, փաստաբանը պատասխանել է. «Այ, այդ հարցին ես հստակ պատասխանել չեմ կարող»: