ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ հերքել է լուրերը, թե ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գնել է ավստրիական «Մոցարտ» շոկոլադի գործարանը: «Դա իրականությանը չի համապատասխանում: Մեր եւ շուկայի նոր անցած երկրներում է հնարավոր գնալ ու խոշոր ընկերություն գնել, բայց եվրոպական երկրներում խոշոր ընկերություն գնել այնպիսի մեխանիզմով, ինչպիսին մենք ենք պատկերացնում, անհնար է: Հայտարարում եմ` կլինի Գագիկ Խաչատրյանը, թե ՀՀ ցանկացած այլ քաղաքացի, որը կուզենա դրսում անշարժ գույք ձեռք բերել` մեխանիզմները դրսում տարբեր են: Բաժնետոմսեր կան, ցանկացած քաղաքացի կարող է նման բաժնետոմսեր ձեռք բերել: «Մոցարտի» հետ կապված ասեմ, որ դա մեր լրագրողների կամ տեղեկատվական աղբյուրների երեւակայության արդյունքն է: Այդ փաստը իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Ա.Ալավերդյանը: